×


«Positions»

«Ինչո՞ւ ենք հավատում մեզ մատուցվող չափանիշներին»․ գեղեցկության մասին` Positions-ի դիզայների հետ

Երեւանի նորաձեւության շաբաթվա ընթացքում իրենց աշխատանքները ներկայացրած յուրաքանչյուր դիզայներ ուներ ոգեշնչման իր պատմությունն ու գեղեցկության սեփական տեսլականը։ Առանձնապես աչքի ընկավ Positions ապրանքանիշի ցուցադրությունը, որը համադրել էր վառ գույները, ծաղկային մոտիվները եւ բոլորովին տարբեր արտաքինով մոդելների կերպարները։

Այդ բազմազանության միջոցով դիզայներ Սվետլանա Մկրտչյանը ձգտել է ընդգծել յուրաքանչյուր մարդու ինքնատիպությունը եւ ցույց տալ, որ գեղեցկությունը չի սահմանափակվում ընդունված չափանիշներով։ Perfect Imperfection («Գեղեցկությունն անկատարության մեջ») հավաքածուի գաղափարի մասին նա պատմել է Bravo.am-ին։

Սվետլանա Մկրտչյանը


- Սվետլանա, ի՞նչն է Ձեզ ոգեշնչել այս հավաքածուն ստեղծելիս:

- Շատերի կարծիքով՝ գոյություն ունեն գեղեցկության որոշակի չափանիշներ՝ կապված դիմագծերի ու մարմնակազմության հետ, որոնց բոլորը պետք է համապատասխանեն։ Ես, ընդհակառակը, գեղեցկությունը տեսնում եմ հենց մարդկանց յուրահատկության մեջ՝ այն ամենի, ինչը նրանց տարբերում է մյուսներից եւ դարձնում առանձնահատուկ։ Ինձ համար շատ կարեւոր էր այս հավաքածուում ընդգծել ինքնատիպությունը՝ մոդելների ընտրության եւ կերպարների ստեղծման միջոցով։

«Positions»


- Իսկ ինչպե՞ս է այս ոչ ստանդարտությունն արտացոլվում կերպարներում։

- Մի կողմից՝ կերպարներն աչքի են ընկնում լակոնիկությամբ, մյուս կողմից՝ առկա են կտրվածքի անկանոն, անավարտ տարրեր։ Պարտադիր չէ, որ հագուստը կարված լինի կտորի մեկ ամբողջական կտորից, որպեսզի գեղեցիկ համարվի։ Նույնը վերաբերում է մոդելներին. նրանք ոչ ստանդարտ արտաքինով են, բայց միեւնույն ժամանակ հիանալի տեսք ունեն։

«Positions»


- Այս հավաքածուն ստեղծելիս ի՞նչ կտորներ եւ ուրվագծեր եք օգտագործել։

- Չեմ հետեւում այն սկզբունքին, ըստ որի՝ պետք է կարել միայն բնական կամ վերամշակված կտորներից։ Հիմնականում օգտագործում եմ շիֆոն։ Ինչ վերաբերում է ուրվագծերին, ինձ շատ է դուր գալիս, երբ համադրվում են միմյանց հակասող երկու տարրեր։ Օրինակ՝ վերեւից կիպ ուրվագիծ եւ ներքեւից՝ շատ փարթամ, ծածանվող փեշ՝ անհամատեղելիի համադրություն։ Ինձ համար մարդու բնավորության ու հույզերի բազմազանությունն արտացոլվում է նաեւ հագուստում։

«Positions»


- Նկատեցի, որ կերպարներում գերակշռում են ծաղկային մոտիվները։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Positions ապրանքանիշի տարբերանշանը ծաղկի ռենտգենյան պատկեր է։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ որոշ չափով նման է ծաղկի։ Այն սեւ ու սպիտակ է, որովհետեւ, իմ կարծիքով, մենք բոլորս մարդ ենք եւ բոլորս նույնն ենք։ Հենց այդ պատճառով իմ հավաքածուներում այդքան շատ են ծաղկային մոտիվները։

«Positions»


- Սվետլանա, ըստ Ձեզ՝ ի՞նչն է այսօր խանգարում մարդկանց արտահայտել իրենց ինքնատիպությունը։

- Սոցիալական ցանցերը պատկերացումներ են պարտադրում այն մասին, թե ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ. ինչպիսի՞ն պետք է լինեն քիթը, շուրթերը, աչքերը, ինչպիսի՞ կազմվածք պետք է ունենալ։ Ո՞վ է ասել, որ չափազանց բարձրահասակ կամ ցածրահասակ լինելը տգեղ է, փարթամ կամ, ընդհակառակը, ոչ արտահայտված կազմվածքը վատ է։ Ինձ դուր չի գալիս, որ մարդիկ հավատում են այն չափանիշներին, որոնք իրենց մատուցում են։ Ինձ համար կարեւոր է, որ չլինի գեղեցկության մեկ իդեալական չափանիշ։

«Positions»


Դիզայներն առաջին անգամ էր մասնակցում Yerevan Fashion Week-ին եւ հույս ունի՝ հաջորդ տարի էլ հնարավորություն կունենա ցուցադրել իր անսովոր կերպարները՝ առաջ մղելով գեղեցկության իր տեսլականը։ Positions-ն իր հավաքածուն ներկայացրեց Baveyan եւ Baleni ապրանքանիշների կողքին։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW