Օրեր առաջ «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքում թողարկվեց Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը: Մինիմալիստական ոճում նկարահանված հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ով ընդգծում է՝ իր նպատակն էր ցույց տալ երգչի հոգեվիճակն ու ապրումները: Հենց այդ պատճառով էլ հոլովակի գլխավոր հերոսուհին ներկայանում է վերացական կերպարով, եւ հստակ տեսանելի չէ՝ ով է նա իրականում: BRAVO.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց` պարզելու համար, թե ով է խորհրդավոր աղջիկը:):
Պարզեցինք՝ «Քամի» երգի տեսահոլովակում նկարահանվել է պարուհի եւ մոդել Արփինե Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ինքը վաղուց աշխատում է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ եւ որպես մոդել մասնակցում նրա ցուցադրություններին: Հենց Արամն էլ նրան առաջարկել է նկարահանվել տեսահոլովակում: Ի դեմ, նշենք, որ հոլովակի ոճաբանն Արամ Նիկոլյանն է:
Արփինե Դավթյանը
Արփինեն որպես պարուհի հանդես է գալիս Հայաստանի պարի պետական անսամբլում, սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Պարարվեստի ռեժիսուրա բաժնում, զուգահեռ զբաղվում է նաեւ մոդելային գործունեությամբ: Խոստովանեց՝ սա առաջին տաղավարային նկարահանումն էր, որին մասնակցել է, թեեւ տեսախցիկների հետ աշխատելու փորձ նախկինում ունեցել է: Այս առումով դժվարություններ չի ունեցել, միայն փոքր-ինչ անհանգիստ է եղել առաջին անգամ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելուց առաջ.«Մի քիչ վախ կար, բայց ընդհանուր առմամբ հաճելի էր: Առաջինն էր ու տպավորիչ, ինչը շատ կարեւոր էր ինձ համար»:
Նրանից հետաքրքրվեցինք՝ հավանում է արդյոք Սեւակի եվրատեսիլյան երգը: Ասաց՝ շատ է հավանում, բայց խոստովանեց՝ մինչ նկարահանվելը չէր լսել, եւ միայն առաջարկը ստանալուց հետո է հետաքրքրվել, լսել ու հավանել: Իր կերպարն էլ ասոցացնում է երգի տրամադրությանը, Սեւակի մտքերին ու պատկերացումներին: Շեշտեց՝ խորհրդավորությունն իրեն էլ է բնորոշ:
Արփինե Դավթյանը
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իրենց համար էական չի եղել՝ հերոսուհին հայտնի, թե անհայտ աղջիկ կլիներ, կարեւորը՝ համապատասխաներ տվյալ կերպարին եւ իրենց պատկերացումներին.«Նպատակ չեմ ունեցել նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որով կզարմացնենք Եվրոպային կամ մեր ազգին: Անհրաժեշտ էր երգին համահունչ, գեղեցիկ հոլովակ ստանալ, որտեղ կներկայացնենք Սեւակի հոգեվիճակը: Լսելով տարբեր կարծիքներ ու կարդալով մեկնաբանությունները՝ կարծում եմ՝ համահունչ է ստացվել: Փորձել ենք Սեւակին ներկայացնել այնպիսին, ինչպիսին կա՝ մինիմալիստական ոճում ու առանց ավելորդ ծանրաբեռնված կադրերի»:
Նրա խոսքով՝ նկարահանումները տեւել են երկու օր: Առաջին օրը նկարահանել են վերջին տեսարանը՝ դրսում, բնության մեջ, իսկ երկրորդ օրն աշխատել են «Հայֆիլմ» կինոստուդիայի տաղավարում: Ի դեպ, վերջին տեսարանը ստանալու համար նկարահանող խումբը ուղեւորվել է Գառնիից քիչ հեռու գտնվող արգելոց-ջրամբար, որը տարվա տարբեր եղանակներին տարբեր պատկեր է ունենում: Երբեմն այնտեղ ջուր չի լինում, երբեմն փոքրիկ կղզիներ են ձեւավորվում, երբեմն էլ ջրի մակարդակն ավելի է բարձրանում.«Այդ տեսարանի համար մեզ կղզի էր պետք, եւ որոշեցինք հենց այնտեղ նկարահանել»,- ասաց Արթուր Մանուկյանը:
Ռեժիսոր Արթուր Մանուկյանը
Հիշեցնենք, որ Սեւակ Խանաղյանը հանդես է գալու «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինե Դավթյանի արխիվից, BRAVO.am-ի եւ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: