×


Նիկ Էգիբյան. \"Երբ մեկից բաժանվում ես, ցավազրկող է պետք\"

Նիկ Էգիբյանն օրերս ներկայացրել է ձմեռային տեսարաններով ու երազային տրամադրությամբ իր 6-րդ տեսահոլովակը` “Beautiful Ending”-ը, որն էլ արտահայտում է երգչի թախծոտ հոգեվիճակը:

Նիկ Էգիբյանը “Painkillah” անվամբ ձայնասկավառակ կթողարկի


“Տղան գնում է ծովափ, սպասում այն աղջկան, որն այլեւս չկա: Սպասում է, վերջում կատաղում, բաժակներ ջարդում ու փշրում… Այս երգը սիրային հարաբերությունների գեղեցիկ ավարտի մասին է, գոնե հիշողությունները պետք չէ պղծել ու թշնամանալ իրար հանդեպ: Երգի պատմությունն ինձ հետ է կապված, եթե մինչ այդ կարողանում էի ուրիշի էմոցիոնալ աշխարհը վերապրել ու երգեր գրել, հիմա իմ զգացմունքների մասին եմ գրում: Կարծում եմ` ավելի անկեղծ է ստացվում”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նիկ Էգիբյանը:

“Beautiful Ending” երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Նիկն է, գործիքավորել ու ձայնագրել է Նիկը, տեսահոլովակի գաղափարի հեղինակը կրկին ինքն է:). “Իրականում տեսարանների կեսն էլ ես եմ նկարել, իսկ որ տեսարանում ես կամ, իմ ընկերներից Մարի Մանուկյանն է նկարել”:

"Հիմա իմ զգացմունքների մասին եմ գրում".Նիկ Էգիբյան


Նիկը որոշել է առանց ռեժիսորի ու օպերատորի իրականացնել իր նոր աշխատանքը, իր խոսքով` անիմաստ է մեկին վարձել տեսախցիկ բռնելու համար. “Եթե գիտես, որ դու կարող ես այդ գործը լավ անել, ինչո՞ւ ուրիշին վարձես, ինքս էլ ունեմ տեսախցիկ: Արդեն երեք հատ էլ ընկերներիս համար եմ նկարել, շուտով եթերում կլինեն”:

Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում` Բուսաբանական այգում, Թումանյանի անվան այգում, եւ Սեւանում. “Այն ափին ենք եղել, որը շատ քիչ է նկարվել, նույնիսկ արձագանքներ եմ լսել, որ կադրերով մի քիչ նման է Շոտլանդիային: Գունային լուծումները սկզբում նկարների վրա ստացանք, հետո մոնտաժողին առաջարկեցի իմ պատկերացրած երանգների մեջ դարձնել”:

"Նոր երգս սիրային հարաբերությունների գեղեցիկ ավարտի մասին է".Նիկ Էգիբյան


“Երբ մեկից բաժանվում ես, խնդիրներ ես ունենում…”

Երգչի “Painkillah” անվանմամբ ձայնասկավառակի երգերը պատրաստ են, 12 երգի ուղիղ կեսը հաուսային ռիթմիկ գործեր են, մյուս կեսը` մեղեդային. “Երբ մեկից բաժանվում ես, խնդիրներ ես ունենում, լինում է երգ, որն օգնում է դուրս գալ սթրեսային վիճակից: Որոշել էի այնպիսի ձայնասկավառակ ստեղծել, որը կցավազրկի: Սկզբում ուզում էի միայն պարային երգեր ընդգրկել, հետո փոշմանեցի, որովհետեւ ինքս սիրում եմ դաշնամուր նվագել ու դանդաղ երգեր կատարել: Հավաքեցի 10-ից ավելի դանդաղ երգ, ընտրեցի լավագույնները: Դրանցից մեկն Անդրեի եւ Սերինեի դուետն է, ինձ հարազատ մարդիկ են, հավանեցին, ես էլ տվեցի, որ իրենք կատարեն”:

"Չեմ ուզում պղծել մայրենի լեզուն".Նիկ Էգիբյան


“CD-ն այժմ կա միայն էլեկտրոնային տարբերակով, թողարկված չէ, երգերը վաճառվում են ինտերնետում: Խուսափել եմ ավանդական շնորհանդես տարբերակից, բայց երկու-երեք ամսից կթողարկեմ ֆիզիկական տարբերակով:)”,-տեղեկացրել է Նիկը:

“Անքուն գիշերներ ու տարօրինակ էմոցիաներ”


Նիկ Էգիբյանը խոստովանել է, որ չի սիրում մեծ համերգասրահներում երգել, նախընտրում է ակումբային բեմերը. “Մեծ բեմից չեմ վախենում, բայց ինձ հարմարավետ չեմ զգում, երբ հանդիսատեսը լուրջ դեմքով պասիվ նստած է, դա ինձ թեւաթափ է անում: Բեմ բարձրանալուց առաջ շատ եմ մտածում, նույնիսկ անքուն գիշերներ ու տարօրինակ էմոցիաներ եմ ունենում: Ինքս ինձ շատ եմ քննադատում, իմ կատարումները մինչեւ վերջ չեմ կարողանում լսել”:

"Որոշել էի այնպիսի ձայնասկավառակ ստեղծել, որը կցավազրկի".Նիկ Էգիբյան


“Չեմ ուզում պղծել մայրենի լեզուն”

Հեղինակ-կատարողը նաեւ բացատրել է, թե ինչու է նախընտրում երգել անգլերենով. “Անգլերենով բառերը հանգավորելն ավելի հեշտ է, հայերենը երգեցողության, շեշտադրման տեսանկյունից բարդ լեզու է: Բացի այդ, այնպիսի տեքստեր ունեմ, որ վայել  չեն հայերենին, չեմ ուզում պղծել մայրենի լեզուն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նիկ Էգիբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW