Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երեկ պարն էր թեւածում: “Նարեկ” անսամբլի ստեղծման 25-ամյակի առթիվ տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որի ընթացքում պարողները ներկայացել են ինչպես իրենց հայտնի բեմադրություններով, այնպես էլ պրեմիերաներով:
"Նարեկ" անսամբլի հոբելյանական համերգին
Խմբի գեղարվեստական ղեկավարն Արման Ջուլհակյանն է, սաների հետ աշխատում են փորձավարներ Ադելաիդա Ներսիսյանը, Մարիաննա Տեր-Ավագյանը, Ալինա Ներսիսյանը, Անահիտ Սայամյանը, Գեորգի Բաբայանը եւ ուրիշներ.“Մեզ համար կարեւոր է, որ դասավանդեն մեր իսկ դպրոցն ավարտած մարդիկ, բայց նաեւ հրավիրում ենք տարբեր մասնագետների, որ նոր ձեռագրով բեմադրություններ անեն, որպեսզի պարողը մեկ ձեռագիր չտեսնի, այլ լինի բազմաձեռագրատես:)”:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան “Նարեկ” պարային անսամբլն այժմ ունի ավելի քան 230 պարող, երեկ բեմում ելույթ են ունեցել շուրջ 80 պարող` երրորդ, չորրորդ, նաեւ հինգերորդ սերունդների ներկայացուցիչները.“Հեշտ չէ մեծ անսամբլ ղեկավարելը, չկա թիմ, որ խնդիր չունենա, բայց կա փոխադարձ սեր, հարգանք, եւ մեծ հաճույքով ենք աշխատում: Բոլորին սիրում եմ, յուրաքանչյուրն իր տեսակով առանձնահատուկ է, մենք մեզ կոչում ենք նարեկցիներ”, - նշել է Արման Ջուլհակյանը:
Արման Ջուլհակյանը եւ Մելինե Առաքելյանը
Համերգային ծրագրի առաջին մասը նվիրված է եղել Մեծ եղեռնին եւ Արցախյան ազատամարտին: Պարողները բեմադրություններ են ներկայացրել Ֆլորա Մարտիրոսյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, Արա Գեւորգյանի երաժշտական ստեղծագործությունների ներքո: Երկրորդ մասում կատարվել են հայկական, ռուսական, վրացական, հնդկական եւ այլ ազգերի պարեր: Արման Ջուլհակյանը զուգապար է ներկայացրել նաեւ իր կնոջ` պարուհի եւ փորձավար Մելինե Առաքելյանի հետ:
Արմանը հայտնել է, որ 2015 թվականին Երեւանի Դրամատիկական թատրոնի երկրորդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ պատրաստվում են բեմադրել մոնոներկայացում` նվիրված Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին: Մեկ այլ նորություն եւս. Անրի Վերնոյի որդին` կինոգործիչ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը ցանկություն է հայտնել այս խմբի համար պարային մեծ բեմադրություն իրականացնել, որը կներկայացնեն Ֆրանսիայում.“Մեծ հպարտություն է նման մարդու հետ աշխատելը”:
"Նարեկ" անսամբլի հոբելյանական համերգին
Հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը բեմ է հրավիրել պարային համույթի` տարբեր տարիներին դասավանդած մասնագետներին, որոնց Արման Ջուլհակյանը պարգեւատրել է հուշամեդալներով: Համերգը եզրափակվել է պարային պոպուրիով, որի ընթացքում պարողները տարբեր ազգերի պարերից հետո այն ամփոփել են հայկական պարով:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: