Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` “Չուխաջյանֆեստ”-ի շրջանակում երեկ` նոյեմբերի 26-ին, “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացել է 23-ամյա թավջութակահար, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանի մենահամերգը, որի ընթացքում նրան նվագակցել է մայրը` դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը:
Գայանե եւ Նարեկ Հախնազարյանները
“Այժմ ավելի քիչ եմ ներկայանում տղայիս հետ համատեղ ելույթներով, քանի որ նա բազմաթիվ հրավերներ է ստանում հայտնի դաշնակահարներից: Բայց միայն ուրախ եմ դրա համար. տարբեր դաշնակահարների հետ ելույթ ունենալն ավելի հետաքրքիր է: Նարեկին, յուրաքանչյուր մոր պես, միայն լավ ապագա եմ ցանկանում: Ուզում եմ, որ այս ոգով շարունակի”,-ասել է Գայանե Հախնազարյանը, իսկ Նարեկը հավելել հետեւյալը.“Մայրիկի հետ նվագելը ուրիշ է, ավելի հեշտ, որովհետեւ միմյանց շատ լավ ենք զգում: Ես բախտավոր եմ, որ կարող եմ մայրիկիս հետ միեւնույն բեմում հանդես գալ”:
Երեկոն նվիրված է եղել հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Համերգի ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Էդուարդ Հայրապետյանի եւ Սուրեն Զաքարյանի ստեղծագործություններից:
Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունեցել "Չուխաջյանֆեստ"-ի շրջանակում
“Այս ծրագիրը ինձ համար նոր է, կարելի է ասել` պրեմիերա է: Շատ մեծ հաճույքով եմ պատրաստվել: Յուրաքանչյուրն էլ արժանի գործեր են, որոնք, հուսով եմ, կներկայացնեմ միջազգային բեմերում, սակայն ուզում եմ առանձնացնել Էդվարդ Միրզոյանի Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը ու ասել, թե որքան թանկ է ինձ համար: Այս տարի ապրիլին խոստացա նրան, որ նոյեմբերին կգամ ու կնվագեմ այս սոնատը Երեւանում, ցավոք, նա հեռացավ մեզնից հոկտեմբերին: Մեծ հաճույքով եմ կատարելու խոստումս իր հիշատակի եւ հիասքանչ տիկնոջ համար”,-նշել է Նարեկը:
“Անշուշտ, ինձ համար ծրագիրը կարեւոր ու հաճելի էր: Այս երեկոն նվիրված էր մեր կողմից շատ սիրված Էդուարդ Միխայլովիչ Միրզոյանի հիշատակին: Նրա սոնատն ենք ներկայացնելու, որը մեզ համար շատ թանկ է”,-ասել է Գայանե Հախնազարյանը:
Գայանե եւ Նարեկ Հախնազարյանները` կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին նվիրված երեկոյին
Նարեկ Հախնազարյանը չի էլ հիշում, թե ինչ պայմաններում են ծանոթացել մաեստրո Միրզոյանի հետ: Թավջութակահարը պատմել է, որ դեռ մակուց Միրզոյանը շատ է սիրել իրեն եւ օգնել է խորհուրդներով, հետո էլ մշտապես ներկա է գտնվել համերգներին. “Նա կարծես պապիկս լիներ, Երեւան կատարած յուրաքանչյուր այցիս ժամանակ իրենց տուն էի գնում: Այս տարի օգոստոսին եւս այցելեցի, արդեն թույլ էր, բայց միեւնույն է` կատակեց”:
Տաղանդավոր թավջութակահարն այժմ խիտ գրաֆիկով է աշխատում եւ շրջագայում է: Նարեկը համերգներով հանդես կգա “Լա Սկալա” օպերայի թատրոնի, Լոնդոնի, Չեխիայի, Էստոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Բազմաթիվ են նաեւ Նարեկի մենահամերգներն, ինչպես նաեւ տարբեր փառատոններին մասնակցությունը: Հատկանաշական է, որ հաջորդ տարի նա մենահամերգ կունենա Բեռլինի “Concert House”-ում եւ Նյու Յորքի “Carnegie Hall”-ում: Նարեկն ասել է, որ փորձելու է որքան հնարավոր է հաճախ այցելել ու համերգներով հանդես գալ նաեւ Երեւանում:
BRAVO.am-ը "Չուխաջյանֆեստ"-ի ինֆորմացիոն հովանավորն է:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: