×


“Նորաձևության ճանապարհ” ծրագրի հավաքածուն ներկայացվել է հանրապետության երեք մարզում

Բրիտանական խորհրդի նախաձեռնած  “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրին  BRAVO.am-ի ընթերցողները տեղյակ են դրա իրականացման ընթացքում ներկայացված հրապարակումների շնորհիվ: 

"Նորաձեւության ճանապարհ" նախագծի շրջանակում ստեղծված հագուստներից


Հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ստեղծված աշխատանքների երեւանյան ցուցահանդեսին եւս անդրադարձել ենք՝  նշելով, որ հավաքածուն կներկայացվի նաեւ Հայաստանի մարզերում:

Կանանց միջազգային օրը` մարտի 8-ին, “Նորաձևության ճանապարհ” ծրագրի հավաքածուն ներկայացվել է Գյումրիում: “Style” պատկերասրահում մարտի 8-ից-14-ը գյումրեցիները հնարավորություն են ունեցել դիտելու ծրագրի շրջանակում ստեղծված 20 հագուստից բաղկացած հավաքածուն:
 
“Հավաքածուն մինչեւ տարեվերջ կներկայացվի եվրոպական հինգ երկրում, իսկ մինչ այդ այն կցուցադրվի Հայաստանի երեք մարզում: Մեր առաջին կանգառը Գյումրիում էր”,-ասել է Բրիտանական խորհրդի ծրագրերի տնօրեն Ինեսսա Մուրադյանը:
 
Ծրագրի մասնակից նկարիչ-մոդելավորողներ Արամ Նիկոլյանը եւ Լուսինե Կոստանյանը հանդիպել են Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ` նրանց ներկայացնելով հավաքածուի ստեղծման ընթացքը:
 

"Նորաձեւության ճանապարհ" նախագծի շրջանակում ստեղծված հագուստներից


Գյումրիից հետո ցուցահանդեսը հյուրընկալվեր է Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Արմինե Ափինյանն ուսանող է եւ փորձում է մասնակցել քաղաքում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին: Բրիտանական խորհրդի ծրագրի մասին լսել էր եւ սպասում էր ցուցահանդեսի բացմանն իրենց քաղաքում: Ծանոթանալով նկարիչ-մոդելավորողների ստեղծած հագուստներին` թանգարանի տպավորությունների գրքում  աղջիկը գրել է. “Ձեր աշխատանքներից ստացված էներգիան մեզ նոր ստեղծագործական շունչ եւ հոգի ներշնչեց”:

Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը նկատել է, որ գեղանկարների կողքին հագուստների ներկայացումը հատուկ հմայք է հաղորդում ցուցահանդեսին:

Վանաձորից հետո մշակույթների կամրջման շոշափելի օրինակ դարձած հավաքածուն ներկայացվել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում` հայ եւ արտասահմանյան ճանաչված նկարիչների կտավներով համալրված սրահում ստեղծելով տարբեր ազգերի մշակույթների հանդիպման մի յուրօրրինակ կենտրոն:

"Նորաձեւության ճանապարհ" նախագծի շրջանակում ստեղծված հագուստներից


Նյկարիչ-մոդելավորողների աշխատանքներին ծանոթանալով` Դիլիջանի հոգեւոր հովիվն ուրախությամբ նշել է, որ հայ-ռումինական զույգը ոգեշնչվել է եկեղեցական թեմայով:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ Բրիտանական խորհրդի կողմից նման ցուցահանդեսների անցկացումն իրենց քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը:

“Նորաձևության ճանապարհ” ծրագրի հավաքածուն ուղեւորվելու է Միացյալ Թագավորություն, Ռումինիա, Չեխիա, Դանիա եւ Գերմանիա:

Ինֆորմացիան տրամադրել է Հայաստանում Բրիտանական խորհուրդը
Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW