“Եթե որեւէ մեկն ինձ ասի, թե “Անուշը” ժամանակակից գործ չէ, կարող եմ հինգ րոպեում հակառակն ապացուցել. ոչինչ չի փոխվել. ադաթները զորեղ են”. Այս խոսքերը Սերժ Ավետիքյանն ասել է իր բեմադրած “Մի երիտասարդ աղջկա ողբերգական սիրո պատմության” երեւանյան պրեմիերայից օրեր առաջ` նշելով, որ ցանկանում է` այն նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու, կարծրատիպերը վերանայելու խթան հանդիսանա:
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" օպերայի երեւանյան պրեմիերային
Ավետիքյանական մեկնաբանությամբ "Անուշը" Փարիզ մեկնելուց առաջ արդեն երեք անգամ ներկայացել է հայ հանդիսատեսին` արժանանալով ինչպես բուռն ծափահարությունների, այնպես էլ հանդիպելով նրանց, ովքեր պատրաստ չեն տեսնելու “ադաթավորի” մեջ չտեղավորվող տարածքում հայտնված սեւաբախտ քուրիկ, նազելի Անուշին, որը “պլաստմասե կամրջի վրա սեր է վայելում կաշվե տաբատով Սարոյի հետ”, քահանա, որը “համարձակվել է սքեմ չհագնել”, պարողներ, որոնք “դհոլի եւ զուռնայի նվագակցությամբ ազգային պար պարելու փոխարեն բալետային շարժումներ են կատարում”…
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" օպերայի երեւանյան պրեմիերային
Կաննի փառատոնում Ոսկե արմավենու ճյուղի արժանացած ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի “Անուշ”-ի եւ քո հարաբերությունները պարզելու, նորը տեսնելու եւ տպավորվելու կամ այլ զգացողություններ ունենալու համար հասցրու այն դիտել մայիսի 3-ին եւ 4-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Իսկ մինչ այդ ներկայացնում ենք ու առաջարկում կարդալ Սերժ Ավետիքյանի հետ BRAVO.am-ի հարցազրույցից հատվածներ, որտեղ հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ հանդիսացող օպերայի բեմադրության եւ լիբրետոյի հեղինակը տալիս է դրան վերաբերող մի շարք հարցերի պատասխանները:
-Իսկ ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Ձեր “Անուշ”-ը:
-Առաջինն, ինչ արեցի, Թումանյանի պոեմը կրկին կարդալն ու լիբրետոյում վերականգնելն էր այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը: Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարեւոր հաղորդագրություն ունեն` ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի եւ Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների եւ գյուղի հանդեպ… Այդ լեզուները կտրվել էին, մնացել էր անեկդոտը, պատվի հարցն ու վրեժխնդրությունը:
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" օպերայի երեւանյան պրեմիերային
Թումանյանը 19-րդ դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա եւ տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն իրենց չեն թույլատրում, որովհետեւ գոյություն ունեն ադաթներ կամ ինչպես ասում են` չգրված օրենքներ, ըստ որոնց, օրինակ, Սարոն սոցիալապես ավելի ցածր է, քան Մոսին եւ Անուշը, որովհետեւ հայր չունի, մայրն էլ հայտնվում է իր մահից հետո, կամ խաղի ընթացքում մի իգիթն իրավունք չունի ամբոխի առջեւ գետնին գցել մյուսին. պատվի հարց կա: Թեեւ Թումանյանը չի գրել այս ադաթի մասին, լիբրետոյում հանդիսատեսին տեղեկացնում ենք, որ դա նշանակում է` խաղն արգելված էր, բայց չէ որ կյանքում չկա մի խաղ, որը հաղթող եւ պարտվող չունենա…
Այս երեւույթը մինչեւ այսօր Հայաստանում ու ամբողջ աշխարհում կա. կա օրենք եւ կա ադաթ: Սարոն Մոսիին գցում է գետնին, հետեւանքները գիտենք, հիմա էլ մեկը իրավունք չունի մյուսին մի բան ասել, նույն բանը կկատարվի: Եվ եթե որեւէ մեկն ինձ ասի, թե սա ժամանակակից գործ չէ, կարող եմ հինգ րոպեում հակառակն ապացուցել. ոչինչ չի փոխվել, եւ ադաթներն օրենքներից զորեղ են:
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" օպերայի երեւանյան պրեմիերային
-Ո՞րն է այն կարեւորագույն ասելիքը, որ ուզում եք “Անուշ” օպերայի միջոցով փոխանցել հանդիսատեսին:
-Ուզում եմ, որ այս գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա: Շատ կարեւոր է ամրապնդել ազատությունը նաեւ սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների եւ ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետեւ դրանից դուրս մեկ է` չես կարող ապրել: Ի՞նչ է, պետք է գնաս անմարդաբնակ կղզի, որ ազատ լինես, դա ազատություն չէ:
-Խոսենք երաժշտության վերամշակման եւ գործիքավորման մասին:
-Նախ` նշեմ, որ 1910 թվականին “Անուշ” օպերան սկսում է գրել Կոմիտասը. շատ էր հավանել պոեմը, բայց հայտնի պատճառներով անավարտ է թողնում: Արդեն 1912-ին պոեմը մշակում է Արմեն Տիգրանյանը եւ բեմադրում Գյումրիի թատրոնում: Բեմում 11 հոգի են եղել, Անուշի դերակատարն էլ ոչ թե երգչուհի էր, այլ` դերասանուհի: Գործը շատ ավելի նման է եղել երաժշտական ներկայացման, քան` ուռճացված օպերայի, սակայն խորհրդային տարիներին Տիգրանյանից պահանջել են այն վերածել երկու եւ կես ժամ տեւողությամբ, 150 հոգանոց նվագախմբի համար ստեղծագործության: Ես գտել եմ 1912-ին Տիգրանյանի ձեռքով գրված պարտիտուրան, որով էլ Անահիտ Սիմոնյանի հետ առաջնորդվել ենք երաժշտությունը վերամշակելիս եւ զտել ենք գրեթե բոլոր կրկնություններն ու ուռճացված հատվածները:
Սերժ Ավետիքյանի բեմադրած "Անուշ" օպերայի երեւանյան պրեմիերային
-Հայկական օպերայի բեմի, հագուստների ձեւավորմամբ եւ խորեոգրաֆիայով զբաղվում է ֆրանսիացի Նիկոլյա Մյուզեն: Ինչո՞վ է պայմանավորված աշխատանքային խմբում այլազգիների ներգրավելը:
-Ցանկանում եմ գնալ համամարդկայինի, զտման ճանապարհով: Ուզում եմ տարազայինը հանել գործի միջից, որովհետեւ ազգայինն արդեն իսկ կա երաժշտության մեջ, լեզուն հայերնն է: Ամեն ինչ ներկայացվելու է զտված տարածքում, լինելու են Հայաստանի բնապատկերները, որոնք նկարահանել եմ: Նշեմ, որ օգտագործել ենք նաեւ Տիգրանյանի օպերայից հանված ժողովրդական գործիքները` դհոլը, զուռնան, դուդուկը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: