×


Նունե Եսայանի 49-ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը

Երկար դադարից հետո Նունե Եսայանը ներկայանում է նոր երգերով եւ տեսահոլովակով: Երեկ՝ իր ծննդյան տարեդարձի օրը, երգչուհին երեկույթի էր հրավիրել ընկերներին ու հարազատներին եւ նրանց հետ տոնում էր ինչպես իր 49-ամյակը, այնպես էլ նոր հոլովակի պրեմիերան: Թեեւ հեղինակային նոր երգեր են գրվել Նունե Եսայանի համար, այս անգամ նա որոշել է ներկայանալ Փոլ Բաղդադլյանի երգերի մշակմամբ: Նոր տեսահոլովակն էլ նկարահանվել է Փոլի «Ես ուզում եմ» երգի հիման վրա, որը Նունեն ներկայացնում է իր մեկնաբանությամբ:

Արթուր Գրիգորյանը եւ Նունե Եսայանը


«Փոլն իմ մանկության եւ պատանեկության տարիների ամենասիրելի երգիչներից էր, ում ստեղծագործություններից մի քանիսը ես առաջիկայում կներկայացնեմ նոր գործիքավորմամբ եւ կատարմամբ: Այսօր կհնչեն դրանցից երկուսը, իսկ հոլովակը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ դեռ վերջնական պատրաստ չէ: Այստեղ ներկա հյուրերը կդիտեն հոլովակի նախնական տարբերակը, իսկ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այն կներկայացվի հանրությանը: Պարզապես ցանկացա ինքս ինձ նվեր անել իմ տարեդարձի օրվա առիթով եւ հենց այսօր կազմակերպել առաջին ցուցադրությունը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Նունե Եսայանն ասաց, որ առաջիկայում բազմաթիվ նորություններ են սպասվում իր կողմից, քանի որ որոշել է ակտիվորեն զբաղվել երգարվեստով եւ հանդես գալ նոր երգերով, տեսահոլովակներով ու համերգներով.«Մոտ տասը երգ արդեն խնդրել եմ, որ գրեն ինձ համար: Հեղինակներից մեկն էլ Մանե Հակոբյանն է, ով այսօր ներկա է միջոցառմանը: Մի քանի տարի է` վայելում եմ ընտանեկան առօրյաս ու երեխաներիս մեծացնելու հաճույքը, բայց քանի որ նրանք արդեն մեծ են, կարող եմ ակտիվորեն ներգրավվել նոր գործերում: Այս տարի սպասվում են նաեւ հյուրախաղեր արտերկրում, հավանաբար, դեկտեմբերին կլինեմ ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ մյուս տարի նախատեսված է մեծ շրջագայություն»:

Նունե Եսայանի ծննդյան տարեդարձին


Երգչուհուց նաև հետաքրքրվեցինք` սիրում է արդյոք նշել իր ծննդյան տարեդարձերը եւ որն է համարում իր ամենամեծ ձեռքբերումը: Նունե Եսայանը խոստովանեց, որ առհասարակ շատ է սիրում իր ծննդյան օրը, իսկ նշել-չնշելը կամ շատ ու քիչ մարդկանց ներկայությունը կախված է տարբեր հանգամանքներից.«Ճիշտն ասած` զարմանում եմ, երբ մարդիկ ասում են`չեմ սիրում իմ ծննդյան օրը: Չգիտեմ, չեմ պատկերացնում դա (ժպտում է,- հեղ.): Այս տարիների ընթացքում շատ երգեր ու հոլովակներ եմ թողարկել, համերգներ եմ ունեցել, բայց ամենակարեւոր ու ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ առաջին հերթին, իհարկե, Ավոն, հետո իմ բալիկները»:

Նշենք, որ Նունե Եսայանի նոր տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Վերջինիս խոսքով` ինչպես իր նախորդ գործերը, այնպես էլ «Ես ուզում եմ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը մինիմալիստական ոճում է: Այստեղ չկան ավելորդ լուծումներ, ծանր կադրեր, դերասաններ եւ այլն: Ամեն ինչ պարզ է, երգչուհու տեսակին ու ոճին բնորոշ.«Ես առաջին անգամ եմ աշխատում Նունեի հետ ու անկեղծ ասած՝ միշտ ցանկացել եմ նրա հետ համագործակցել: Երբ առաջին քայլերս էի անում այս ասպարեզում, երազում էի Նունեի համար տեսահոլովակ նկարահանել, որովհետեւ նա ինձ համար հայկական էստրադայի մեծ աստղն է` պատմություն, ճակատագիր ու ասելիք ունեցող երգչուհի: Շատ ուրախ եմ, որ նա հավատաց ինձ, վստահեց: Չգիտեմ` որքանով է տեսահոլովակը նրան դուր գալիս, բայց գիտեմ, որ չեմ փչացրել ու չեմ վնասել նրա արվեստն ու անցած ուղին»,- ընդգծեց ռեժիսորը:

Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը


Երեկոյի հյուրերը նախ դիտեցին նոր հոլովակը, ապա նաեւ պարեցին Նունե Եսայանի հետ նրա նոր՝ «Գարուն է» երգի ուրախ ռիթմերի ներքո: Երգչուհին անակնկալ էր պատրաստել ներկաների համար եւ իր կատարման ժամանակ ներկայացավ պարային համարով՝ պրոֆեսիոնալ պարախմբի ուղեկցությամբ: Երեկոյի ավարտին էլ ընտանիքի անդամների հետ փչեց տոնական տորթի մոմերը՝ իհարկե, չմոռանալով նաեւ երազանք պահել ապագայի համար: Թե ովքեր էին ներկա Նունե Եսայանի ծննդյան արարողությանը եւ ինչ հետաքրքիր դրվագներ են եղել երեկոյի ընթացքում, կարող եք դիտել BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին