×


Յանան, Միստր X-ը, Մկոն, Սոնան սիրում են, բայց ժամանակ չունեն

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրքային նախասիրություններին
BRAVO.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է: Ի՞նչ գրքեր են կարդում Յանա Դանիելյանը, Սոնա Շահգելդյանը, Նարինե Դովլաթյանը, Մկոն, Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, եւ Էմմա Չուգասզյանը, կներկայացնենք հիմա:):

Նարինե Դովլաթյանը


Երբ հիասթափվում է Նարինե Դովլաթյանը


Վիլյամ Սարոյանը երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանի սիրելի գրողն է. “Սարոյանի պատմվածքները պարբերաբար կարդում եմ, կոպիտ կհնչի, բայց Սարոյանն ինձ համար կարծես Աստվածաշունչ լինի, որովհետեւ ամեն վերընթերցելուց նոր բան եմ հասկանում”:

Նարինեն վաղուց է, ինչ գիրք չի գնել, բայց հիշում է վերջին անգամ երկու օրինակ է գնել՝ մեկն իր համար, մյուսն էլ՝ նվիրելու: “Ջազի պատմության մասին գիրք էր. ռուսերեն տարբերակն ինձ պահեցի, հայերենը նվիրեցի:)”,-BRAVO.am-ին պատմել է նա` ավելացնելով, որ գիրքն ընթերցելիս մատիտով սիրում է նշումներ անել. “Հաճախ խոսում եմ հերոսների հետ, իմ մտքերն եմ ավելացնում կամ տետր եմ պահում, ինձ դուր եկած աֆորիզմային մտքերն արտագրում եմ. այս պահին հիշեցի իմ սիրած աֆորիզմներից մեկը՝ “Երբ մեկից հիասթափվում ես, էլ չես կարող նրան սիրել””:

Երգչուհու համար ամենատպավորիչ գիրքը Չարլի Չապլինի ինքնակենսագրականն է, որը վերցրել է իր վոկալի դասատուից, նշումներ է արել ու չի վերադարձրել:).“Իմ կարդացած գիրքը մնաց ինձ, դասատուիս համար նորը գնեցի, եթե չգտնեի, էլի պահելու էի ինձ:): Այս գիրքը կարեւոր դեր է խաղացել իմ կյանքում: Նրա խորհուրդները, իր աղջկան ուղված նամակն այնքան իմաստ ունեն, որ ինքս փորձում եմ խորհուրդներին հետեւել: Սիրում եմ կենսագրականներ կարդալ, շատ լավն էր նաեւ Կոմիտասի մասին պատմող գիրքը”:

Էմմա Չուգասզյանը


Էմման իր հոր գիրքն է գնել

Էմմա Չուգասզյանը ներկայումս ընթերցում է մասնագիտական գրականություն. իր մագիստրոսական թեզի համար կարդում է կիլիկյան մանրանկարչության մասին Իրինա Դրամբյանի “Հեթում Բ արքայի Ճաշոցը” գիրքը:

Մոդելը նշել է, որ վերջերս ֆրանսերենով ընթերցել է Մարտինա Մոնոյի “Ամպը”. “Լեզուն չմոռանալու համար գեղարվեստական գրականություն եմ կարդում, բայց էլեկտրոնային տարբերակ չեմ ընդունում, նախ` աչքերին է վնաս, հետո դժվար նույն հաճույքը ստանաս, ինչ գիրք թերթելուց: Երբեմն էլ նույն գրքի ֆիլմն եմ նայում, սիրավեպերի էկրանավորումը հաջողված է լինում, բայց լինելով կինոսեր` գրքային տարբերակն էլ կարդում եմ, չեմ անտեսում”:

Վերջին անգամ նա գրախանութից գնել է ոչ ավել, ոչ պակաս` իր հոր՝ Լեւոն Չուգասզյանի “Արշակ Ֆեթվաչյան” գիրքը. “19-րդ դարասկզբի հայտնի նկարչի մասին հայրս գիրք էր թողարկել, տան եղածը բաժանել էինք: Քանի որ ես էլ արվեստաբան եմ, դրա կարիքն ունեցա ու ձեռք բերեցի գրախանութից”:

Արթուր Հակոբյանը սիրելիի հետ


Միստր X-ը չի՞ հիշում

Արթուր Հակոբյանը մեզ BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ներկայումս գիրք չի կարդում, վերջին կարդացած գիրքն էլ եղել է Էռնեստ Հեմինգուեյի “Ծերունին եւ ծովը”. “Դրանից առաջ Վիկտոր Հյուգո էի կարդում անգլերենով, բայց չեմ հիշում վերնագիրը: Հիշեցի, վերջերս ռուսերեն տարբերակով բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի “Ալքիմիկը” կարդացի ու հավանեցի: Վերջերս Էջմիածնում նվեր ստացա Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու “Խրատի թանգարան” գիրքը, որը մինչեւ վերջին տողը կարդացել եմ:)”:

Երգիչը շեշտել է, որ դպրոցական տարիներին ավելի շատ է կարդացել, քան հիմա. ““Կոմս Մոնտե-Քրիստո”-ից սկսած մինչեւ հայ գրականության տարբեր հեղինակների կարդացել եմ, անուններն արդեն չեմ հիշում: Ցավոք, հիմա շատ ազատ ժամանակ չի լինում, որ ինքնակրթությամբ զբաղվես: Եթե գիրք են կարդում, ուրեմն լեզու են սովորում կամ մասնագիտական գրքեր են կարդում, գեղարվեստական գրականություն կարդալու հերթ չի հասնում”:

Յանա Դանիելյանը (Լուսանկարը` Արվին Քոչարյանի)


Յանան ժամանակ չունի

Յանա Դանիելյանն այժմ որեւէ գիրք չի կարդում, իր խոսքերով, ժամանակ չունի ընթերցելու համար: Իր աղջկա՝ Ադելի համար էլ հեքիաթներ չի կարդում. “Դեռ փոքր է, բայց շուտով կսկսենք կարդալ”:

Նրա կարդացած վերջին գիրքը եղել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի “Ֆաուստը”. “Շատ-շատ հավանեցի, հետաքրքիր էր: Սովորաբար նույն գիրքը երկրորդ անգամ չեմ կարդում, մանավանդ գեղարվեստական գրականությունը”:

Հաղորդավարուհին որպես իր ամենասիրելի ստեղծագործություն նշել է Ֆյոդոր Դոստոեւսկու “Ոճիր եւ պատիժ” վեպը. “Գլխավոր հերոսը, ցավոք, անունը չեմ հիշում, տպավորվել է մեջս: Ռուսերեն եմ կարդացել. ես ռուս գրականությունն ավելի հեշտ եմ ընկալում, հայ գրողների գործերը շատ չեմ կարդացել, իսկ պոեզիա այնքան էլ չեմ սիրում”:

Մկոյի ընտանիքը


Մկոյի ժամանակներին

Մկրտիչ Արզումանյանը BRAVO.am-ին ասել է, որ ներկայումս ինքն էլ չի ընթերցում, ժամանակին կարդացել է Ագաթա Քրիստիի դետեկտիվ գործերը, վերջերս էլ նվիրելու նպատակով գնել է գրողի հատորներից մեկը. “Ինքս սիրում եմ պատմական, դետեկտիվ, ֆենթազի ժանրի գրքեր կարդալ, հիմնականում կարդում եմ արտասահմանյան գրականություն՝ ռուսերեն լեզվով: Իսկ հայերեն կարդացել եմ Սենկեւիչի “Յո յերթաս”-ը. հիանալի թարգմանություն էր”:

Ինչպես պարզեցինք զրույցի ընթացքում. “կարգին” Մկոն նախընտրում է արձակ գործեր, բանաստեղծություններ կարդալ չի սիրում. “Կան գործեր, որոնց հիման վրա կարելի է սցենար գրել, բայց գիրքը կարդալուց տպավորությունն այնքան ուժեղ է լինում, այնքան մասշտաբային են գործողությունները, որ մտքովս չի անցնում դրանք իրագործել ֆիլմի տեսքով:)”:

Հումորիստ-դերասանը նաեւ ասել է, որ տանը բավական շատ գրքեր ունեն, երեխաների համար նոր գրքեր չի գնում. “Աղջիկս հիմա կարդում է Վիլյամ Սարոյան: Բայց կա մեկ համատարած խնդիր, որի անունն է համակարգիչ:): Իմ երեխաներն էլ հենց հնարավորություն են ունենում, համակարգչի դիմաց են նստում, ինձ թվում է՝ անհնարին է համոզել, որ գիրք կարդան, ժամանակները փոխվել են, երեխաներն էլեկտրոնային են սիրում, մեր ժամանակ էին ավելի շատ գիրք կարդում”:

Սոնա Շահգելդյանը


Հուզված Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանն իր դպրոցական տարիների կարդացած գրքերից հիշեց “Վերք Հայաստանի”-ն. “Խաչատուր Աբովյանի այս գործը դժվար է ընկալվում, մի անգամ կարդալը շատ քիչ է իմաստը հասկանալու համար: Դպրոցում սովորելու տարիներին ավելի շատ էի կարդում, հումանիտար առարկաները սովորում էի: Ընդունակ եմ եղել, որ ավելի շատ պարապեի, աշխատեի ինձ վրա, ավելի լավ կսովորեի: Հիմա ավելի քիչ ժամանակ է լինում գիրք ընթերցելու համար:”

Երգչուհին չի հիշում, թե վերջին անգամ ինչ գիրք է գնել, փոխարենը հիշում է նվեր ստացած գրքերը, որոնք, իր խոսքերով, ընթերցում է ազատ ժամանակ. “Աշոտ Լյուդվիգովիչը ծննդյանս օրվա առիթով շատ ընտիր գիրք է նվիրել, որը պատմում է համաշխարհային աստղերի մասին. արդեն կարդացել եմ Պավարոտիի, Մոնսերատ Կաբալյեի, Դոմինգոյի, Մայքլ Ջեքսոնի, Ռեյ Չարլզի կենսագրությունները: Սիրում եմ հայտնի մարդկանց կյանքի մասին տեղեկանալ, Մերլին Մոնրոյի մասին կարդալուց շատ հուզվել էի”:

Սոնան երբեմն կարդում է Պարույր Սեւակի գործերը, հիշեց, որ իր երգերից մեկն էլ Համո Սահյանի բանաստեղծությունն է՝ “Առ քո թեւերին, տար ինձ, ժամանակ”: Խոսելով իր կարդացած գրքերի մասին՝ Սոնան նշել է, որ վերջին շրջանում ընթերցել է Բալզակի “Շագրենի կաշին” փիլիսոփայական վեպը. “Անկեղծորեն ասում եմ, որ շատ դժվար եմ ընթերցել, բայց փորձում եմ ավելի շատ կարդալ: Ափսոս, որ փոքր տարիքում ամեն ինչ չէի սովորում, միայն իմ սիրած առարկաները, բայց հետո ուզում ես ավելի շատ բաներ կարդացած լինես…Տեղը հիմա եմ լրացնում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ անձնական արխիվներից

Կարդալ ավելին

Quality Sign BW