×


Սիրային ներկայացում` Ֆրիդա Յորքի եւ Ավո Խալաթյանի մասնակցությամբ

Սեր, վեճ, խառնաշփոթ, կիրք եւ այս ամենը համեմված պարով. փետրվարի 10-ին դերասաններ Ավո Խալաթյանը եւ Ֆրիդա Յորքը հանդիսատեսին ներկայացրին Գաբրիել Գարսիա Մարկեսի “Երկնագույն շան աչքերը” վեպի հիման վրա նոր բեմադրությունը: Երեւանի տիկնիկային թատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա էին Նունե Եսայանը, Արմեն Ամիրյանը, Մանո եւ Սարգիս Գրիգորյանները, Կամո Սեյրանյանը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: 

Ֆրիդա Յորքը եւ Ավո Խալաթյանը


Ներկայացումը կնոջ եւ տղամարդու մասին է, ովքեր սիրում են միմյանց, սակայն չեն խոստովանում իրենց զգացմունքները: Ֆրիդա Յորքը մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչու է ընտրել Մարկեսի հենց այս գործը.“Նրա ստեղծագործությունը մի ուրիշ աշխարհ է, որտեղ կարելի է անընդհատ պրպտել, եւ դեռ կմնան բաներ, որոնք կարելի է գտնել: Այն կարծես երկար ժամանակ ինձ հետապնդում էր. անընդհատ լուծումներ էի փնտրում: Սա այն գործն է, որտեղ կարելի էր միաձուլել պլաստիկան եւ խոսքը. կա երկու աշխարհ` երազ եւ իրականություն”:

Ֆրիդա Յորքը` "Երկնագույն շան աչքերը" ներկայացման պրեմիերային


Դերասանուհին նշել է, որ պատմվածքի մշակումն ու բեմադրության մտահղացումն իրենն է եւ հենց ինքն է առաջարկել Ավո Խալաթյանին խաղալ ներկայացման մեջ. “Պրեմիերայից հետո, ասես, մի մեծ քար է ընկել ուսերիցս, քանի որ այն մի ուրիշ երեւույթ է. հույզերը սարսափելի շատ են, ու պարտավոր ես քեզ ավելի շատ զսպել: Երջանիկ եմ, քանի որ կարծում եմ` հանդիսատեսից եկած էներգիան շատ դրական էր”:

Ավո Խալաթյանը BRAVO.am-ին հայտնել է, թե ինչու է ընդունել Ֆրիդա Յորքի առաջարկը.“Այստեղ խոսքի հետ մեկտեղ կա շարժում, պար, որն ինձ հոգեհարազատ է, եւ այդ պատճառով համաձայնեցի խաղալ ներկայացման մեջ: Պատճառներից մեկն էլ այն է, որ խաղընկերս Ֆրիդան է, եւ չէի կարող չհամաձայնել: Իսկ պրեմիերայից հետո բոլոր զգացմունքներս խառնվել են իրար, շատ ոգեւորված եմ ու հանդիսատեսից ստացել եմ բավական մեծ դրական էներգիա”:

Ավո Խալաթյանը եւ Ֆրիդա Յորքը` "Երկնագույն շան աչքերը" ներկայացման պրեմիերային


Ֆրիդա Յորքը եւ Ավո Խալաթյանն առաջարկում են հաճելի երեկո պարգեւել ձեր սիրելիին` նրան փետրվարի 23-ին հրավիրելով “Երկնագույն շան աչքերը” ներկայացումը դիտելու:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW