×


Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը եւ մյուսները` “կանաչ” Երեւանի մասին

Մաշտոցի այգու խնդրին, իհարկե, անտարբեր չեն մնացել նաեւ հայ մշակութային գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Հանրային պուրակը մասնավոր կառուցապատումից ազատագրել ցանկացողներին սատար կանգնողների թվում են Արթուր Իսպիրյանը, Երվանդ Մանարյանը, ԴերՀովան, Arni Rock-ը, Հովոն` Հովհաննես Ազոյանը, Հայկոն` Հայկ Մարությանը եւ ուրիշներ:

Նազենի Հովհաննիսյանը (Լուսանկարը` Վիգեն Մնոյանի, ոճը` Արմեն Երիցյանի)


Թեման լայնորեն քննարկվում է նաեւ սոցիալական ցանցերում: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն է կանաչ տարածքների պահպանման խնդիրը գեղագիտորեն մատուցել` ներկայացված նկարի հետ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակելով հետեւյալ գրառումը. “Անծառ այգիները լավ են, եթե ցորեն են ցանելու: Մի՛ սպանեք մեր քաղաքը, որ հետո արհեստական ծառերով մեզ չխաբենք!!!:(”:

Արմինե Հայրապետյանը


Նազենին նաեւ նշել է, որ “չի կարելի անձնավորել Մաշտոցի այգու խնդիրը, պետք է առանց անձնական վիրավորանքների, խոնարհությամբ եւ հաստատ կամքով պայքարել”: Հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն էլ “բուտիկների” արանքում մնացած ծառի նկար է տարածել հետեւյալ մեկնաբանությամբ. “Մեր քաղաքի ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ծառերը… կոկորդս սեղմվում է այս ծառի բնի պես”: 

Շուշան Պետրոսյանը


“Կվերադառնամ Երեւան ու առանց դրանից պատմություն սարքելու, լուռ ու մունջ կգնամ իրենց մոտ… Թռչկանի ջրվեժից հետո ես ուղղակի կարծում եմ, որ մի խումբ երիտասարդներին, որպես հայի լավագույն նմուշ, պետք է աջակցել ամեն բանում, բայց աջակցելը վերեւների գործն է, մեր` սովորական քաղաքացիների խնդիրն էդ էրեխեքի կողքին լինելն է”,-իր էջում էլ այս գրառումն է կատարել Ավստրալիայում գտնվող Շուշան Պետրոսյանը: Մաշտոցի պուրակի պահապաններին միանալու իր որոշման համար երգչուհին շնորհակալություն չի սպասում. “Ոնց որ շնորհակալություն ասվի մեկին, որը թույլ չի տալիս իր տունն ավիրել”:

Աստղիկ Սաֆարյանը


Ուսումը շարունակելու նպատակով արդեն երկար ժամանակ Իսպանիայում բնակվող Աստղիկ Սաֆարյանին էլ է հուզում Երեւանի կանաչ տարածքների խնդիրը: “Պետք է ասեմ, որ ինձ համար իսկապես շատ ցավալի եւ անսովոր կլինի տեսնել այդ այգին վերափոխված վիճակում, քանի որ իմ մանկությունը եւ գիտակցական պատանեկությունն անցել է այդտեղ:  Ոչ ոք քաղաքի գեղեցկությունը կամ լավը լինելը չի չափում բուտիկների քանակով: Հատկապես այն դեպքում, երբ մեր Երեւանում շատ քիչ են այգիները, որտեղ մարդիկ ուղղակի կարող են զբոսնել եւ ժամանակ անցկացնել: Շատ լավ կլիներ, եթե դրանց թիվը նվազելու փոխարեն ավելանար”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին: 

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` երգիչների անձնական արխիվներից

Կարդալ ավելին

Quality Sign BW