Երեկ Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մենահամերգով է հանդես եկել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Երեկոյին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
"Այնքան ուժ կա մեջս, կարծես ասելիքս կիսատ մնաց". Շուշան Պետրոսյան
“Սիրում եմ” խորագիրը կրող համերգի ստեղծագործական մշակումները, սցենարն ու կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է “Շարմ Հոլդինգ” ընկերությունը: Շուշան Պետրոսյանի հետ բեմում են եղել Հայաստանի պետական ջազ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, “Հովեր” պետական կամերային երգչախումը, որի գեղարվեստական ղեկավարը Սոնա Հովհաննիսյանն է, եւ “Էլեն” պարային համույթը:
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են երգչուհու երգացանկի հայտնի ու հիթ դարձած երգեր, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ: Շոու-համերգն առանձնացել է իր յուրօրինակ դեկորացիայով եւ բեմականացմամբ, հագուստներով ու պարային համարներով: Երաժշտական կարճ դադարներն ուղեկցվել են մեծ էկրանին ցուցադրվող Շուշան Պետրոսյանի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմով, որը նկարահանվել է հատուկ այս համերգի համար:
Արթուր Իսպիրյանը, Էմմա Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը, Գրիշա Աղախանյանը, Նունե Եսայանը, Արամոն
“Սիրում եմ այն տունը, որտեղ ծնվել եմ… սիրում եմ իմ ընտանիքը, ուր միշտ սերն է իշխում, շատ եմ սիրում իմ երեխաներին…սիրում եմ բեմը…Բեմն ինձ համար մի կտավ է, որտեղ արդեն 20 տարի իրականանում են իմ հույզերը…”,-ասվում է ֆիլմում:
Համերգի ժամանակ երգչուհին Հասմիկ Կարապետյանի հետ կատարել է “Սիրո աշխարհ”-ը, երգել է նաեւ Երգի թատրոնից իր սերդնակիցների` Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Նունե Եսայանի, ինչպես ինքն է ասում` Իսպիրի` Արութր Իսպիրյանի, իր Գրիշիկի`Գրիշա Աղախանյանի հետ:
Շուշան Պետրոսյանի երեւանյան մենահամերգին
Երեկոյի ավարտին Շուշանը ետնաբեմ է եկել ամուսնու` Արմանի հետ` ձեռք ձեռքի բռնած, որտեղ իրեն ծափերով ու շնորհավորանքներով դիմավորել են Արամոն, Էմմա Պետրոսյանը, Նադեժդա Սարգսյանը, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Աշոտ Ղազարյանը, Էմմին, Արթուր Իսպիրյանը, Հասմիկ Կարապետյանը, Իրինա Դանիելյանը, Գրիշա Աղախանյանը, երկու որդին, մտերիմներն ու բարեկամները:
“Ինձ համար այս համերգը սպասված էր այնքանով, որ ասես իմ ստեղծագործական գործունեության 20-ամյակի ամփոփումը լիներ: Նոր եմ բեմից դուրս եկել, բայց հավատացեք` այնքան ուժ կա մեջս, կարծես ասելիքս կիսատ մնաց”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին:
"Բեմն ինձ համար մի կտավ է, որտեղ արդեն 20 տարի իրականանում են իմ հույզերը". Շուշան Պետրոսյան
Շուշան Պետրոսյանը նշել է, որ համերգը պետք է կայանար 2011-ի նոյեմբերին, բայց դահլիճի զբաղվածության պատճառով հետաձգվել է.“Ես Ավստրալիայում էի, երբ ինձ զանգեցին ու ասացին, որ այսօրվա համար բեմը վերցրել են”:
Խոսելով ծրագրի մասին` երգչուհին ասել է` ինչպես նախորդ համերգների դեպքում, նախընտրել է, որ այն երկար չլինի.“Կարծում եմ` այդպես ճիշտ է. հանդիսատեսը պետք է ափսոսանք զգա, որ վերջացավ: Սիրում եմ, երբ ասելիքը կարճ է լինում, այդպես համերգի համը մնում է բերանումդ”:
Շուշան Պետրոսյանը Հասմիկ Կարապետյանի հետ կատարել է "Սիրո աշխարհ" երգը
BRAVO.am-ի հետ Շուշան Պետրոսյանը զրուցել է նաեւ ստեղծագործական կյանքի 20-ամյակի ամփոփման եւ քաղաքական գործունեություն սկսելու նոր փուլի մասին` նշելով, որ քաղաքականությունը չի խոչընդոտի զբաղվել իր սիրած գործով. “Նախընտրական քարոզարշավի հետ կապված ծրագրեր ունեմ, բայց դրանք համատեղելու եմ երգարվեստում աշխատանքիս հետ: Միշտ աշխատում եմ եւ երբեք չեմ վախենում աշխատանքից: Ապրիլին հյուրախաղեր ունեմ Կանադայում, մինչ այդ մենահամերգով հանդես կգամ Գյումրիում, հնարավոր է նաեւ Վանաձորում, իսկ մայիսին համերգներով կլինեմ Արցախում, Գերմանիայում` Քյոլնում եւ Համբուրգում”:
Շուշանը նշել է, որ երգելուն զուգահեռ շատ գործ է արել, հիմա այդ ամենն անելու է իրավական դաշտում, ինչը կլինի ավելի ազդեցիկ եւ արդյունավետ: Մշակութային գործչի ներգրավվածությունը քաղաքականության մեջ երգչուհին դիտում է հետեւյալ կերպ. “Առաջին հերթին պետք է լինեն կիրթ հարաբերություններ բոլոր կուսակցություններում, եւ դա հենց մշակույթի սկիզբն է:)”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է “Շարմ hոլդինգ”-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: