×


Ռոբերտի առաջին սերը, Արմանի հնչեցրած զանգը, Մերիի 3 ընկերուհիները եւ Զարուհու լացը :)

Ուսումնական նոր տարին սկսված է: Սեպտեմբերմեկյան մեր առաջին նյութի հերոսուհին գեղեցկուհի Գոհար Հարությունյանի դուստրն էր, ում այսօր ծնողներն առաջին դասարան են ուղեկցել, իսկ հիմա ներկայացնում ենք Առաջին ալիքի հայտնի հաղորդավարների դպրոցական տարիների լուսանկարներն ու հուշերը:):

Աբրահամ Գասպարյանը


Առաջին լրատվականի մեկնաբան Աբրահամ Գասպարյան.“Ամենաուշագրավ հիշողություններս հիմնականում կապված են այն նվաճումների ու խենթությունների հետ, որոնք վայելել եմ ընկերներիս հետ ու նրանց մասնակցությամբ։ Եղել եմ սեղանի թենիսի փոխչեմպիոն, շարադրության մրցումների բազմակի հաղթող, 3 անգամ նվաճել եմ համահալեպյան հայկական դպրոցների միջեւ անցկացված զարգացման մրցույթների առաջին մրցանակը: Նպաստել եմ, որ դպրոցից վտարվի այն արաբ ուսուցիչը, ով համարձակվել էր վիրավորել ազգային արժանապատվությունս։ Կրոնի ու փիլիսոփայության դասերին ուսուցիչներին հասցրել եմ կաթվածահար վիճակի՝ մահացած ձեւանալով եւ ուսուցչին համոզելով, որ Քրիստոս վերստին հայտնվել է մարդկությանը…Կոլումբիայում։ Այդ ամենի մասին այժմ ժպիտով եմ հիշում: Չեմ տապալել միայն երեք առարկայի դասաժամեր. սահմանափակ ժամաքանակով դասավանդվող իմ պաշտելի մայրենին, ապագա մասնագիտական գլխավոր առարկան` քաղաքագիտությունը, եւ անչափ բարդ, բայց եւ ինձ համար սիրելի արաբերենը: /Աբրահամ Գասպարյանը սովորել է Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանում/

Ալեքս Ենոքյանը


Մարզական մեկնաբան Ալեքս Ենոքյան. “6-րդ դասարանում Ֆիզիկայի դասընթացներից մեկի ժամանակ ինձ կանչեցին գրատախտակի մոտ: Եթե չեմ սխալվում, պետք է պատմեի ուղղաձիգ հավասարաչափ շարժման մասին, սակայն պատրաստ չէի, քանի որ այդ տարիներին ողջ ուշադրությունս սեւեռված էր ավտոմեքենաներին: Ուսուցիչս օրինակ բերեց ավտոմեքենայի շարժումը, ու այդտեղ ես մտքիս մեջ ասացի` “կպավ”: Սկսեցի պատմել, թե ինչպես է շարժվում ավտոմեքենան, թե ինչ է փոխանցման տուփը, ինչպիսի շարժիչներ են լինում, ինչպիսի հզորության: Այդպես այնքան խոսեցի, մինչեւ զանգը հնչեց, ու, պատկերացնում եք, ես 4 ստացա, սակայն հաջորդ դասին այդ հնարքը չանցավ…  Ստիպված սկսեցի սովորել ու պատրաստ հաճախել ֆիզիկայի դասերին: Հիմա էլ նույն իրավիճակում եմ. Աստված չանի, մեկը մի հարց տա ավտոսպորտի մասին...”: /Ալեքս Ենոքյանը սովորել է թիվ 38 դպրոցում/

Արման Մարգարյանը


“Առավոտ լուսո” ծրագրի հաղորդավար Արման Մարգարյանը  հիշում է, որ ամենից շատ չի սիրել քիմիայի դասերը.“Այնքան չէի սիրում, որ դասարանից դուրս էի գալիս, գնում ուսուցչանոց եւ, հարմար պահի սպասելով, ժամանակից շուտ դասամիջոցի զանգը հնչեցնում”:/Արման Մարգարյանը սովորել է թիվ 102 եւ 122 դպրոցում/

Էրիկ Անթառանյանը


“Ազատ գոտի” ծրագրի հաղորդավար Էրիկ Անթառանյանը  թեեւ շատ կարճ ժամանակով, բայց կապել է պիոներական վզկապ, որը միշտ պարտավորվածության հետաքրքիր զգացողություն է առաջացրել.“Չեմ ասում հետ վերադառնան այդ ժամանակները, բայց այսօր մեր դպրոցականներին, այսինքն` սոցիումի համատարիք շերտի մի լայն զանգվածի, նման առաքելություն հաստատ պետք է, ու թող, որ այն նշանավորվի մեր զինանշանը կրող կապերով՝  թեւկապ կլինի, թե վզկապ: Վառ է նաեւ այն օրվա տպավորությունը, երբ առաջին անգամ շրջանային օլիմպիադայի հաղթող դարձա, հաջորդ օրն էլ ծննդյանս օրն էր: Մաթեմատիկան պարզապես սիրել էի, հատկապես “օլիմպիական” մաթեմատիկան: Ուսուցչուհիս՝ երջանկահիշատակ ընկեր Նավասարդյանը, չոր կին էր, դեմքին ժպիտ հազվադեպ կտեսնեիր: Այդ օրը մտավ դասարան` ձեռքին ծաղիկներ, առանց որեւէ բառ ասելու մոտեցավ ինձ: Դասարանը լուռ էր: – Ոտքի: Կանգնեցինք: -Շնորհավոր ծննդյանդ օրը: Ապրես, տղաս, դու իմ հպարտությունն ես: Դասարանը ծափահարեց, հետո էլի բոլորը լուռ էին: Մինչ այդ երբեք նրանից այսպիսի հուզումնալից պահ որեւէ մեկը չէր տեսել: Նրան սիրում էին բոլորը”: /Էրիկ Անթառանյանը սովորել է Երեւանի թիվ 144 դպրոցում/

Մենուա Մեհրաբյանը


Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյան. “Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ դպրոց հաճախել չեմ սիրել, բայց սովորել եմ գերազանց: Ամենասիրելի առարկան եղել է աշխարհագրությունը, որին փայլուն էի տիրապետում: 10 տարի եղել եմ դասարանի ավագը եւ իմ առաջադիմությամբ փորձել եմ օրինակ ծառայել համադասարանցիներիս, ունեցել եմ դպրոցական տարիների սեր: Մինչեւ 9-րդ դասարան սովորել եմ գերազանց: 9-րդ դասարանում փոխվեց հանրահաշվի եւ երկրաչափության ուսուցչուհին, ում չէի սիրում, եւ սկսեցի չսովորել այդ երկու առարկաները, ինչն էլ ազդեց բացարձակ գերազանցությանս վրա: Թերեւս ամենավառ հիշողությունը կապված է հենց այդ առարկաների եւ ուսուցչուհու հետ. ստուգողական աշխատանքների ժամանակ բոլորին բաժանում էր իրենց տետրերը, իսկ իմ տետրը միշտ թողնում էր իր սեղանին, քանի որ գիտեր, միեւնույն է, չեմ գրելու”: /Մենուա Մեհրաբյանը սովորել է Վանաձորի թիվ 6 դպրոցում, այնուհետեւ՝ Վանաձորի թիվ 20 դպրոց-վարժարանում/

Մերի Ներսիսյանը


Առաջին ալիքի հաղորդավար Մերի Ներսիսյանը  վստահ է`  սովորել է Երեւանի լավագույն դպրոցներից մեկում` Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում: Բացի տարբեր ձեռքբերումներից, այդ տարիներն իր համար ճակատագրական են դարձել, որովհետեւ հենց դպրոցում է գտել իր 3 ընկերուհիներին, որոնց հետ ուրախ, խենթ ու աննկարագրելի օրեր է անցկացրել:

Ռոբերտ Գասպարյանը


Առաջին ալիքի մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը դպրոցական տարիներին հաճախ է սիրահարվել.“Սեպտեմբերի 1-ին դպրոց ընդունվելու կապակցությամբ մեզ մոտ հանդես էր: Ինձ համար որպես զույգ ընտրել էին մի շիկահեր աղջկա, որին, իհարկե, կարող էի սիրահարվել, բայց հանկարծ հայացքս որսաց մի գանգրահեր աղջկա: Սիրահարվեցի առաջին հայացքից, հանդեսս թողեցի ու վազեցի դեպի նա: Առանց ժամանակ կորցնելու սկսեցի խոսել: Պարզվեց 6 տարեկանում լրագրող էր աշխատում “Միր” հեռուստաընկերությունում: Անունը Լիանա էր: Հիմա նա Ռուսաստանի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է` Լիանկա Գրիուն` իմ առաջին ընկերուհին”: /Ռոբերտ Գասպարյանը սովորել է Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում/

Զարուհի Ռշտունին


Առաջին լրատվականի մեկնաբան Զարուհի Ռշտունու դպրոցական հիշողություններից մեկը կապված է իր ստացած առաջին 4-ի հետ.“Առաջին 4-ս ստացա այն ժամանակ, երբ տղաներ բառը գրել էի խ տառով: Ու հիշում եմ այդ օրը մի լավ լաց եղա”: /Զարուհի Ռշտունին սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում/

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW