×


Նոր օնլայն հարթակ՝ Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկների եւ տուրիստական ընկերությունների համար

Օգոստոսի 1-ից Հայաստանում կմեկնարկի առաջին օնլայն համակարգը, որը նախատեսված է ոչ միայն հայաստանյան տուրիստական ընկերությունների, այլեւ զբոսաշրջիկների համար: Նախագիծը հեղինակել են եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը եւ Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուր» տուրօպերատորը: Նոր օնլայն համակարգի շնորհանդեսին ներկա էին հայ եւ արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, զբոսաշրջային ընկերությունների, կոմիտեների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ այլք:

Նշենք, որ համակարգից հնարավոր կլինի օգտվել` մուտք գործելով egypt.anrivatour.am կայքէջ: Այն առանձին մուտքի հնարավորություն է ունենալու տուրիստական գործակալի եւ սովորական զբոսաշրջիկի համար: Այս հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարողանալու է ծրագրել իր ճամփորդությունը դեպի Եգիպտոս, ամրագրել տոմսեր, հյուրանոցներ, էքսկուրսիաներ, ստանալ հատուկ առաջարկներ խմբային ճամփորդությունների դեպքում: Համակարգը հագեցած է լինելու նաեւ կարեւոր ու հետաքրքիր տեղեկություններով Եգիպտոսի, նրա տարբեր հանգստավայրերի, մուտքի արտոնագրի ստացման պայմանների մասին եւ այլն:

«Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը


«Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգը գործելու է նաեւ ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, քանի որ հասցրել են մի շարք պայմանագրեր կնքել այդ երկրների տուր-օպերատորների հետ.«Նրանք «Զվարթնոցը» որպես տրանզիտային գոտի են դիտարկելու, եւ մենք բնականաբար զբոսաշրջիկների հոսք ենք ունենալու այդ երկրներից, թեկուզ երեք օրով: Հաջորդ փուլում մենք կայքում ավելացնելու ենք նաեւ Հայաստանի հյուրանոցների մասին հստակ ինֆորմացիա, որպեսզի մարդիկ կարողանան գալ, մի քանի օր մնալ այստեղ եւ ապա մեկնել Եգիպտոս: Այսինքն՝ նախագծի նպատակներից մեկն էլ տուրիզմի զարգացումն է Հայաստանում, բացի այդ, կանոնավոր թռիչքներն առանցքային ճյուղ են մեր երկրի տնտեսության համար»:

Հռիփսիմե Ստամբուլյանը նաեւ ընդգծեց, որ նոր օնլայն հարթակը լինելու է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, հագեցած է լինելու անհրաժեշտ տեղեկություններով. «Այստեղ զետեղված ամբողջական ինֆորմացիայի շնորհիվ մարդիկ կկարողանան հետագայում նաեւ վաճառքներ իրականացնել Եգիպտոսից դեպի Հայաստան: Գիտեմ, որ կա արտոնագրերի խնդիր, բայց այդ հարցի լուծման ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ են տարվում այս պահին: Ես հավատացած եմ, որ շատ մոտ ապագայում Եգիպտոսի քաղաքացիները կկարողանան հեշտությամբ գալ Հայաստան: Նրանք, ովքեր ուսումնասիրել են Եգիպտոսի շուկան, կիմանան, որ տեղի քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Եվ եթե կարողանանք գոնե կրոնական տուրիզմի առումով այս ուղղությունը զարգացնել, դա կբխի բոլորիս շահերից»,- նկատեց նա:


Ընկերության հիմնադիրը հավելեց՝ համակարգը ստեղծելիս փորձել են այնպես անել, որ այն հարմարեցված լինի բոլորի համար, եւ մարդիկ ստիպված չլինեն անընդհատ զանգահարել կամ այցելել իրենց գրասենյակներ: Նա նշեց, որ հաջորդ տարի էլ են նորություններով են հանդես գալու եւ նոր ուղղություններ են ունենալու: Իսկ այս պահին ամեն ինչ անելու են, որ «Air Cairo» ավիաընկերության գործունեությունն իրականանա մշտապես եւ անխափան:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին