×


Սիբիլը` “սերերով զբաղված” իր սրտի, Անդրեի եւ երազանքների մասին :)

Սիբիլին BRAVO.am-ն անդրադարձել է հունվարին` պատմելով նրա եւ Անդրեի` Ստամբուլում տեղի ունեցած համատեղ համերգի մասին: Ստամբուլահայ երգչուհին վերջին օրերին Հայաստանում էր` իր “Սիբիլ” ձայնասկավառակի վաճառքից ստացված հասույթը փոխանցելու 101 մանկապարտեզի համերգային դահլիճը նորոգելու համար: Նա մեզ հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, երազանքների ու առաջիկա պլանների մասին:

Սիբիլը


Ծնվել եմ Ստամբուլում: Նախնական կրթությունս ստացել եմ Մխիթարյան վարժարանի նախակրթարանում, հետո օտար վարժարան եմ սկսել հաճախել: Բայց, քանի որ հայասեր ընտանիքում եմ մեծացել, հավատարիմ եմ մնացել մեր լեզվին ու անցյալին:

Երաժշտական կրթություն չունեմ. ստացել եմ տնտեսագետի որակավորում ու այսօր էլ շարունաում եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Երաժշտություն սիրում եմ մանկուց: Քանի որ Թուրքիայում հայկական երգերով ներկայանալն այնքան էլ հեշտ չէր, որոշեցի հաճախել երգչախումբ, բայց միեւնույն է` ինձ ավելի հոգեհարազատ շարունակում էին մնալ էստրադային երգերը:

Սիբիլը


2001 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնակատարությունների առիթով Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մի համերգի էի ներկա որպես հանդիսատես: Արցունքները աչքերիս երազում էի մի օր այդ բեմում ելույթ ունենալ: Տասը տարի անց Համահայակական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի շնորհիվ իրականացավ երազանքս:

Շատ երազկոտ եմ առհասարակ: Ստեղծագործական բնույթի ամենամեծ երազանքներիցս մեկը եղել է հայալեզու ձայնասկավառակ ունենալը:  Շնորհակալ եմ բոլորին, ովքեր նախորդ տարի ձեռք են մեկնել ու օգնել իրականացնել այդ երազանքս: Այդ մարդկանց թվում են ստամբուլահայ երգահան Մաժակ Թոշիկյանը եւ թուրք անվանի երաժիշտներ Մերջան Տետեն եւ Կեոքսել Պաքթակիրը:

Սիբիլը


Թուրքիայում շատերին Սիբիլ անունը ոչինչ չէր ասում, բայց  երբ նրանք իրենց ձեռքն էին վերցնում ձայնասկավառակս ու այնտեղ գտնում վերոնշյալ երաժիշտների անունները, անմիջապես դրական կարծիք էին կազմում Սիբիլի մասին:):

Շատ եմ ուզում մեկ օր նրանց հետ համատեղ համերգ տալ հենց Հայաստանում: Հայ շատ երաժիշտներ են Թուրքիայում ելույթ ունենում, բայց թուրքերից որեւէ մեկը Հայաստան համերգներով չի գալիս:

Եթե շարունակեմ խոսել երազանքներիս մասին, ապա կասեմ, որ երազանքս է Անիի ավերակների առջեւ “Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ” երգելը, իսկ ամենամեծ երազանքս  Շառլ Ազնավուրին հանդիպելն է:

Անդրեն իմ ամենասիրելի երգիչն է ու նրա հետ մեկ բեմում ելույթ ունենալը նույնպես երազանքի պես մի բան է եղել ինձ համար:): Թուրք ընկերներս, որոնք ներկա էին մեր համերգին, ասել են` ճիշտ է` ոչինչ չէին հասկանում, բայց Անդրեի երգերն իրենց ստիպել են պարել, իսկ իմ երգերը` արտասվել:

Անդրեն եւ Սիբիլը


Բեկթորոսօղլի ազգանունս չեմ սիրում: Տարիներ առաջ մեր ազգանունը Թորոսյան է եղել, ընտանիքս ստիպված է եղել փոխել այն:  Բայց ինձ այստեղ սիրում կամ չեն սիրում մարդ լինելուս համար. ես առաջին հերթին մարդ եմ:

Աշխարհի տարբեր ծայրերից նամակներ եմ ստանում. գրում են, որ երգածիցս ոչինչ չեն հասկանում, բայց ձայնս շատ են հավանում: Այս ամենը շատ հաճելի է:

Սիբիլը


Շատ շոյվեցի, երբ “Արմենիա” եւ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ ինձ շնորհեցին “Կախարդական ձայն” եւ “Հայ երգը Սփյուռքում տարածելու ու պահպանելու համար” հատուկ մրցանակները: Սիրված ու գնահատված լինելը քաջալերում է ինձ ու ստիպում ավելի հստակ քայլերով առաջ ընթանալ:

Այսօր էլ սիրտս մադկանց հանդեպ սերերով է զբաղված, իսկ դրանից դուրս այն ազատ է:):

Սիբիլը


Չեմ կարող հստակ ասել` ինչպիսին պետք է լինի տղամարդը, որ գրավի իմ սիրտը, բայց նախեւառաջ կնախընտրեմ, որ նա լինի հայ:

Այս անգամ Հայաստան էի եկել բարեգործական առիթով, բայց բոլորն ինձնից համերգ են սպասում: Ես էլ շատ եմ ցանկանում, բայց քանի որ միայնակ չեմ կարող այն կազմակերպել, սպասում եմ առաջարկների: Հուսամ` մեկ օր կստանամ այդ առաջարկը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Սիբիլի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW