«Մոսկվայի տան» ցուցասրահը երեկ այնքան մարդաշատ էր, որ կարծես խցանում էր առաջացել: Իսկ առիթը Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումն էր: Չկար մի լուսանկար, որ հանդիսատես չունենար:
Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» խորագրով ցուցահանդեսին
Մարդկանց անսովոր շատությունը մի բան էր հուշում՝ Մեչիտովի այցը Հայաստան ոգեւորող է: Ներկաներից շատերը գուցե առաջին անգամ էին իմանում նրա մասին, մյուս մասն էլ անհամբեր սպասում էր հեղինակավոր լուսանկարչի հետ գեթ մեկ սելֆիի: Իսկ Մեչիտովը ոչ մեկին չէր մերժում. ջերմորեն գրկում էր, լուսանկարվում, մակագրում լավագույն լուսանկարները, որոնք առանձնացրել էր հյուրերի համար, ու նվիրում: Շտապում էր նաեւ ձեռք մեկնել ու ողջունել նրանց, ում ձեռքին տեսախցիկ կար:
Ակներեւ էր, որ 67-ամյա վրացի լուսանկարիչը չի սպառել եռանդը. դիմախաղով շփվում էր ներկաների հետ, կատակում, հենց ցուցասրահում էլ լուսանկարում նրանց, ովքեր ցանկանում էին: Իհարկե, Մեչիտով կերպարը գրավել էր հյուրերի ուշադրությունը, բայց լուսանկարներն էլ նույնքան գրավիչ էին:
Ներկայացված սեւ ու սպիտակ լուսանկարներն արվել են Վրաստանում՝ վերջին 40 տարիների ընթացքում: Դրանք սուբյեկտիվորեն պատկերում են Վրաստանի նորագույն պատմությունը` իր խնդիրներով եւ ձեռքբերումներով: Կադրերում առաջնայինը գեղեցկությունը չէ, ինչն օրինաչափ է զբոսաշրջային լուսանկարչության դեպքում: Այստեղ հեղինակի խնդիրը եղել է արտացոլել իրեն հուզող իրականությունը, ցուցադրել իր կյանքի ճանապարհին հանդիպած մարդկանց դիմանկարները:
Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» խորագրով ցուցահանդեսին
«Այս լուսանկարներում գեղեցիկ ու ապահով Վրաստանը չէ, որին ծանոթ են զբոսաշրջիկները, սա այն երկիրն է, որն ունի խնդիրներ, թերություններ, բայց լավ հասարակություն, որի աչքերը թախծոտ են: Սա իմ Վրաստանն է»,- հանդիպման ժամանակ ասաց հեղինակը, բայց սահմանափակվեց ժլատ տեղեկատվությամբ` դիտողի երեւակայությունը գերլարելու համար:
Լուսանկարները դիտելիս անհնար է՝ չստեղծվի ներկայության պատրանք. ժպիտ, որը տանջանք է պատմում, դեմք, որը մի կյանքի պիես է ներկայացնում, մահ, որը հիշեցնում է, որ մեռնելն ապրելու վերջին կետն է:
Յուրաքանչյուր ստեղծագործություն բաղկացած է երկու նկարից, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր վայրերում: Հեղինակի կարծիքով՝ դրանց փոխազդեցությունը հարստացնում է ընկալումը, թանձրացնում տպավորությունը եւ բորբոքում մեր երեւակայությունը: Ֆոտոզույգերը փոխկապակցված են երբեմն տրամաբանորեն, հաճախ՝ զգայականորեն:
Նախկինում չհրապարակված այս գործերն առաջին անգամ ցուցադրվում են Երեւանում, այնուհետեւ ցուցահանդես կկազմակերպվի Մոսկվայում, Նյու Յորքում, Փարիզում եւ այլ քաղաքներում:
Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» խորագրով ցուցահանդեսին
Ցուցահանդեսի բացմանը մինչ հեղինակը կպատասխաներ մեր հարցերին, հպարտությամբ մի քանի հայերեն բառ արտասանեց` բարեւ ձեզ, շատ ուրախ եմ, բարի ախորժակ:
Զրույցի ժամանակ էլ անկեղծացավ՝ ասելով, որ թանկարժեք սարքերով չի աշխատում: Նրա տեսախցիկը հասարակ է. լուսանկարելիս չպետք է մտածի, որ հանկարծ կարող է սարքը վնասվել, իսկ այն շատ թանկ է:):
Հեղինակը կարծում է` այն մարկանց, ում նկարում է, երկրորդ կյանք է տալիս: Այդ լուսանկարների շնորհիվ նրանք միշտ կապրեն:
Մեչիտովը լուսանկարչությամբ հրապուրվել է մանկուց: Մինչ օրս իրականացրել է հարյուր ցուցահանդես Վրաստանում եւ արտերկրում: Մի քանի ֆոտոգրքերի հեղինակ է, որոնցից մեկը նվիրված է Սերգեյ Փարաջանովին:
Երեւանյան ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը: Մուտքն ազատ է:
Տեքստը՝ Լիանա Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: