“Սինեմա Սթար” կինոթատրոնը նախորդ տարվա նոյեմբերից իր հյուրընկալ դռներն է բացել “Դալմա Գարդեն Մոլ”-ի երկրորդ հարկում: Երեւանում ժամանցի սիրելի վայր դարձած կենտրոնը երեկ` նոյեմբերի 26-ին, կազմակերպել էր առաջին տարեդարձին նվիրված մանկական միջոցառում քաղցր հյուրասիրությամբ ու անակնկալներով, որի թեմատիկան պինգվիններն էին: Ներկաները մասնակցել են “Մադագասկարի պինգվինները” 3D զվարճալի մուլտֆիլմի նախադիտմանը:
Արմինկան որդու՝ Ալեքսի հետ` "Սինեմա Սթար" կինոթատրոնի առաջին տարեդարձին
Ընտանեկան մուլտֆիլմի հերոսները չորս լրտես պինգվիններն են, որոնք համալրում են անտուն կենդանիների պաշտպանության “Հյուսիսային քամի” թիմը: Նրանք պետք է կանգնեցնեն չար ութոտնուկ դոկտոր Օկտավիուս Բրայնին, որը ցանկանում է վերացնել աշխարհը: Մոտ 90 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի հերոսների արկածներն այսօրվանից ցուցադրվում է կինոթատրոնում:
“Սինեմա Սթար”-ի մարքեթինգի մենեջեր Գոհար Նալբանդյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ֆիլմացանկում հաճախ են ներառում մուլտֆիլմեր, եւ նոյեմբեր ամսվա ամենասպասված մուլտֆիլմի հերոսներն էլ դարձել են կինոթատրոնի 1-ամյակի խորհրդանիշը.“Քանի որ մուլտֆիլմերն այնքան էլ շատ չեն, իսկ երեխաները կարիք ունեն մանկական միջոցառումների, հաճախ ենք նման նախադիտումներ կազմակերպում”,-նշել է նա` հավելելով, որ հաջորդ ամսվա ամենասպասված պրեմիերան “Հոբիթ” ֆիլմի նոր մասն է, որը կինոթատրոնում կցուցադրվի դեկտեմբերի 11-ից:
"Սինեմա Սթար" կինոթատրոնի առաջին տարեդարձին
Կինոսերներին տեղեկացնենք, որ կինոթատրոնն իր առաջին տարեդարձը տոնում է “Orange կինո” ծառայության մեկնարկով, որն “Orange”-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում չորեքշաբթի օրերին իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո եւ ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը: Ծառայությունից օգտվելու համար “Orange”-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին` նշելով “kino” բառը: Ծառայության վերաբերյալ մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/kino/ կայքում:
Ռուսաստանյան “Սինեմա Սթար” առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, որն ընդգրկված է “Տաշիր” ընկերությունների խմբում, այս մեկ տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 210.000 հաճախորդ, ցուցադրվել է 240 ֆիլմ եւ գրանցվել մոտ 14.500 կինոսեանս: Վերջին ամիսներին կինոսրահների հաճախելիության ցուցանիշը կազմել է 41 տոկոս, մինչդեռ Միացյալ Նահանգներում 20 տոկոսը համարվում է լավագույն ցուցանիշ:
"Սինեմա Սթար" կինոթատրոնի առաջին տարեդարձին
“Սինեմա Սթար Հայաստան” կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանի փոխանցմամբ` նման ռեկորդային տվյալներ երկար տարիներ չեն գրանցվել Հայաստանում.““Սինեմա Սթար”-ը դարձել է Երեւանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: Կինոն դեռեւս ցանկացած տարիքի մարդկանց ժամանցի ամենասիրված ձեւերից մեկն է: Վստահ ենք, որ մեր նոր համագործակցությունը “Orange” ընկերության հետ կինոայցելությունն էլ ավելի հետաքրքիր կդարձնի եւ ամենակարեւորը՝ առավել հասանելի բոլոր մեր հաճախորդների համար”:
Հավատարիմ կինոմաններին ու կինոգործիչներին աջակցելու իր առաքելությանը` Orange-ն օգտագործում է նաեւ իր միջազգային փորձը եւ արդեն 5 տարի անընդմեջ ամեն տարի բաժանորդներից մեկին հնարավորություն ընձեռում դառնալ Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկը.““Orange կինո” ծառայությունը գործում է դեռ 2011 թվականից. այս ժամանակահատվածում մեր բաժանորդների շրջանում ձեւավորել ու խրախուսել ենք երկուսով կինո գնալու գեղեցիկ սովորությունը: Կինոն մեր բաժանորդների կողմից ժամանցի ամենասիրված տարբերակներից մեկն է, ուրախ ենք արդեն Երեւանի 2 ամենամեծ կինոթատրոններում հայկական ու արտասահմանյան արտադրության ֆիլմերը դարձնել առավել հասանելի”-հայտնել է “Օրանժ Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
"Սինեմա Սթար" կինոթատրոնի առաջին տարեդարձին
Ի դեպ, “Տաշիր” ընկերության պլաններում նախատեսվում է Երեւանում “Սինեմա Սթար” ցանցի երկրորդ կինոթատրոնի ու “Play Lab” մանկական զվարճանքի կենտրոնի բացումը “Ռիո” առեւտրի նորաբաց կենտրոնում` 2015 թվականի վերջին ամիսների ընթացքում:
Տնօրենի փոխանցմամբ` “Սինեմա Սթար” ռուսաստանյան կինոթատրոնների ցանցը տեղակայված է Ռուսաստանի եւ Հայաստանի շուրջ 15 քաղաքում: Դահլիճներում առկա է “Dolby Digital Surround EX” ակուստիկա, նաեւ “Christie” պրոյեկտորներ՝ վայրկյանում 48 կադր ցուցադրելու հնարավորությամբ (HFR): Այն Հայաստանում նոր ձեւաչափի առաջին կինոթատրոնն է, որը ենթադրում է որակապես նոր մոտեցում ժամանցային ոլորտի նկատմամբ: 5000 քմ ընդհանուր մակերես ունեցող կենտրոնը ներառել է ոչ միայն ժամանակակից 6 կինոսրահ, այլեւ հարմարավետ հանգստի եւ բազմաթիվ զվարճանքների ընդարձակ տարածք ցանկացած տարիքի եւ նախասիրության այցելուների համար: Շուտով սպասվում է դասական ոճի ռեստորանի բացումը հատուկ դիզայնով եւ ճարտարապետությամբ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: