Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին է հաշմանդամություն ունեցողների սեքսուալ կյանքը, ինչպիսին են նրանց հույզերը, ինչ խնդիրների են առնչվում, ինչ կուզեին ասել իրենց աշխարհից ու իրենց մասին: Հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում դեղորայքով իջեցվում է լիբիդոն՝ քնեցնելով սեռական ցանկությունները: Ֆիզիկական խնդրով մարդկանց դեպքում, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած… չգիտեմ: Իմ խառնափնթոր հույզերն ինձ պահեմ ու ներկայացնեմ հաշմանդամություն ունեցող իրական մեկի հետաքրքիր հույզերը: Խոստովանում եմ, որ միաժամանակ ապշած ու հիացած եմ՝ նման ուժեղ անձի հետ հարցազրույց մշակելով: Լիակատար առողջ բազմաթիվ տղամարդիկ այսքան ամուր ինքնագնահատական չեն կարողանում պահպանել:
*Իմ մասին. 24 տարեկան եմ: Ամուսնացած չեմ: 12 տարեկանում դժբախտ պատահարի արդյունքում կորցրել եմ վերին վերջույթներս: Առաջին սեքսը 16-ում էր: Շատ էի լարվել, ու, բնականաբար, դա շատ խանգարեց. չկարողացա բավարարվել, էլ չասեմ բավարարելու մասին: Նա մարմնավաճառ էր՝ մի քիչ թմբլիկ, շիկահեր... Հյուրանոցում էինք: Ես ու ընկերս փող էինք հավաքել հատուկ այդ օրվա համար: Չնայած, որ չստացվեց, այդ օրը չեմ մոռանա, այնպես, ինչպես մոռանալ չի լինում առաջին համբույրը կամ սերը...
*Մարմնավաճառների հետ. Վերջին անգամ մոտ 3 տարի առաջ եմ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: Ռուս էր ու շատ կրքոտ: Կյանքիս ամենահաճելի սեքսը հենց նրա հետ էր: Շատ բնական էր պահում իրեն, զգում էի, որ իրոք վայելում է՝ ի տարբերություն մեր մարմնավաճառների: Վերջիններիս համար դու հերթական բեռն ես, ումից պետք է արագ ազատվել. մի 2 անգամ անբնական բարձր տնքալ, արագ գրգռել ու գործը հասցնել ավարտին: Բացի այդ, Հայաստանում մարմնավաճառների մեծ մասը փնթի է, ու վարակների վտանգ կա: Մարմնավաճառները միշտ էլ կարեկցանքով են վերաբերվել, օգնել են հանվել-հագնվել եւ այլն... Շատ անգամ հետաքրքրվել են, հարցեր տվել պատահարի ու դժվարությունների մասին: Շատ չեմ շփվել, բայց որքան զգացել եմ, չար ու վատ մարդիկ քիչ կան մեջները:
*Ես այլմոլորակային չեմ. Սեռական կյանք վարում եմ ավելի շատ հաշմանդամություն չունեցողների հետ: Հաշմանդամները հաճախ վախենում են անգամ տնից դուրս գալ, էլ ուր մնաց՝ սեռական զուգընկեր փնտրեն կամ հավատան, որ կարող են ունենալ: Մեծ հաճույքով կծանոթանայի եւ հնարավորության դեպքում սեքսով կզբաղվեի հաշմանդամի հետ, ով բարդույթներ չունի: Հաշմանդամություն ունեցող անձն այլմոլորակային չէ: Կամայական առողջ մարդ ամեն պահի կարող է հաշմանդամ դառնալ, ու պարտադիր չէ՝ նրա սեռական ֆունկցիաները փոխվեն դեպի վատը: Մյուս կողմից, օրինակ, սայլակի դեպքում շատերը նստակյացության պատճառով սեռական թուլություն ունեն, բացի նրանցից, ովքեր որեւէ սպորտի մեջ են ներգրավված: Անձամբ ես առողջ ապրելակերպի մեծ սիրահար եմ, մի քանի մարզաձեւով եմ զբաղվում, հետեւում սննդակարգիս, ու քանզի նաեւ սայլակով չեմ, սեռական անկարողության խնդիր չունեմ:
*Սեքսը կարեւոր է. Այն կյանքի շարժիչ ուժերից, թերեւս, գլխավորն է: Հայ հասարակությունում այն տաբու է՝ հասցված աբսուրդի: Ամոթ չէ խոսել դրա մասին, զբաղվել դրանով: Ամոթ է ընկնել հասարակության ճնշման թակարդը, զսպել պահանջմունքները՝ չգիտակցելով դրա հետեւանքները:
*Հակառակ սեռի հետ. Ինձ սիրահարվելու դեպքեր են լինում: Հետո, իմանալով պատահարի մասին, այդ էմոցիաներն ավելի են զարգանում: Մի քանի անգամ հուզվել են, նույնիսկ արտասվել: Բացասական ու անադեկվատ վերաբերմունք չի գրանցվել:
*Սեքսի հասանելիություն. Հասանելի է գրեթե ամեն ինչ: Բայց, օրինակ, չեմ կարող կնոջը գիրկս առնել ու կանգնած վիճակում սեքսով զբաղվել: Չնայած՝ դա ամենապահանջված դիրքերից էլ չէ: Հաճույք ստանում եմ դիմացինին հաճույք պարգեւելուց: Ինձնից շատ փոքրերի հետ (18-20տ.) սեքսով չեմ զբաղվում: Գեղեցիկ ոտնաթաթերով կանայք իմ թուլությունն են:
*Հաշմանդամություն ունեցող անձանց սեռական կյանքը Հայաստանում. Ցավոք, այն, որպես կանոն, բացակայում է: Սրա համար մեղքի բաժին ունեն բոլորը՝ թե՛ հենց հաշմանդամներն` իրենց կարծրատիպերով եւ բարդույթներով, թե՛ համապատասխան աջակցման կենտրոնների բացակայությունը, թե՛ հասարակությունը՝ հաշմանդամության վերաբերյալ թյուրընկալումներով: Հայաստանում նույնիսկ ֆիզիկապես եւ մտովի առողջ մարդկանց համար է բարդ սեռական կյանք ապահովել: Բոլորս գիտենք, թե ինչ աբսուրդներ են առկա: Մեկից ավելի տղամարդու հետ հարաբերված աղջիկը պոռնիկ է՝ անկախ դրդապատճառներից ու հանգամանքներից: Մինչ ամուսնությունը կուսազրկվելը զրոյացնում է ամուսնանալու շանսերը: Եթե որեւէ մեկը ցանկանում է ծանոթանալ միայն սեքսի համար, ապա նրան պետք է գրողի ծոցն ուղարկել եւ այլն: Ահա հասարակական այս պայմաններում հաշմանդամն իր խնդիրներին (ֆիզիկական սահմանափակումներ, անինքնավստահություն) ստիպված է գումարել վերը նշված ծաղկաբույլը: Այդպիսով, սեռական կյանք ունենալն էլ ավելի անհավանական է դառնում:
*Լինել բացառությունների շարքից. Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր ընկերություններում: Չեմ սիրում զոհի կարգավիճակը, երեւույթները դրամայի վերածելը: Տանել չեմ կարողանում խղճահարության արժանանալ ու կյանքից ծեծուջարդ կերած պատմություններ պատմել: Իհարկե, պատահարից հետո հոգեբանական ճնշվածություն էի զգում, բայց աշխատել ու շարունակում եմ աշխատել ինձ վրա: Արդյունքում ես ինձ հաշմանդամ չեմ համարում, չեմ էլ թաքցնում անդամահատված ձեռքերս: Առանց կաշկանդվելու մոտենում, ծանոթանում եմ ինձ դուր եկած աղջիկների հետ, երբեմն իրենք էլ են առաջին քայլն անում: Չեմ հաճախում հաշմանդամների համար կազմակերպվող ու նրանց միավորող միջոցառումներին. մի քանի անգամ ներկա գտնվելով՝ հասկացել եմ, որ այդ միջավայրն ինձ համար չէ:
*Ի՞նչ է ինձ պետք սեքսում. Կարեւոր է, երբ աղջիկն ինձ հետ է իմ գրավչության շնորհիվ, այլ ոչ, որ ուղղակի չկարողացավ մերժել:
*Խորհուրդ հաշմանդամություն ունեցողներին. Հորդորում եմ դուրս գալ հարմարավետության գոտուց, ծանոթանալ նոր մարդկանց ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հնարավորության դեպքում սեքսով զբաղվել վերջիններիս հետ:
Ինքնավստահությունը նման է մկանային համակարգի, այն պետք է անընդհատ մարզել:
*Խորհուրդ հաշմանդամություն չունեցողներին. Հասարակությունն արջի ծառայություն է մատուցում հաշմանդամներին անխտիր բոլոր երկրներում: Մարդիկ օգնում, կարեկցում, մեծ վերապահումներով են վերաբերվում հաշմանդամներին, անում են ամեն ինչ նրանց փոխարեն՝ գումար վաստակելուց, հագուստ փոխելուց, մինչեւ անընդհատ ժպիտով խոսելը: Այս ամենով նրանց առօրյա խնդիրները լուծվում են, բայց անձի հաշմանդամության զգացողությունը կրկնապատկվում է: Հաշմանդամներին պետք է վերաբերվել բոլորին հավասար, որպեսզի նրանք էլ իրենց զգան բոլորին հավասար: Հենց դա է տարբերություն չդնելու իմաստն ու նպատակը:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: