×


Պլյուշչենկոյի աստղը, Բիլանի ելույթը եւ «Սառույցի թագավորները» շոուի հետաքրքիր մյուս դրվագները

Մարզահամերգային համալիրում մարտի 5-ին կայացավ «Սառույցի թագավորները» (Kings on Ice) շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր գեղասահորդների մասնակցությամբ։ Համերգը վարող Արման Մարգարյանը ներկայացրել է շոուի մասնակիցներին՝ նշելով, որ Երեւանում նրանք առաջին անգամ են ելույթ ունենում.«Տիկնայք ու պարոնայք, այսօր ֆանտաստիկ շոու է սպասում, որովհետեւ Երեւան են ժամանել համաշխարհային համբավ ունեցող մարզիկներ»։

Եվգենի Պլյուշչենկոն` Երեւանում


Ներկաներն ականատես են եղել գեղասահորդ-ակրոբատների պրոֆեսիոնալ համարներին՝ լուսային էֆեկտների ներքո վայելելով գեղասահքի շքեղությունն ու գեղեցկությունը։ Համաշխարհային հայտնի երգերի եւ հայ երաժիշտների՝ ջութակահարներ Էդգար Հակոբյանի, Տիգրան Պետրոսյանի եւ մյուսների նվագակցությամբ գեղասահորդները ներկայացել են ինչպես թիմային, այնպես էլ անհատական ելույթներով։

Շոուի ընթացքում օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն իր սոլո համարը կատարել է իտալական «Il Volo» խմբի եվրատեսիլյան «Grande Amore» երգի ներքո։ Հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Սիմա Բաղդասարյանը նրան փոխանցել են վկայական համերգի կազմակերպիչներից «Ֆորպոստարտ» ընկերության տնօրեն Զառա Մխեյանի կողմից, որում նշված է, որ «Կարիճ» համաստեղությունում նրա անունով աստղ է անվանակոչվել։ Պլյուշչենկոն շնորհակալություն է հայտնել ներկաներին գեղասահքը եւ իրեն սիրելու համար.«Հաճախ չեմ լինում Հայաստանում, բայց սիրում եմ ձեր ազգը. հյուրասեր ու բարի եք։ Նախեւառաջ բոլորիդ ցանկանում եմ առողջություն, սիրեք իրար եւ ուրախ եղեք։ Ուզում եմ շնորհակալություն ասել իմ մենեջերին՝ Արի Զաքարյանին.«Արի ջան, ты молодец:)»։ Մենք այս ամենը կազմակերպել ենք ձեզ համար եւ շնորհակալ ենք, որ ներկա եք մեր շոուին»։

Էդգար Հակոբյանը, Սիմա Բաղդասարյանը եւ Արման Մարգարյանը


Ջութակահար Էդգար Հակոբյանն այս շոուի անդամներից է, տարբեր երկրներում  գեղասահորդները ելույթ են ունենում նրա նվագակցությամբ։ BRAVO.am-ին նա պատմել է, որ համերգից մեկ օր առաջ իր ջութակը կոտրվել է եւ զրույցի ընթացքում ցույց է տվել կոտրված գործիքի լուսանկարը.«Երեւանում արդեն երկրորդ անգամ է կոտրվում. մեկ էլ 2010-ին պատահական կոտրվեց, բայց լավ է` ժամանակ ունեի, գիշերը վարպետ Սամվել Երիցյանը նորոգեց։ Այստեղ նվագելն ինձ համար առանձնահատուկ ու պատասխանատու է, որովհետեւ իմ հայրենիքն է, ավելի շատ եմ մտածում, թե ինչպես կանցնի։ Համալիրի ակուստիկան լավն է, գեղասահորդներն էլ սառույցի որակից են գոհ»,-ասել է երաժիշտը, որը համար է ներկայացրել նաեւ երգիչ Հայկոյի հետ։  

Մեկ նախագծում միավորված տարբեր ազգերի գեղասահորդներն ու երաժիշտները հատուկ հայաստանյան համերգի համար պրոդյուսեր Արի Զաքարյանի առաջարկով ներկայացրել են հայկական երաժշտությամբ համար՝ Հայաստանի դրոշներով։ Գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Անաստասիա Գալուստյանը, Նիկիտա Միխայլովը, Ելենա Յովանովիչը, Մարի-Պիեռ Լերեն, Իվան Ռիգինին, Էլաջ Բալդեն, Սլավիկ Հայրապետյանը, Նոդարի Մալսուրաձեն, Քսենյա Կորոբկովան, Տատյանա Ռոզանովան եւ մյուսները հիացրել են իրենց ակրոբատիկ հնարքներով։ Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի եւ տափօղակով հոկեյի մարզադպրոցների սաները։

Էդվին Մարտոնը, Դիմա Բիլանը եւ Եվգենի Պլյուշչենկոն` Երեւանում


Մենապարով հանդես է եկել հիփ-հոփ եւ բրեյք դանս պարող Գեւ Մանուկյանը։ Ամերիկյան շոուներում պարող ու պարեր բեմադրող մեր հայրենակիցը պարել է Ուիթնի Հյուսթոնի խմբում, այժմ հանդես է գալիս Փինկի խմբում։ Նա լուսանկարվել եւ զրուցել է լրագրողների հետ.«Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում։ Նկատեցի, որ հանդիսատեսը ջերմ է։ Դեռ հինգ օր այստեղ եմ լինելու, ուզում եմ շատ խորոված ու լահմաջո ուտել:)։ Նաեւ ընկերներիս հետ հոլովակ ենք նկարահանելու: Հուսով եմ՝ կրկին կայցելեմ Երեւան»։

Էլաջ Բալդեն ելույթ է ունեցել Մայքլ Ջեքսոնի կերպարով եւ իր ելույթը նվիրել փոփի արքային։ 25-ամյա կանադացի գեղասահորդը պատմել է, որ շուրջ 14 տարի ելույթ է ունենում ռուս մարզիկների հետ եւ լավ է տիրապետում ռուսերենին.«Հրաշալի հանդիսատես էր, իսկապես ինձ դուր եկավ մթնոլորտը։ Ռուս մարզիկների հետ ոչ միայն աշխատում եմ, այլեւ ընկերություն անում»։

«Սառույցի թագավորները» շոուին


Շոուի երկրորդ մասում հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ է ընդունել երգիչ Դիմա Բիլանին, որը կատարել է «Number Օne Fan», «Не молчи», «Невозможное возможно», «Կառուզո» հայտնի երգերը, իսկ եզրափակիչ համարը եվրատեսիլյան «Believe» երգն էր, որի ժամանակ սառույցի վրա էին Եվգենի Պլյուշչենկոն եւ ջութակահար Էդվին Մարտոնը: Դիմա Բիլանը նշել է, որ «Եվրատեսիլ»-ում հաղթանակն իր կյանքի կարեւորագույն մասնիկներից մեկն է.«Կարծում եմ՝ հիշում եք, թե ինչ էր կատարվում 2008-ին, երբ հաղթեցինք, հիմա բացառիկ կարգով հատուկ ձեզ համար կրկնում ենք այդ համարը, որովհետեւ հազվադեպ ենք երեքով միասին ելույթ ունենում»։ 

Համերգի նախաձեռնող Արի Զաքարյանը, որը Եվգենի Պլյուշչենկոյի մենեջերն է, համերգի անմիջապես ավարտից հետո BRAVO.am-ին հայտնել է, որ չնայած տեխնիկական  դժվարություններին, շոուն Երեւանում կայացավ.«Հանդիսատեսի արձագանքից կհասկանանք, թե ինչքանով էր հաջողված։ Ստացվեց փոխանցել այն սերը, որ ուզում էինք բեմից տալ հայերին։ Մենք այնպես էինք կազմել ծրագիրը, որ աստիճանաբար դահլիճն ակտիվանա. լավագույն համարները պահել էինք եզրափակիչ մասի համար։ Եթե հայ հանդիսատեսը ցանկանա, նորից մեծ սիրով կգանք»,-նշել է նա` տեղեկացնելով, որ «Սառույցի թագավորների» հաջորդ ելույթը նախատեսված է Իսրայելում՝ Թել Ավիվում։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW