Ամանորյա բարեգործական աճուրդ է կայացել դեկտեմբերի 23-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում: Արդեն ավանդական դարձած միջոցառման կազմակերպիչն է “Ամերիա” ընկերությունների խումբը` քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին համատեղ ուժերով աջակցելու նպատակով:
Արա Երնջակյանը, Վազգեն Ասատրյանը, Նարեկ Սարգսյանը, Լեւոն Իգիթյանը, Լեւոն Մալխասյանը
Աճուրդի են հանվել անվանի հայերի` հատուկ այս բարեգործական ակցիայի համար ստեղծած նկարները: Նրանց թվում են Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Ջանիբեկյանը, Լեւոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Անդրեն, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Գեղամ Գրիգորյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Թոփչյանն ու այլք: Ի դեպ, մասնակիցներից շատերն առաջին անգամ են փորձել նկարել:):
Ներկայացվել են նաեւ հայ անվանի նարիչներ Արթուր Օշականցու, Տիգրան Բարխանաջյանի, Սարգիս Գարուկյանի, Մարատ Մարգարյանի, Տիգրան Մատուլյանի եւ Ալբերտ Հակոբյանի նկարները, որոնք եւս փորձել են վաճառել աճուրդի ընթացքում:
Հայտնի մարդկանց ստեղծագործելու ընթացքը ներկայացնող տեսանյութ է ցուցադրվել դահլիճում տեղադրված մեծ էկրանին, ինչպես նաեւ հնչել են նրանց կարծիքները բարեգործական ակցիայի մասին եւ աջակցելու պատրաստակամությունը:
Վարդան Պետրոսյանի աշխատանքներից
Յուրաքանչյուր աշխատանքի նախնական գինը կազմել է 100 000 դրամ: Ամենաթանկ գնով վաճառված նկարի արժեքը կազմել է 750 000 դրամ: Նշենք, որ աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ եւ դրամական օգնության խիստ կարիք ունեն:
“Ամերիաբանկ”-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը խոստացել է կրկնապատկել վաճառված նկարներից ստացված հասույթը: Նա նաեւ ամփոփել է անցյալ տարի անցկացված աճուրդի արդյունքները` նշելով, որ “իրենց հաջողվել է մոտ 19 միլիոն դրամ հավաքել”, որոնք ծառայել են իրենց բարեգործական նպատակին:
Նկարչական աշխատանքների ստեղծման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել Գեղագիտության ազգային կենտրոնը, “Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամը, միջոցառման կազմակերպմանն աջակցել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


×
9,358






