Այս ամիս Երեւանում ջազի տոն էր. “Yerevan Jazz Fest 2015” միջազգային փառատոնի շրջանակում Մարզահամերգային համալիրում ելույթ ունեցան ինչպես Հայաստանի լավագույն ջազմենները, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտներ: Ուղիղ երեք օր երեւանցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին բարձրաճաշակ երաժշտություն:
“Yerevan Jazz Fest 2015” միջազգային փառատոնին
Հատուկ հրավիրված հյուրերի թվում էին Նինո Կատամաձեն` իր “Insight” բենդի հետ, անվանի բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան եւ Արմեն ու Մարիամ Մերաբովները: Համերգային առաջին օրը բացեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Այդ օրը ելույթ ունեցան նաեւ Արցախի ջազ նվագախումբը` Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, նաեւ Կարեն Մամիկոնյանն իր խմբի հետ եւ այլք: Սպասված հյուրերի ցուցակում էր Ռուսաստանից ժամանած մեր հայրենակից Սերգեյ Մանուկյանը:
Նինո Կատամաձեն ողջ երեկոյի ընթացքում սեր էր խոստովանում մեր մայրաքաղաքին.“Այնքան եմ սիրում Երեւանը: Գիտեք, երաժշտության շնորհիվ ամբողջ աշխարհը շրջել եմ, բայց հայերի նման երաժշտական ազգ չեմ հանդիպել, երդվում եմ:)”,-ասել է երգչուհին: Նա կատարեց մի ստեղծագործություն, որ կոչվում է “Վահագն” ու նվիրված է Վահագն Հայրապետյանին: Վահագնն իր հերթին բեմ բարձրացավ ու նվագակցեց Կատամաձեին ինչպես այս, այնպես էլ հայտնի “Olei”-ի կատարման ժամանակ:
Նինո Կատամաձեն եւ Վահագն Հայրապետյանը
Համերգային երկրորդ ողջ երեկոն հանդիսատեսը վայելում էր Ռիչարդ Բոնայի վիրտուոզ կատարումները.“Առաջին անգամ եմ Երեւանում, հույս ունեմ` ոչ վերջին: Հիասքանչ եմ զգում ինձ այստեղ”` հանդիսատեսին ողջունեց ջազմենն ու շարունակեց ջերմ շփումը հանդիսատեսի հետ:
“Yerevan Jazz Fest 2015” միջազգային փառատոնին
Փառատոնի եզրափակիչ համերգը բացեց Հայաստանի պետական ջազ նվագախումբն` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Քիչ անց նրանց միացավ նաեւ Վահագն Հայրապետյանը: Երեկոյի ընթացքում երաժիշտները հարգանքի տուրք մատուցեցին անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հիշատակին: Էռնա Յուզբաշյանը կատարեց մաեստրոյի հեղինակած “Երջանկության հարյուր ժամ” երգը: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաեւ Մարիամ ու Արմեն Մերաբովները, Ավստրիայից ժամանած հատուկ հյուր Հյուբերտ Թաբսն ու այլք:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: