“Բամբիռները” ողջ տարին շրջագայելուց հետո Երեւանում օրերս այս տարվա իրենց ակումբային առաջին մենահամերգն են ունեցել: Մայրաքաղաքի “underground” երաժշտության հավաքատեղիում` “Stop”-ում, ֆոլկ-ռոք խմբի տղաները` Նարեկ Բարսեղյանը, Արման Քոչարյանը, Արիկ Գրիգորյանը եւ Վարդան Փարեմուզյանը, ողջունել են երկրպագուներին ու իրենց երգացանկի հայտնի երգերի հետ մեկտեղ ներկայացրել նոր թողարկվելիք ալբոմի` հիմնականում անգլալեզու ստեղծագործությունները:
"Բամբիռ" ֆոլկ-ռոք խումբը
Խումբը Հայաստանից բացակայելու ժամանակ եղել է եվրոպական մի շարք երկրներում, 100-ից ավելի համերգ է տվել, մասնակցել “Body&Soul”, “KnockanStockan” ու երաժշտական այլ փառատոնների. “Ուզում ենք շատ նվագել ու շատ համերգներ ունենալ: Տարվա սկզբին Ստամբուլում մի քանի համերգ ունեցանք, հետո` Փարիզում: Այնուհետեւ մեկնեցինք Իռլանդիա, որտեղ էլ մեր հիմնական գործունեությունն ենք ծավալում: 12 փառատոնի ենք մասնակցել. մի տեղ նվագում էինք, մյուս տեղից էին հրավիրում, քիչ-քիչ ճանաչում են, մեր մենեջմենթը լավ է աշխատում”,- BRAVO.am-ին պատմել է վոկալիստ եւ կիթառահար Նարեկ Բարսեղյանը` հավելելով, որ շուտով նոր ձայնասկավառակը կներկայացնեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական երկրներում:
“Բամբիռ”-ի վոկալիստ եւ կիթառահար Նարեկ Բարսեղյանը
“The Bambir”-ի տղաները սիրում են երգել ու նվագել ամենուր` ակումբներում, համերգային դահլիճներում, բացօթյա բեմերում. “Կերգենք, եթե միայն ուտելու “պրոցեդուրա” տեղի չունենա, որովհետեւ մարդկանց ախորժակը կարող է փակվել:): Թեեւ համերգներից առաջ միշտ հուզվում ենք, այս անգամ շատ հուզված էինք, կարծես առաջին անգամ էինք նվագում, բայց հենց մտնում ես երաժշտության մեջ, քեզ “տանում” է, մոռանում ես, որ Երեւանում ես, Դուբլինում կամ Փարիզում :): Անկեղծ ասած, բեմից տարբերություն չենք զգում, թե ինչ ազգի հանդիսատես է, միայն համերգից առաջ ու հետո ենք տարբերությունը զգում”:
Ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը եւ բաս-կիթառահար Արման Քոչարյանը
Նարեկ Բարսի խոսքով` եվրոպացիները խմբին առավել հաճախ անվանում են թատերական ռոք խումբ, քան` ֆոլկ-ռոք. “Մեր հեղինակային երգերում ջազից, ռոքից, ֆոլկից, ժամանակակից դասական էքսպերիմենտալ երաժշտությունից մինչեւ տարօրինակ էլեկտրոնային ռիթմեր կարող են հնչել: Երբ չորսս միասին բեմում էներգիա ենք ստեղծում, դա հաստատ տարբերվում է չորս այլ մարդու ստեղծած էներգիայից”:
Արման Նշանյանը ներկա է եղել “Բամբիռ”-ի համերգին
Վերադառնալով հայրենիք` ռոք երաժիշտը հայկական ռոք-խմբերի մոտ ձգտում է նկատել. “Իրականության մեջ ոչինչ չի փոխվում, բայց գործընկերներս իրենց “դուխը” չեն գցում: Ցավալի է, որ մեր երկրում թե՛ արվեստը, թե՛ երաժշտական բիզնեսը դեգրադացիա է ապրում, բայց դրա հետ մեկտեղ տեսնում եմ մարդկանց, որոնք իրենց չեն կորցնում ու շարունակում են ընդհատակյա աշխատանքը: Ուղղակի վատ է, որ քիչ ենք շփվում հարեւանների հետ, օրինակ` լավ կլինի, եթե մերոնք հաճախ գնան Թբիլիսի, այնտեղից ամեն շաբաթ գան, այդ շփումն անհրաժեշտ է”:
“Բամբիռ” խմբի ակումբային համերգին
Առաջիկայում ռոք-խմբի անդամները կրկին մեկնելու են եվրոպական շրջագայության, բայց ի ուրախություն հայ երկրպագուների, նոյեմբերի 10-ին նորից կերգեն “Stop” ակումբում` հնչեցնելով նաեւ հայալեզու սիրված գործեր:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: