×


Պարային շոու եւ դրամա՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայից

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում օրերս Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան ներկայացավ իր 23-րդ մենահամերգով: Բեմում երիտասարդ սերունդն էր՝ 3-ից մինչեւ 25 տարեկան սաներն ու փորձավարները։ Հովհաննես Գասպարյանի կողմից 2005 թվականին հիմնադրված ակադեմիան առավելապես հայտնի է «Հովիկ ստուդիո» անվամբ։ Այժմ ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը նրա որդին է՝ Իշխան Գասպարյանը։ Շուրջ երեք ժամ հանդիսատեսն ականատես եղավ հայկական պարի նորարարական մատուցմամբ համերգին։

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի համերգին


Հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Վրույր Թադեւոսյանը, ներկայացնելով խմբի գործունեությունը, հանդիսատեսին խոստացան դիտարժան խորեոգրաֆիկ պատկերներ: Համերգի առաջին հատվածում սաները ներկայացրին հայկական ազգային պարեր, վրացական, գնչուական, աջարական պարեր, նաեւ «Տավիղ», «Գյուղական մանրապատումներ», «Կարոտ», «Երկու սիրտ», «Դարերի արձագանքը» բեմադրությունները։ Ելույթ ունեցան երգիչներ Գրիգոր Միրզոյանը, Անահիտ Շահբազյանը, Էմիլ Պողոսյանը, Նշան Հայրապետյանը։

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի համերգին


Երկրորդ մասում մեկ գործողությամբ «Կորցրած երազանքի հետքերով» պարային դրաման էր, որի հեղինակն Իշխան Գասպարյանն է։ Այն հիմնված է Հայոց ցեղասպանության ժամանակ ծնված մի սիրո պատմության վրա.«Օպերային թատրոնում ցուցադրվեց առաջին անգամ, սակայն պրեմիերան տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ Մոսկվայում։ Վաղուց ուզում էինք մեզ համար կարեւոր թեմային անդրադառնալ, երբ սկսեցի դիտել վավերագրական ֆիլմերն ու տեսագրությունները, ուշադրությունս գրավեց մի տեսանյութ՝ Ֆրանսիա գաղթած 90-ամյա տարեց կնոջ հարցազրույցը ֆրանսիական հեռուստատեսությանը։ Նա Փարիզում շքեղ առանձնատանը՝ զավակներով ու թոռներով շրջապատված, խոսում էր իր արմատների մասին։ Այն հարցին, թե ինչը կուզեր ամենից շատ վերադարձնել իր անցյալից, նա պատասխանեց, որ երազում է վերադարձնել իր հարազատ բնակավայրի՝ Վանա լճի ափին գտնվող Արտամետ գյուղի խնձորի այգիները, կուզեր հայտնվել ու վայելել այդ խնձորենիների բուրմունքը, որ այլեւս ոչ մի երկրում չի հանդիպել։ Նա պատմում էր, որ իր երկար կյանքի ընթացքում այգիներն իր մանկության հինգ տարիների վառ հիշողությունն են»։

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի համերգին


Հավելենք, որ պարի ակադեմիան պարային անհատ կատարողների համար առաջին անգամ կանցկացնի մրցույթ-փառատոն։ Մոսկովյան «Դվին» կազմակերպության աջակցությամբ հուլիսի 28-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Դվին» մրցանակաբաշխությունը:

BRAVO.am   
Լուսանկարները՝ «Հովիկ ստուդիո»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW