×


Ողջ ճշմարտությունը Նարեկ Քթոյանի եւ Լուսինե Պողոսյանի հարսանիքի մասին

Վերջերս հաղորդավար Նարեկ Քթոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հատվածներ էր տեղադրել հարսանեկան արարողությունից, որտեղ փեսան ինքն էր, իսկ հարսը՝ Լուսինե Պողոսյանը: Շատերը շտապել էին եզրակացնել, թե նրանք ամուսնացել են, սակայն իրականությունն այն է, որ դրանք կադրեր են նոր տեսահոլովակից:

«Ընկերս» երգի տեսահոլովակի նկարահանումներին


«Ընկերներով ուզում էինք հետաքրքիր տեսանյութ նկարել, թե ինչպես են անցնում կարանտինային մեր օրերը: Կար նաեւ Արայիկ Գաբաջյանի առաջարկով ստեղծված մի երգ, եւ երբ հերթական անգամ բոլորս միասին երգում էինք այն, որոշեցինք, որ մեր ընկերության մասին երգը պիտի հասանելի դառնա նաեւ հանրությանը»,- BRAVO.am-ին պատմել է Նարեկը:

 «Ընկերս» երգը կատարում են Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը եւ Գրիշա Գրիգորյանը: «Տեսահոլովակի միտք չունեինք, բայց երբ միջմարզային տեղաշարքի սահմանափակումը հանվեց, որոշեցինք գնալ Գեղարդի վանք, եւ այդ ժամանակ Լուսինե Պողոսյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ ինքը գալու է հարսի զգեստով: Սկսեցինք կատակել՝ եթե իսկական հարսանիք լիներ, ով որ դերում կլիներ. Գայան դարձավ հարսնաքույր, Գրիշան ստանձնեց քավորի պարտականությունները, ես էլ ակամայից դարձա փեսա, ու սխալ կլիներ այդ ամենը չնկարահանել: Մեր բարեկամ Վասիլ Շահբազյանի օգնությամբ ստեղծվեց այն հոլովակը, որը շուտով հասանելի կլինի համացանցում»,-նշել է հաղորդավարը:

«Ընկերս» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Ընտրել են 90-ականների հարսանիքների ոճը.«Քանի որ այս ամենը լուրջ չէր, մտածեցինք՝ նման հագուստներով ավելի զվարճալի կստացվի տեսահոլովակը»,-պատմել է Նարեկը:

Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը կատարել է Գրիշա Գրիգորյանը, տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Քթոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին