×


Մոդել Մարինա Ավետյանի հետ Փարիզում տհաճ միջադեպ է պատահել

Մարինա Ավետյանը վերջերս է վերադարձել Հնդկաստան եւ Ֆրանսիա կատարած ուղեւորություններից: BRAVO.am-ը պատմել է, որ մոդելը Հայաստանում նորաձեւության ցուցադրությունների չի մասնակցում. նախընտրում է կարճաժամկետ պայմանագրերով մեկնել ու արտերկրում աշխատել:

Մարինա Ավետյանը


Նյու Դելիում աշխատելու առաջարկը նա ստացել է ռումինական մոդելային գործակալություններից մեկից.“Հնդկաստան այցելելն իմ մանկության երազանքներից մեկն է եղել: Տեսա ու հիացա Թաջ Մահալի դամբարան-տաճարով, որն աննկարագրելի գեղեցիկ է, ծանոթացա հնդկական բարքերին, մասնակցեցի մի շարք նկարահանումների, հետո նաեւ հանգստացա էկզոտիկ ու վայրի Գոա հանգստավայրում”: 

Մարինային Հնդկաստանում որպես մոդել աշխատելն այնքան է դուր եկել, որ եռամսյա պայմանագրի ժամկետը երկարացրել է ու չի մերժել նաեւ նորաձեւության շաբաթին մասնակցելու առաջարկը.“Հագուստի ցուցադրություններն այնքան շատ են, որ շաբաթական մի քանի անգամ դուրս էինք գալիս պոդիում: Հիշարժան էր դիզայներ Ռոբերտո Կավալիի խանութ-սրճարանի բացումը Նյու Դելիում, որին մասնակցելու հրավեր ստացա իմ տնօրենից: Նա ինձ համար անակնկալ ուներ. այդ օրը ծանոթացրեց հայ պարուհու հետ, որը Կրասնոդարից էր ժամանել եւ Հնդկաստանում իմ տեսած միակ հայն էր”:

Մարինա Ավետյանը


Մոդելի խոսքով` Հնդկաստանից ստացած իր տպավորությունները հակասական են.“Երբ տեսնում ես շատ աղքատ եւ ծայրահեղ հարուստ մարդկանց, բնականաբար, ցավ ես ապրում անտունների համար: Ձմռան ցրտին փոքր երեխաներն առանց հագուստի ճանապարհներին փող են մուրում, իրենց ծնողների համար բիզնես է, սերնդեսերունդ շարունակում են չաշխատել ու դրսում ապրել: Ցավոք, այնտեղ կանայք անտեսված են, նրանց իրավունքները հաճախ ոտնահարվում են”:

1մ 78սմ հասակով Մարինա Ավետյանը լուսանկարվել է հնդկական “Vogue”, “Cosmopolitan”, “Men’s Health”, “Marie Claire” եւ “Atelier” ամսագրերի համար. “Հնդիկները հիմնականում աշխատում են օտարազգի մոդելների հետ եւ իրենց ամսագրերում նկարահանում են ռուս, ուկրաինացի, մոլդովացի ու այլ ազգերի աղջիկների` նախապատվությունը տալով սեւահերներին: Ինչպես ընդունված է այս ոլորտում, մենք մի քանի մոդելներով բնակվում էինք նույն բնակարանում: Ուրախ եմ, որ բախտս բերել է եւ լավ մարդկանց եմ այնտեղ հանդիպել”:

Մարինա Ավետյանը


Մոդելային գործակալության հնդիկ տնօրենի հետ հայուհին շփվել է ռուսերեն լեզվով.“Նա երիտասարդ տարիներին սովորել է Օդեսայում` օգնություն ստանալով  հայ ընտանիքից, այդ պատճառով միշտ ցանկացել է Հայաստան գալ: Ինձ ասաց, որ մոտ ապագայում Երեւան գալու նպատակ ունի, ուզում է հայկական եկեղեցիները տեսնել ու նաեւ նախագիծ սկսել, որը կապված կլինի Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների հետ”:

“Փարիզում վայելեցի ոչ միայն տեսարժան վայրերը, այլեւ անձրեւները:)”

Հնդկաստանից Երեւան վերադառնալուց կարճ ժամանակ անց Մարինա Ավետյանն իր ընկերների խորհրդով 3 ամսով մեկնել է Ֆրանսիա.“Չնայած` Փարիզ աշխատանքի բերումով չէի մեկնել, բայց մոդել-ընկերուհիներիս աջակցությամբ մասնակցել եմ որոշ նկարահանումների ու ցուցադրությունների: 20 տարեկանից հետո մոդելների համար դժվար է լինում լուրջ պայմանագիր կնքել. հիմնականում ընտրում են 13-20 տարեկան աղջիկների: Բայց ինձ համար բացահայտում էր, որ կան նորաձեւության կենտրոններ, որոնք ընդունում են 25-անց աղջիկների, քանի որ “Haute Couture” ցուցադրությունների համար դիզայներներն ընտրում են ավելի կանացի կազմվածքով մոդելների: Նորեկի համար շատ դժվար է գալ ու գրավել Փարիզի նորաձեւության աշխարհը, պետք է շատ հաջողակ լինես կամ էլ լավ կապեր ու ընկերներ ունենաս այս ասպարեզում”:

Մարինա Ավետյանը


Մարինան հիմա ժպիտով է հիշում, բայց Փարիզում նրա հետ տհաճ միջադեպ է պատահել: Պարզվում է` գողացել են նրա պայուսակը, որում բացի կարեւոր իրերից, եղել է նաեւ անձնագիրը.“Ամենից շատ ափսոսում էի փաստաթղթերիս կորստի համար, բայց բարեբախտաբար, հիմա նորն ունեմ: Փարիզում վայելեցի ոչ միայն տեսարժան վայրերը, այլեւ անձրեւները:)”,-պատմել է մոդելը` հավելելով, որ Փարիզ մեկնել պատրաստվողներին խորհուրդ չի տալիս թանկարժեք զարդեր կրել. “Ֆրանսիան տեսել եմ ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ ծանոթացել եմ ներքին կյանքին, առավելություններին ու թերություններին: Կարծում եմ` Փարիզն այն քաղաքն է, ուր պետք է մեկնես սիրելի մարդու հետ:)”:

Մարինա Ավետյանը


Նա տեղեկացրել է, որ կրկին հրավեր ունի Հնդկաստանից եւ օգոստոսին կմեկնի` մասնակցելու նորաձեւության շաբաթի, իսկ հետագայում նպատակ ունի տեխափոխվել ու բնակություն հաստատել Փարիզում: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Ավետյանը 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW