Լոս Անջելեսում ապրող կինոռեժիոր Նարե Մկրտչյանի` Հայոց ցեղասպանության մասին «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում` «շորթլիսթում»:
Ռեժիսոր Նարե Մկրտչյանը
BRAVO.am-ն ամռանը հարցազրույց է ունեցել ամերիկաբնակ ռեժիսորի հետ, երբ նա ժամանել էր Երեւան՝ մասնակցելու ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որ տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում: Նրա հեղինակած ֆիլմը կարճամետրաժ 9 այլ ֆիլմերի հետ կպայքարի հեղինակավոր մրցանակի համար: Ցանկը կարող եք տեսնել «Օսկար»-ի պաշտոնական կայքում։
Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի
Ինչպես տեղեկացրել է Նարեն, «Տան մյուս կողմը» «Օսկար»-ին ներկայացրել է ֆիլմի պրոդյուսեր Ռոբ Ֆրիդը, որը «Feeln Company»-ի հիմնադիրն է.«Երբ իմացա, որ ֆիլմս կարճ ցանկում է, երջանկությունից եւ ուրախությունից արտասվեցի։ Հատուկ որոշել էի աշխատել ոչ հայ պրոդյուսերի, օպերատորի, մոնտաժողի հետ՝ մտածելով, որ նրանք այնպես կներկայացնեն, որ այլ ազգերին կհետաքրքրի»:
Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի
«Տան մյուս կողմ»-ի հերոսուհի Մայան ազգությամբ թուրք է, ով տարիներ անց բացահայտում է, որ իր նախատատը փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին, եւ ինքն արմատներով հայ է։ Հերոսուհին ռեժիսորի հետ 2015-ին գալիս է Հայաստան եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելում Ծիծեռնակաբերդ։ Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Մեծ եղեռնից: Նա ցանկացել է ֆիլմ նկարահանել Ցեղասպանության հետեւանքի մասին, որն ավելի շատ ուղղված կլինի օտարներին:
Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 6-ին, ռեժիսորը կմասնակցի «Արփա» 19-րդ միջազգային կինոփառատոնին։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: