×


Մոնիկա Մանուչարովա.«Չափահաս դառնալով՝ պիտի նոր քայլեր անեի, բայց…»

Մոնիկա Մանուչարովային կհիշեք «Մանկական Եվրատեսիլ-2008»-ից։ Գյումրեցի երգչուհին Հայաստանը ներկայացրեց «Իմ երգի հնչյունը» երգով՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Թե ինչով է այժմ զբաղվում 21-ամյա Մոնիկան եւ ինչ նորություններ ունի, BRAVO.am-ը պարզել է օրերս Գյումրի այցի ժամանակ, նաեւ ֆոտոշարք ենք իրականացրել «Սեւ բերդ» ամրոցի տարածքում:

Մոնիկա Մանուչարովան


Նա այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնի 4-րդ կուրսում, 11 տարեկանից երգում է «Տիրամայր Հայաստանի» երգչախմբում, 16 տարեկանից «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մենակատարներից է, նաեւ երգում է Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, հյուրախաղերով եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում:

«Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երեւան, բայց շաբաթ եւ կիրակի իմ հարազատ ու սիրելի Գյումրի եմ վերադառնում։ Հանգստյան օրերին պարտադիր «Տիրամայր»-ի փորձերին ենք, մեծ հաճույքով եմ գալիս։ Երգչախմբում երեւի ամենամեծը ես եմ, ինչպես ասում է Ռոբերտ Մլքեյանը, վետերան եմ:)։ Հիմնական երթուղիս Գյումրի-Երեւան, Երեւան-Գյումրի ճանապարհն է, առօրյաս մեծ մասամբ  անցնում է փորձերով»,-պատմել է երգչուհին:

Մոնիկա Մանուչարովան


Մոնիկան պարբերաբար երգում է երեւանյան ջազ ակումբում. «Իմ անհատական բենդը չունեմ, բայց երգում եմ տարբեր երաժիշտների հետ։ Ժանրային առումով դեռ չեմ կողմնորոշվել, ամեն ոճում երգում եմ՝ ժողովրդականից մինչեւ իսպանական։ Բացի հայտնի հիթերից, կատարում եմ իմ երգերը, երկու նոր երգ ունեմ վրացահայ հեղինակ Ազա Մանվելյանից, որոնք Հայաստանի եւ մայրիկի մասին են: Մեկն արդեն ձայնագրել եմ»։

Մոնիկա Մանուչարովան


Մեր հարցին, թե ինչու անհատական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում, նա պատասխանել է.«Դեռահասության շրջանում էի, այդ փուլից հետո պիտի նոր քայլեր անեի, բայց տարբեր պատճառներով չստացվեց։ Հիմնական պատճառը ֆինանսն է, քանի որ տեսահոլովակներ նկարելը գումարի հետ է կապված: Շատ կուզեի պրոդյուսերի հետ աշխատել։ Մոտ 8 տարի զբաղվել եմ լատինո պարերով, դադար էի վերցրել, բայց վերսկսել եմ պարի հաճախել։ Շատ եմ  սիրում լատինո ռիթմերը, ոչ միայն պարում եմ, այլեւ՝ երգում։ Հիմա ավելի շատ կենտրոնացել եմ արտերկրի մրցույթների վրա, մասնակցելն ինքնավստահություն է տալիս, տեսնենք, թե ինչ կստացվի»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW