×


Նարեկ Ներսիսյանը, Մագդալենա Մնացականյանը, Նարինե Գրիգորյանը եւ ուրիշներ` “Ապակե կախազարդի” պրեմիերային

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերին մեծ էկրան կբարձրանա Նարեկ Ներսիսյանի եւ Մագդալենա Մնացականյանի “դրամատիկ սիրո պատմությունը”: Երեկ “Մոսկվա” կինոթատրոնի կարմիր դահլիճում կայացել է “Ապակե կախազարդը” գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի փակ դիտումը:

Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը


Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն ու սցենարի հեղինակները “Այսօր-պլյուս” ֆիլմարտադրության հիմնադիրներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանն են: Առաջին ցուցադրումից առաջ նրանք շնորհակալություն են հայտնել աջակիցներին եւ հովանավորներին ու բեմ հրավիրել ստեղծագործական խմբին` ներկայացնելով ներկա-բացակա բոլոր դերասաններին:

Գլխավոր հերոսներին` Արամին եւ Սոնային, մարմնավորել են դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը: “Ապակե կախազարդ”-ում նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Նարինե Գրիգորյանը, Սամսոն Ստեփանյանը, Արմեն Աբելյանը, Վահագն Սիմոնյանը, Մերուժան Եգանյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ այլք:

Արսեն Ազատյանը, Նարինե Մկրտչյանը, Լիանա Անթառանյանը եւ Կարեն Ջանիբեկյանը


Բանակում ծառայող տղան, հեռախոսազրույցից տեղեկանալով, որ իր սիրելի աղջիկը հղի է, որոշում է զորամասից մեկ օրով հեռանալ ու գնացքով հասնել Երեւան, որպեսզի միասին գնան բժշկի մոտ` աբորտ կատարելու, բայց գնացքում կատարված անսպասելի սպանությունը ստիպում է զինվորին փոխել իր որոշումը… 

Սկզբում ներկայացվում է տղայի պատմությունը, այնուհետեւ գործողությունները տեղափոխվում են Երեւան` ցուցադրելով աղջկա մեկ օրը, եւ հանգուցալուծվում նրանց հանդիպմամբ.“Վերջաբանն իրական է. տղան խնայեց աղջկան` չասելով, որ իրեն սպանության համար ձերբակալել են, աղջիկն էլ նրան խնայեց` չպատմելով, որ ընկնելու պատճառով ապագա երեխայի կյանքը վտանգի տակ է, բայց ապակե կախազարդը մնաց որպես խորհրդանիշ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է ռեժիսոր Նարինե Մկրտչյանը:

Նարինե Գրիգորյանը


Նրա փոխանցմամբ` ֆիլմի թեման վերցված է հայ իրականությունից. ճանաչելով կյանքի դառը կողմերն ու իմանալով ներքին խնդիրները` գրել են սիրո այս պատմությունն ու էկրանավորել.“Մեր ֆիլմերը նկարում ենք մեր գրած սցենարների հիման վրա: Երիտասարդներին հուզող թեմա է, որում փորձել ենք բարձրացված հարցերի պատասխանները տալ”:

Գլխավոր դերակատար Նարեկ Ներսիսյանն առաջին անգամ չէ, որ աշխատում է ռեժիսորների հետ. նրանց աշխատելաոճն իմանալով ու սցենարը հավանելով` ընդունել է նոր դերի առաջարկն ու անցել գործի: Նրա խոսքով` նկարահանումները հետաքրքիր, բայց եւ բարդ են եղել.“Տեխնիկական առումով դժվար էր ստանալ գնացքում հրմշտոցի ու կռվի տեսարանը: Բայց հաշվի առնելով, որ ժապավենով էր նկարահանվում, կան մեկ պլանով երկարատեւ տեսարաններ, որոնք առանց դադարների եմ նկարվել, իսկ վերջին տեսարանում լիարժեք եմ խաղացել”:

Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը


Դերասանը, մեծ էկրանին տեսնելով արդյունքը, հավանել է ֆիլմը,  իր խաղընկերուհու` Մագդալենայի հետ աշխատանքից եւս գոհ է.“Նրա հետ նկարահանվելը շատ հեշտ էր, մարդկային ու ստեղծագործական: Իր ուղին նոր է սկսում, բայց որպես դերասանուհի առանձնանում է խարիզմայով, տեսակով ու ավելորդ ամբիցիաներ չունի”:

Նարեկ Ներսիսյանը կարեւորում է ֆիլմում արծարծված թեման եւ հույս ունի` այն կգնահատվի նաեւ միջազգային փառատոններում.“Հերոսները, լինելով դժվարությունների մեջ, նախընտրեցին երեխայի կյանքը: Ներկայացվում է նրանց ապրումները, ցույց ենք տալիս, թե ինչ վատ բան է աբորտը, նախապես պետք է մտածել հետեւանքների մասին: Այս ֆիլմը ժամանցային կոմեդիկ պատմություն չէ եւ նպատակ չունի տեսարաններն արար-արագ փոխել ու հանդիսատեսին լարված պահել, այլ նպատակ ունի ցույց տալ երիտասարդների ծանր հոգեվիճակը”:

112 րոպե տեւողությամբ “Ապակե կախազարդը” խաղարկային ֆիլմը նկարահանված է ժապավենով, երկու տարուց ավելի է պահանջվել այն հանդիսատեսին ներկայացնելու համար եւ այսօրվանից ցուցադրվում է մեծ էկրանին. մուքտը միայն չափահաս հանդիսատեսի համար է: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW