×


Յուրի Շեւչուկ.\"Ռոքը Երեւանն է\"

Ռուսական ռոքի լեգենդներ “ԴԴՏ” խումբն ու անփոխարինելի ֆրոնթմեն Յուրի Շեւչուկը երեկ` հունիսի 16-ին, ռոքեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը: Երաժիշտներին լսելու էին եկել փոքրից մեծ բոլոր նրանք, ովքեր մեծացել ու դաստիարակվել են` ազատության, փիլիսոփայական ու սոցիալական սուր խնդիրների մասին երգող այս խմբին լսելով:

Յուրի Շեւչուկը


Ժամը 19:00-ին նախատեսված համերգը սկսվեց փոքր-ինչ ուշացումով: Այդ ընթացքում դահլիճում հավաքվածները ծափահարում էին` բեմ հրավիրելով նրան, ով Հայաստանում երբեք չի եղել, ում երգերը լսել են մանկուց, ով կոչ է արել լինել ազատ ու չվախենալ… 20 րոպե անց նա` Յուրի Շեւչուկը, բեմ դուրս եկավ:

“Բարեւ ձեզ”. հայերեն ողջունեց հավաքվածներին Շեւչուկն ու ասաց, որ իրենք եւս սպասում էին ուշացողներին.“Չուշացող հանդիսատեսը պարտավոր չէ սպասել, այնպես որ սկսում ենք, բայց պարտերում ազատ տեղեր կան, վերեւում նստողներ, իջեք ներքեւ պարելու”: Նրա այս խոսքերից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, շրջադարձային տրիբունայից ներքեւ իջնել ցանկացողները շատ էին, բայց այն, միեւնույն է, մարդաշատ էր:

"ԴԴՏ" ռոք-խմբի երեւանյան համերգին


Բեմում հայտնվեցին նաեւ բենդի մյուս անդամները` բաս-կիթառահար Ռոման Նեւելեւը, հարվածային գործիքներ նվագող Արտյոմ Մամաեւը, կիթառահար Ալեկսեյ Ֆեդիչեւը, վոկալիստուհի Ալյոնա Ռոմանովան, տրամբոնահար Անտոն Վիշնյակովը, փողահար Իվան Վասիլեւը եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Կոնստանտին Շումայլովը: Երաժիշտները ներկայացան “Сольник” համերգային  ծրագրով, որի գաղափարը ծնվել է Շեւչուկի հեղինակած բանաստեղծությունների համանուն հավաքածուի տպագրությունից հետո: Այս ստեղծագործությունների հնչողությունը մի փոքր այլ է, քան “ԴԴՏ”-ի ավանդական երգերինը:

Յուրի Շեւչուկը


“Արտյոմ Մամաեւի, Ալեկսեյ Ֆեդիչեւի, Ալյոնա Ռոմանովայի` խմբում հայտնվելուց հետո սկսեցինք ավելի ժամանակակից ռոք նվագել, որի խորքում թաքնված դրամա կա: Այս ամենին ավելացրել ենք փսիխոդելիկ, ակուստիկ եւ սիմֆոռոքի հնչյուններ: Ձեզ համար նոր երգեր ենք բերել, ծրագիրը շատ “կենդանի” է. երգերը սկզբից թակում են դուռն ու ներառվում ծրագրում, հետո, երբ հոգնեցնում են մեզ, դուրս ենք հանում նրանց”,-ասաց Շեւչուկը:

“Сольник”-ը իմպրովիզացիոն ներկայացում հիշեցրեց, որի ընթացքում Շեւչուկի ստանձնած  գլխավոր դերի հետ մեկտեղ երկրորդական դերեր չկան. բենդի յուրաքանչյուր ներկայացուցիչ առանձին գույն է, առանց որի համերգ-ներկայացման բուրգը կքանդվի: Շեւչուկը համերգը սկսեց սեփական բանաստեղծություններից մեկի արտասանությամբ, որի ընթացքում դահլիճ իջավ, սեղմեց նստածների ձեռքն ու ողջունեց հայ ռոքասերներին."Ռոքը Երեւանն է":

“Երեւանը պաթետիկ չէ, մարդկանց աչքերը փայլում են, հոգ տարեք ձեր քաղաքի, նաեւ Թեղուտի մասին: Զգում եմ, որ դահլիճում հավաքվել են արվեստասերներ, շնորհակալ եմ եւ ուրախ տեսնել բոլորիդ այստեղ”,-ասաց նա ու կատարեց “В очереди за правдой” երգը:

Յուրի Շեւչուկը եւ Ալյոնա Ռոմանովան


Շեւչուկի երեւանյան համերգը երկխոսություն էր հանդիսատեսի հետ` փիլիսոփայական, երբեմն դրամատիկ, համեմված երաժշտին հատուկ հումորով ու հեգնական անցումներով: Նա անդադար քայլում էր բեմում, խոսում հանդիսատեսի հետ ու հարցնում` “Ի՞նչ երգեմ”:

Համերգի ընթացքում սոլո կատարումներով հանդես եկան նաեւ յուրահատուկ խարիզմա ունեցող Ալյոնա Ռոմանովան եւ կիթառահար Ալեկսեյ Ֆեդիչեւը: Վերջինս ներկայացրեց իր երեխայի ծննդյան առիթով գրված ստեղծագործություն: Համերգը կարծես երկու մասի բաժանվեց` նոր երգեր ներկայացնող “ԴԴՏ” խումբ, իսկ հետո սկսեցին հնչել հին ու սիրված երգերը, եւ դահլիճը ոտքի կանգնեց:

Համերգից առաջ Յուրի Շեւչուկը խոստացել էր` “Ինչքան ուզեք, այնքան էլ նվագելու ենք”, այդպես էլ եղավ. անդադար ծափահարությունների ու բացականչությունների ներքո հարազատ “Эй, начальник” գոռացող Շեւչուկին արդեն անհնար էր կանգնեցնել.“Սիրահարվել եմ ձեր փայլուն աչքերին”,-ասաց Շեւչուկն ու շարունակեց ելույթը:

"ԴԴՏ" ռոք-խմբի վոկալիստ Ալյոնա Ռոմանովան


Երաժիշտները լքեցին բեմը, հանդիսատեսը շարունակեց ծափահարել ու բացականչել` “осень”: Շեւչուկը բենդի հետ մի քանի անգամ վերադարձավ բեմ ու շարունակեց երգել հին ու սիրված երգեր, բայց թվում էր, թե այդքան ցանկալի “Что такое Осень” երգը այդպես էլ չի հնչի:
““Осень” երգն էլ կերգեմ, բայց մինչ այդ սպասեք այլ բաներ երգենք”,-ասաց նա` կատարելով “Это все” երգը:

Դահլիճը հոտնկայս երգչի հետ երգում էր ու կրակայրիչներով կամ հեռախոսի լույսերով լուսավորում մթությունը: Վերջապես հնչեց  “Что такое Осень”-ը: Հանդիսատեսին արդեն անհնար էր հանդարտեցնել, իսկ Շեւչուկը չէր էլ պատրաստվում, էմոցիոնալ մթնոլորտը նա էլ ավելի թեժացրեց “Родина” երգով: “Հրավիրեք, ու անպայման կվերադառնանք”,-ասաց նա ու հրաժեշտ տվեց հանդիսատեսին, ինչից հետո դեռ երկար հնչում էին ծափահարությունները:

Յուրի Շեւչուկը


Սա Շեւչուկի առաջին այցն էր Հայաստան.“Հզոր մշակույթ ու ավանդույթներ ունեք, լավ տեղյակ եմ ձեր պատմությանը, այդ ամենը մեզ շատ է հետաքրքրում: Միշտ ցանկացել եմ գալ Հայաստան ու համերգ տալ: Մի անգամ ինձ ասացին, որ Երեւանում երիտասարդություն չկա, որ բոլորքը մեկնել են քաղաքից, այսօր ուրախ եմ, որ սխալ տեղեկություն էի ստացել”,-ասաց երաժիշտը:

Նշենք, որ “ԴԴՏ”-ի երեւանյան համերգը կայացավ “Բոլորն ուղեւորվում են Երեւան” նախագծի շրջանակում` ազդարարելով դրա փակումը: Կազմակերպիչը “Mezzo Production”-ն էր, իսկ ինֆորմացիոն հովհանավորներից մեկը` BRAVO.am-ը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին