Բելգիաբնակ հեղինակ-կատարող Նառա Նոյանի՝ Եվրոպայում գործունեության մասին BRAVO.am-ն առիթ ունեցել է պատմել, այս անգամ նա հանդես կգա Երեւանում եւ Արթիկում։ Բազում միջոցառումների մասնակցած երգչուհին առաջին անգամ է ելույթ ունենալու հայրենիքում: Նա մեզ հետ զրույցում խոսել է այն անակնկալների մասին, որ պատրաստել է հայրենակիցների համար։
Նառա Նոյանը
«Շատ ուրախ եմ եւ հուզված. կարծես սիրային հանդիպման պատրաստվեմ։ Գալիք համերգներն ինձ համար առաջին անգամ սիրեցյալի հետ հանդիպելու նման մի բան են, սրտի թրթիռով եմ սպասում։ Վստահ եմ՝ ջերմ, մտերմիկ եւ սիրով լեցուն հանդիպումներ կլինեն»,-անկեղծացավ երգչուհին։
Ապրիլի 7-ին «Գաֆեսճյան» կենտրոնում Նառան կհնչեցնի ֆրանսիական շանսոն, հայկական եւ ռուսական ավանդական երաժշտություն ու, իհարկե, հեղինակային երգեր։ Ինչպես իր բոլոր համերգներին, կկատարի նաեւ մայրիկի՝ Ժաննա Բլբուլյանի ստեղծագործություններից։ Արվեստագետների ընտանիքում մեծացած արտիստն այս տարի համագործակցել է նաեւ մորեղբոր` Լեւոն Բլբուլյանի հետ, ում հեղինակած խոսքերով էլ նոր երգ է ստեղծել։
Նառա Նոյանը
Խմբերի հետ համագործակցության երկար տարիների փորձ ունեցող երգչուհին այս անգամ կներկայանա նորովի՝ սոլո կատարումներով` դաշնամուրի ընկերակցությամբ։
Նառան, սակայն, բեմը կկիսի իր հյուրերի` վոկալիստներ Նաիրա Մանուչարյանի եւ Արայիկ Գրիգորյանի հետ: Հանդիսատեսին սպասվում են երաժշտական անակնկալներ։
Երեւանի իր սիրելի վայրերում շրջելով՝ նա նշեց, որ թեեւ միշտ էլ կապ պահպանել է հայրենիքի հետ, մեծ ցանկություն ունի կապը խորացնել եւ այստեղ հաճախ ելույթ ունենալ.«Երբ նոր էի տեղափոխվել Փարիզ, որտեղից էլ հետո Բելգիա գնացի, հիվանդացա. ինձ արմատախիլ եղած ծառի պես էի զգում, իսկ Հայաստան գալուց ինձ թվում է, թե արմատներս նորից հողին են դիպչում, ես էլ փորձում եմ ավելի խորացնել»։
Նառա Նոյանը
Նառա Նոյանը շեշտեց՝ եւս մի կարեւոր առաքելություն ունի այստեղ՝ պատրաստվում է բարեգործական համերգ տալ Արթիկում՝ ապրիլի 12-ին.«Հասույթով կփորձենք օգնել ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների։ Ինձ ասել են, որ նրանք նաեւ իմ երաժշտությունն են լսում՝ որպես թերապիա, ես էլ ուզում եմ նրանց աջակցել եւ շնորհակալություն հայտնել դրա համար»։
Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: