×


Նարինե Սուլթանյան.«Աղջիկս ցանկանում է, որ մեր ընտանիքում փոքրիկ ծնվի»

Նարինե Սուլթանյանը երեկ նշել է 37-ամյակը։ Դերասանուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տոնը կեսգիշերին սկսվել է ամուսնու շնորհավորանքով, իսկ առավոտյան նրան անակնկալ են մատուցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում.«Կոլեգաներս եւ ուսանողներս այնպես անսպասելի շնորհավորեցին, որ շատ զգացված եմ։ Երբ լսարանի դուռը բացեցի, տեսա, որ փոքրիկ թխվածքների վրա մոմեր են դրել եւ ինձ են սպասում։ Օրվա ընթացքում նաեւ ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ ու զանգեր տարբեր երկրներում ապրող ընկերներիս կողմից»։

Նարինե Սուլթանյանը


Նարինեի դուստրը՝  5,5 տարեկան Միլան, մայրիկին իր նկարած նկարն է նվիրել. «Աղջկաս համար ամենաերջանիկ պահերը ընտանիքով միասին անցկացրած ծովափնյա օրերն են։ Նա միշտ պատկերում է ծով կամ լողավազան, որտեղ ես եմ,  հայրիկը եւ նա։ Այս տարի ընտանիքի շրջանակն ընդլայնել է` եւս մեկ երեխա նկարելով։ Իր ցանկությունն է, որ մեր ընտանիքում փոքրիկ ծնվի, բայց համալրում դեռ չի սպասվում»։

«Նանե» հեռուստածրագրի հաղորդավարուհին երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների եւ ընկերուհիների հետ.«Հյուրերս առաջարկեցին ինչ-որ ժամանցի վայր գնալու փոխարեն տանը հավաքվել, մենք էլ ազատ միջավայրում զրուցեցինք, խմեցինք եւ ուրախացանք։ Այս շրջանում մտերիմներս ավելի հաճախ նվիրում են տան պարագաներ, օծանելիք, գեղեցիկ աքսեսուարներ ու հուշանվերներ, ինչն ինձ հաճելի է»։

Նարինե Սուլթանյանն` ամուսնու հետ


Նարինեն երկարատեւ դադարից հետո նկարահանվել է «Քարտ Բլանշ» բազմասերիանոց ֆիլմում, որտեղ մարմնավորում է մեծահարուստ տարեց տղամարդու կնոջ կերպար. «Նա ամուսնացած է մի տղամարդու հետ, որին ընդունում է որպես իր ապավեն ու հենարան։ Կերպարս ողբերգական ու դրամատիկ գիծ ունի, դժվարություններ ապրած, բարդույթներով ու ներանձնային խնդիրներով կին է։ Նա հետագայում սիրահարվում է գործարանում աշխատող այլ տղամարդու, իսկ թե ավարտն ինչպիսին է, չեմ պատմի, որ դիտելիս հետաքրքիր լինի։ Ինքս դեռ ոչ մի սերիա չեմ դիտել, մոնտաժին ներկա չեմ եղել, սպասում եմ պրեմիերային»։ 

BRAVO.am
Լուսանկարները` Նարինե Սուլթանյանի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին