×


Սոնա եւ Արթուր.«Մեր սիրո պատմությունը»

BRAVO-ն ու շոումեն Արամ Մելիքյանը որոշել են թեթեւացնել այս տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվող զույգերի հոգսը՝ հայտարարելով «Մեր սիրո պատմությունը» շարադրությունների մրցույթ, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ստորեւ ներկայացնում ենք Սոնայի եւ Արթուրի սիրո պատմությունը:
---
Յուրաքանչյուր սիրո պատմություն սկսվում է անսպասելի՝ մեկ պատահական հանդիպում, մեկ փոխանակված հայացք, մեկ ժպիտ … Ակնթարթներ, որ սկիզբ են դնում մի նոր հեքիաթի՝ մի սիրո պատմության:

Ես եւ Արթուրն առաջին պատահական հանդիպումն ունեցանք վեց տարի առաջ՝ 2011 թվականի աշնանային մի գեղեցիկ օր:

Երկուսս էլ մենակ էինք եւ երկուսս էլ ուսումնասիրող հայացքով նայում էինք միմյանց: Ես կարծում եմ, երբ մարդ հետաքրքրություն է առաջացնում քո մեջ, եւ դու ցանկանում ես նրան ավելի լավ ճանաչել, նշանակում է, որ նա իսկապես քո պատկերացրած անձնավորությունն է:

Արթուրը եւ Սոնան


Արթուրին ես անչափ շնորհակալ եմ այդ հաճելի օրվա եւ անկրկնելի նվերի՝ սիրո զգացում ունենալու համար: Ասպետական հիացմունք, նվիրվածություն եւ ջերմ վերաբերմունք՝ ահա այն ընդհանուր գծերը, որոնց բազմապիսի հուզական նրբերանգներով, գունեղ եւ ինքնատիպ պատկերներով տպավորված ես գնացի տուն:

Իմ առաջին խոստովանությունը չի եղել այնպես, ինչպես սովորաբար է լինում՝ ռոմանտիկ միջավայր, երաժշտություն եւ այլն: Բոլորս էլ գիտենք, որ պարը մարդկության հնագույն լեզուներից է, ինքնահաստատման լավագույն միջոցը: Ես քաջություն ունեցա Արթուրին իմ սերը հաղորդել պարի շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր պար կրում է իրեն բնորոշ էներգիա եւ բովանդակություն:

Հաճախում էի  «Արեւաշող» պարային համույթ, որի ղեկավարն ու պարուսույցն իմ մայրն է՝ Ալվարդ Բադալյանը: Մեր հերթական համերգային ծրագրի իրականացմանը հրավիրել էի Արթուրին: Այդ օրն անհատական պար պարելով՝ իմ վերաբերմունքն ու սերը հաղորդեցի Արթուրին:

Ես պարեցի Սայաթ-Նովայի «Նազանի» երգի երաժշտության ներքո, պարեցի Արթուրի համար, միայն Արթուրի ու Արթուրի հետ խոսելով:

Սոնա Տերտերյանը


Բոլորս էլ գիտենք՝ Սայաթ Նովայի խոսքը գեղեցիկ է, հյութեղ, կենդանի լեզվին բնորոշ իմաստուն եւ դիպուկ արտահայտչաձեւերով համեմված: Տարվեցի երաժշտությունով ու պարեցի մարմնով, հոգով, կարծես մեր մեջ ջնջվել էին բոլոր սահմանները: Այս յուրահատուկ լեզվով արտահայտեցի ամենաթաքուն մտքերս անգամ, զգացմունքներս, ցանկություններս, այն ամենը, ինչը գուցե երբեք չհամարձակվեի ասել բառերով: Արթուրը անմիջապես համերգից հետո ինձ տեսնելու պատրվակով գալիս է ետնաբեմ, հայտնվում մայրիկիս առջեւ (չէին ճանաչում իրար) եւ ներկայանում որպես իմ եղբայր, դե, պատկերացրեք:):

2013 թվական հունիսի 14, Արցախ, Մարտակերտ: Արթուրը գնաց բանակ՝ իր հայրենիքի առաջ պարտքը կատարելու: Նա կանգնեց երկու պատերազմների՝ սիրո եւ թշնամու դեմ միաժամանակ: Երկուսն էլ հեշտ ծագում, բայց դժվար են կանգնեցվում:Այո՛, պատերազմ.  2014 թվականի օգոստոսին տեղի ունեցած գործողություններին Արթուրը յոթօրյա մասնակցություն ունեցավ …

Այսօրվա պես հիշում եմ Արթուրի մայրիկի երկտողը, որ գրել էր Նոր տարվա կապակցությամբ.«Տղա՛ս, ես, չնայած մեր մեջ եղած 400 կմ հեռավորությանը, հպարտ եմ, որ այսօր հայ ազգը պատրաստվում է տոնակատարության իր հարկի տակ քո՛ եւ քո՛ ընկերների շնորհիվ»:

Արթուրը, չնայած տխուր դեպքերին, կամքի ուժ ունեցավ անակնկալ մատուցել ինձ: Նա իմ ծննդյան օրը եկավ արձակուրդ ու ինձ նվիրեց մեր հեքիաթային երազանքների մոդելը՝ փոքրիկ տնակը:


Երկու տարվա մեջ կուտակված դժվարին ամիսների, օրերի, ժամերի ու վայրկյանների ապրումներից հետո Արթուրը զորացրվեց ու հենց այդ օրն առաջին անգամ ինձ տարավ իրենց տուն:

Այսօր էլ Արթուրը հպարտ կանգնած է սիրո՝ կայծակի պես հասցնող ամենաուժեղ եւ հաճելի հարվածների առջեւ:

Այնքա՜ն հաճելի է տեսնել, որ քեզ համար թանկ եւ սիրելի մարդու երջանկության պատճառը դու ես:

6 տարի անց ես պատրաստվում եմ նոյեմբեր ամսին նորից Սայաթ-Նովայի գեղեցիկ երաժշտության ներքո պարել Արթուրի համար, բայց այս անգամ հարսանեկան ճերմակ զգեստով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW