×


Ռաֆայել Երանոսյանը

Ռաֆայել Երանոսյան. «Ունենալու եմ ինձ սիրող կին»

Երեւանի կամերային թատրոնի դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանը BRAVO.am-ին պատմել է թատրոնի եւ հեռուստատեսային աշխատանքի համատեղելիության, համագործակցությունների, թատրոնի չնչին աշխատավարձի, բարկանալու առիթների, նոր նախագծի, անկեղծ ցանկությունների մասին, եւ ոչ միայն:

Բարկանալու առիթների մասին
Դերասանի մասնագիտությունը շատ լուրջ է, եւ կցանկանամ, որ բոլորն այդ հասկանան, որովհետեւ հիմա ամեն երկրորդը, ով ինչ-որ կերպ ինչ-որ տեղ եւ ինչ-որ դեր ունենում է, իրեն համարում է դերասան, բայց չէ՞ որ դերասանի առաքելությունը դրանում չէ: Վերջերս երթուղայինի մի վարորդ ասաց՝ «Ռաֆո ջան, ինձ էլ են կանչում, նկարահանվում եմ, երեւում եմ, մենք էլ ենք էլի դերասան»։ Ես իսկապես շատ էի բարկացել, ցավ ապրել, որովհետեւ շատերը չեն հասկանում այս մասնագիտության նրբություններն ու ամենակարեւորը՝ լրջությունը: (Հոգոց)

Ռաֆայել Երանոսյանը


Դերասանական կրթության, դրա բացակայության եւ այն լրացնելու մասին
Կրթությունը շատ կարեւոր է, բայց այն կարելի է լրացնել, եթե ժամանակին չես ունեցել այդ հնարավորությունը: Կարելի է լրացնել շատ կարդալով, տեղեկացված լինելով, չէ՞ որ ցանկացած կերպարի մարմնավորման համար պետք է իմանալ պատմությունը, որպեսզի կերպարը ստացվի։ (Ժպիտ)

Թատրոնի  եւ հեռուստատեսային աշխատանքի մասին
Որպես դերասան` ինձ ավելի հոգեհարազատ է աշխատել թատրոնում, բայց միայն թատրոնի չնչին աշխատավարձով չեմ կարող ապրել, իսկ ես ուզում եմ ապրել, իսկ հեռուստատեսությունը դերասանին դարձնում է հայտնի, տալիս պրոֆեսիոնալիզմ:

Ե՛վ թատրոնը, ե՛ւ կինոն ինձ համար շատ կարեւոր են: Եթե ես մեկ ժամ չաշխատեմ, ապա ծարավ կմնամ: Միշտ ամեն բան հասցնում եմ եւ մասնակիցն եմ այն նախագծերի, որոնք իրենց վարկանիշով բարձր են եւ ասելիք ունեցող։

Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Պապոյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Հայկ Մարությանը


Առանձնահատուկ համագործակցությունների մասին
Երբեք չեմ մոռանա Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցումը, ես նրանցից շատ բան եմ սովորել: Շատ հաճելի է, երբ նմանակում ես այդ մարդկանց, եւ գալիս է մի ժամանակ, որ կողք կողքի աշխատում ես նրանց հետ։ Շատ հպարտ եմ եւ ուրախ։ (Ժպիտ)

Նպատակի մասին
Հաջորդ ամռանը պատրաստվում ենք ֆիլմ նկարահանել, որովհետեւ արդեն կա գաղափարը, ունենք մի քիչ էլ հնարավորություն, շատ չեմ խոսի, կլինի՝ կտեսնեք։

Մարդկային արժեքների մասին
Կարեւորը՝ հենց մարդկային գիծն է, կխնդրեմ բոլոր մարդկանց՝ ուր էլ լինեն, որտեղ էլ հասնեն, չմոռանան, որ իրենք էլ միս ու արյունից են, որ սովորական մարդիկ են, որովհետեւ այս կյանքում ոչ ոք ոչինչ չի տանում իր հետ, թողնում ենք մի անուն ու ազգանուն: Ես հիմա աշխատում եմ իմ անունը բարձր պահելու համար, չէ՞ որ այն ես ժառանգել եմ իմ ծնողներից ու պարտավոր եմ պատվով պահել: (Լայն ժպիտ)

Ռաֆայել Երանոսյանը


Հանգստի մասին
Այս ամառ չհասցրի հանգստանալ, միայն մայիսին գործի բերումով մեկնել էի Միացյալ Նահանգներ, այդ ընթացքում էլ մի փոքր հանգստացա։

Ապագա ընտանիքի, ապագա կնոջ մասին
Վստահ եմ, որ ունենալու եմ ամենալավ ընտանիքը: Ես վստահ եմ, որ ունենալու եմ ինձ սիրող կին, ես գիտեմ, որ իմ կինը այնպես է անելու, որ երեկոյան ցանկանամ  գնալ տուն։ Հստակ հատկանիշներ չեմ կարող ասել, ինքը պետք է լինի մարդ, ինչպես ես եմ, ինչպես դուք եք։ (Ծիծաղ)

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Երանոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին