×


Շակիրան, Լինդսի Լոհանը, Ֆերջին եւ այլ հայտնիներ` Կարո Հզորի ստեղծած զգեստներով

Սիրիայում ծնված ու Լիբանանում մեծացած Կարո Հզորն (Garo Hzor) արդեն 17 տարի է, ինչ Միացյալ Նահանգներում դիզայներական գործունեություն է ծավալում` ստեղծելով հարսանեկան, երեկոյան եւ կոկտեյլային զգեստների հավաքածուներ: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ միշտ սիրել է նորաձեւությունն ու անգամ չի էլ հիշում, թե երբ է սկսել դրանով զբաղվել: Կարո Հզորի հեղինակած զգեստները կրում են հայտնի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Շակիրան, Ֆերջին, Լինդսի Լոհանը, Հոլի Բերին, Հոլանդ Ռոդենը, Շոնի Նելսոնը (Շաքիլ Օ'Նիլի նախկին կինը) եւ ուրիշներ:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը եւ Կարո Հզորը (Garo Hzor)


-Կարո, նորաձեւությունը...

-Կնոջ գեղեցկության մարմնավորումն է: Այն ներկայացնում է այն ամենն, ինչը գեղեցիկ ու գրավիչ է:

-Դիզայները սովորաբար շատ մոդելների հետ է աշխատում, բայց միշտ կա առանձնահատուկ մեկը: Ո՞վ է այդ միակն ու անկրկնելին  քեզ համար:


-Կարծում եմ` ճիշտ չէ ասել, որ այ այս մոդելն անկրկնելի է, քանի որ յուրաքանչյուր զգեստ հիասքանչ է նրանցից մեկի վրա: Սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ: Հայուհի Աննա Վիկտորիայի մասին պետք է առանձին խոսեմ: Նա այնպիսի հմայք ունի, որ ցանկացած զգեստի կենդանություն ու փայլ է տալիս: Ուրախ եմ տեղեկացնել, որ սերտ համագործակցում ենք, եւ Աննայի պատվին ստեղծել եմ “Anna V” կոկտեյլային զգեստը:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը Կարո Հզորի ստեղծած զգեստով


-Մեկ զգեստի վրա ինչքա՞ն ժամանակ ես աշխատում, ու ընդհանրապես, զգեստների ստեղծման պատմությունն է հետաքրքիր:

-Հենց նայում եմ մարդուն, միանգամից հասկանում եմ, թե ինչպիսի զգեստ է նրան հարկավոր, ինչ տեսակի զգեստով նա հրաշալի տեսք կունենա: Հաշվի առնելով նաեւ պատվիրատուի պահանջները` գծագրում եմ թղթի վրա: Զգեստները կարվում են մեկ օրինակով: Կան զգեստներ, որոնց վրա երկու շաբաթ եմ աշխատում, ավելի բարդերի վրա` մի քանի շաբաթ: Յուրաքանչյուր զգեստ կազմված է բազմաթիվ դետալներից, ես այդ ամենի ամբողջությունը կոչում եմ ստեղծագործություն: Այո, դա ստեղծագործություն է ու միջոց, որ դու փայլես այն վայրում, որտեղ մտադիր ես կրել պատվիրված զգեստը:

-Ո՞րն է քո առավելությունը մյուս դիզայներների նկատմամբ:


-Իմ սիրելի կանանցից յուրաքանչյուրին թագուհի եմ դարձնում: Նրանց երջանիկ ու անկեղծ ժպիտը մի բան է ասում` իրենց գեղեցիկ են զգում: Յուրաքանչյուր դիզայներ ունի իր սեփական ոճը:

Ֆերջին Կարո Հզորի ստեղծած զգեստով


-Ինչպե՞ս ես ընտրում քո մոդելներին:

-Ես չեմ ընտրում, իմ ստեղծած զգեստներն են ընտրում: Յուրաքանչյուր ստեղծագործություն փայլում է, եթե այն կրում է ճիշտ մոդել: Սիրահարվում եմ իմ հեղինակած յուրաքանչյուր զգեստին, դա տեղի է ունենում պատրաստման նախնական փուլից սկսած: Զգեստը պետք է յուրահատուկ լինի, իսկ բրենդն այնքան էլ կարեւոր չէ: Եթե զգեստը գեղեցիկ է, այն արժանի է հարգանքի:

-Որտեղի՞ց ես ձեռք բերում զգեստների ստեղծման համար անհրաժեշտ նյութերը:

-Տարբեր տեղերից, կարելի է ասել` ողջ աշխարհից. Լոս Անջելես, Փարիզ, Լիբանան, անգամ Հնդկաստան:

Կարո Հզորի հարսանեկան զգեստների հավաքածուից


-Կարո, քեզ համարո՞ւմ ես արտիստ:

-Անկասկած: Եթե ինձ արտիստ չհամարեի, չէի կարողանա արարել ինչ-որ բան: Դա կարող է անել միայն իրական արտիստը, ով սիրահարված է իր գործին:

-Ի՞նչն է քեզ ոգեշնչում:

-Կյանքը: Այն այնքան գեղեցիկ է, եթե մարդիկ մի քիչ ուշադիր նայեն, ապա իրենք էլ կհասկանան: Պետք է սիրել կյանքը:

-Ո՞ր գույներն են գերակշռում քո ստեղծագործություններում:

-Աշխատում եմ բոլոր գույներով: Շատ կարեւոր է հարմարավետ զգալ այդքան գույների մեջ, բացի այդ, սխալ է երեւակայությունը դնել սահմանների մեջ: Բոլոր գույները գեղեցիկ են, պարզապես մեկ նրբություն կա` թե ինչպես եւ ինչ առիթի համար ես դրանք օգտագործում ու ինչպես ես համադրում:

-Հետաքրքիր է`  քեզ համար հագուստ պատրաստո՞ւմ ես:


-Ոչ, ուղղակի ընտրում ու կրում եմ այն, ինչը տվյալ պահին հոգեհարազատ է:

Կարո Հզորի ստեղծած զգեստներից


-Կարո Հզորի ոճը:

-Կրեատիվ, անհատական, գեղեցիկ եւ հզորացնող:

-Հայաստանում բնակվող դիզայներների հետ կապեր ունե՞ս: Ծանո՞թ ես նրանց աշխատանքներին:

-Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հանդիպել հայ որեւէ դիզայների: Բայց մոտ ապագայում ցանկանում եմ այցելել իմ սիրելի հայրենիք ու այդ ընթացքում հանդիպել մի քանիսին: Դա ինձ համար մեծ պատիվ կլինի:

-Մինչ այցելելն  ու տեղում ծանոթանալը, մի քանի խորհուրդ տուր հայ դիզայներներին:
-Եղեք խիզախ, կրեատիվ ու թռչեք ձեր երեւակայության հետ մինչեւ անսահմանություն: Եվ որ ամենակարեւորն է` արեք այնպես, որ դա դառնա միակ բանը, որը դուք սիրում եք անել, ու մի մտածեք այն մասին, թե ուրիշներն ինչ են մտածում ձեր մասին: Ստեղծեք ձեր սեփական կանոնները:

-Գիտեմ, որ ցանկանում ես լայնացնել գործունեությանդ աշխարհագրությունը:

-Այդպես է, Նյու Յորքի եւ Փարիզի հետ կապված լուրջ պլաններ կան: Ցանկանում եմ հայկական արմատներին անդրադառնալ ու ցույց տալ, թե ինչ գեղեցիկ ենք մենք` հայերս, մեր ժառանգությամբ:

Լինդսի Լոհանը Կարո Հզորի ստեղծած զգեստով


-Ինչպե՞ս կարող են մեր ընթերցողները պատվիրել քո ձեւավորած զգեստները:

-Ստուդիա ունեմ Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, բայց բոլոր պատվերներն ընդունվում են տվյալ մարդու հետ հանդիպելուց հետո միայն: Շատ կցանկանայի մասնաճյուղ բացել Հայաստանում. եթե խիզախ մեկը գտնվի, ով կցանկանա զբաղվել այդ գործով, թող գրի ինձ:):

- Հայաստանում մոտ ապագայում քո ստեղծած զգեստների ցուցադրություն նախատեսո՞ւմ ես:

-Շատ կցանկանայի: Դա երազանք է:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/BRAVO.am/
Լուսանկարները` Կարո Հզորի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW