×


«Վերապրեցի Էլվինայի պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիեւա

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» մոնոդրաման նվիրված է հայկական ջազի թագուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակին։ Պրեմիերան տեղի է ունեցել երգչուհու ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին:

Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծում էր, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, սակայն հուրախություն բոլորի՝ Էլվինայի կերպարով հետաքրքրված են նաեւ երիտասարդները:


«Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են մի բարդ, խորքային ու էպատաժային կնոջ։ Ներկայացումը նաեւ հզոր ուղերձ է մեր հասարակությանը. հաճախ չենք գնահատում մեր տաղանդավոր մարդկանց նրանց կյանքի օրոք։ Այս ներկայացումը հենց այդ չկայացած գնահատանքի ուշացած փորձն է՝ սերնդի կողմից սերնդին փոխանցվող հարգանքի ու հիշատակի ձեւով»,- նշել է նա:

Ներկայացման հիմքում խորհրդավոր երկխոսությունն է մոր հետ, որի խորհրդանշական կերպարի միջոցով բացվում են Էլվինա Մակարյանի կյանքի տարբեր փուլերը՝ մինչեւ 2007 թվականի չկայացած երեւանյան համերգը Օպերային թատրոնում: Ջազ-բենդի մասնակցությամբ համերգն ինչ-ինչ պատճառներով չեղարկվում է։ Ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանը նաեւ այդ համերգի ռեժիսորն էր։ Էլվինան հատկապես ոգեւորված էր սպասվող ելույթով՝ ԱՄՆ-ից ուղարկելով ձայնային հաղորդագրություններ, որոնք այժմ օգտագործվել են ներկայացման մեջ։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց համերգը չեղարկվեց, եւ երկու ամիս անց երգչուհին հեռացավ այս աշխարհից։


Բեմը բաժանված է երկու մասի՝ հանդիսատեսին տեղափոխելով Էլվինայի կյանքի տարբեր փուլեր ու ներաշխարհ։ Էլվինա Մակարյանի կերպարը բեմում մարմնավորում է ջազ երգչուհի Իլոնա Սագիեւան, որը, ըստ ներկաների, ոչ թե պարզապես խաղում է, այլ ապրում է Էլվինայի դերը։ Հաջորդ անգամ նա Երգի պետական թատրոնի բեմում կլինի նոյեմբերի 16-ին:

«Երբ իմացա, որ ինձ է վստահվել Էլվինա Մակարյանի դերը, միաժամանակ մեծ ուրախություն ու պատասխանատվություն զգացի։ Էլվինան ինձ համար պարզապես երգչուհի չէ. նա դարաշրջան է, էներգիա եւ լույս։ Ես ինձ խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրա կերպարը ներկայացնեմ արժանապատվորեն։ Նրա երգերը վաղուց էին իմ հոգու մի մասը, բայց այս անգամ բեմում խոսքը միայն երաժշտության մասին չէր։ Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը։ Այդ ընթացքում ես ինքս էլ զգացի, որ շատ բաներով նման ենք՝ խառնվածքով, անկեղծությամբ, ազատությամբ։


Երբ սկսեցի խաղալ, չէի փորձում նրան նմանակել. ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Նույնիսկ Էլվինայի հարազատներն էին ասում, որ բեմում նրա էներգիան է զգացվում։ Դա, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է յուրաքանչյուր դերասանի համար։

Առանձին հիշարժան է փոքրիկ խաչը, որը ռեժիսոր Արթուր Սահակյանը նվիրեց ինձ՝ նշելով, որ այն ժամանակին Էլվինան էր նվիրել իրեն։ Այդ խաչը հիմա իմ բեմական թալիսմանն է․ այն ինձ հետ է ամեն ներկայացման ընթացքում՝ որպես Էլվինայի ներկայության նշան», - պատմել է Սագիեւան։


Նրա կարծիքով՝ եթե Էլվինան այսօր ողջ լիներ, գուցե այս ներկայացումը երբեք չծնվեր. «Եթե նա այստեղ լիներ, ես միայն ուրախ կլինեի՝ գիտակցելով, որ նա ապրում է իր սիրած Երեւանում, եւ այդ դեպքում ներկայացման անհրաժեշտությունը պարզապես չէր լինի։ Իսկ հետո՝ ամենավերջում, գուցե ծնվեր արդեն նրան նվիրված ֆիլմը: Բայց քանի որ կյանքը այդպես չդասավորվեց, ես ինձ համարում եմ նրա ձայնը բեմում։ Եթե իմ խաղով կարողանում եմ մեկ անգամ եւս արթնացնել նրա ներկայությունը մարդկանց սրտերում, ուրեմն մեր գործն իսկապես հաջողվել է»։

Ներկայացման սցենարի հեղինակն է լրագրող Ռուզան Մինասյանը, ով եղել է Էլվինա Մակարյանի մտերիմ ընկերներից։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW