×


Սոսո Պավլիաշվիլիի «հաճույքի տեսությունը» եւ առաջիկա երեւանյան համերգը

Վրացի հայտնի երգիչ, երաժիշտ Սոսո Պավլիաշվիլին սեպտեմբերի 17-ին մենահամերգով հանդես կգա Երեւանում: Հատկանշական է, որ այս անգամ նրան նվագակցելու է հայ երաժիշտներից կազմված «Նավերեյ» նվագախումբը, որի անդամները մեկ նախագծում են հավաքվել հատուկ այս համերգաշարի համար:

Պավլիաշվիլին օրերս այստեղ էր՝ մասնակցելու համերգի նախապատրաստական փորձերին: Այդ ընթացքում BRAVO.am-ը հասցրել է հանդիպել եւ բացառիկ հարցազրույց ունենալ հայտնի երգչի, ինչպես նաեւ երաժիշտ Արտակ Ներսիսյանի հետ, ով էլ գլխավորում է «Նավերեյ» նվագախումբը: Երաժիշտներին կարող եք տեսնել նաեւ մեր ֆոտոշարքում, որն արվել է երեկվա համերգային փորձի ժամանակ:

Սոսո Պավլիաշվիլին


Մեզ հետ զրույցում Սոսո Պավլիաշվիլին ասաց, որ համերգի ժամանակ ներկայացնելու է իր նոր ալբոմը, որտեղ ընդգրկված են ինչպես նոր, այնպես էլ սիրված երգերի նոր մշակումներ.«Մեր պատրաստած ծրագրում գրեթե բոլոր երաժշտական ժանրերը կան՝ ե՛ւ նորաոճ երաժշտություն, ե՛ւ միշտ արդիական, հավերժական երաժշտություն: Լինելու է միայն ամենալավը՝ վերցված անցյալից, մեծանուն վարպետների երաժշտությունից, որոնցից մենք սովորել ենք՝ սկսած Մոցարտից, վերջացրած Սթիվի Ուանդերով: Էլ չեմ խոսում մեր արմատների մասին՝ Եթիմ Գուրջի, Սայաթ-Նովա, վրացական եւ հայկական ֆոլկլոր, կովկասյան երաժշտություն, ջազ, բլյուզ եւ այլն»:

Շարունակելով խոսել համերգային ծրագրի եւ հայ երաժիշտների հետ համագործակցության մասին՝ երգիչն անկեղծացավ, որ իրենք միասին պատմություն են կերտում՝ ստեղծելով որակյալ ու մնայուն երաժշտություն.«Երբ Արտակը նվագում է շրթհարմոնով, այնպիսի տպավորություն է, որ մենք լրիվ այլ աշխարհում ենք: Տղաների նվագելու ժամանակ անբացատրելի հաճույք ես զգում, եւ առաջին իսկ ակորդներից սկսում ես հարգել այն, ինչ անում ես: Մենք լավ իմաստով ընկնում ենք տրանսի մեջ, մենք միասին ստեղծում ենք հավերժական երաժշտություն: Համերգին կհնչեն երգեր իմ հին երգացանկից, կլինեն նաեւ նոր երգեր նոր ալբոմից, որը կոչվում է «Жизнь - это кайф», ինչպես եւ մեր համերգային ծրագիրը»,- նշեց Պավլիաշվիլին:

Արտակ Ներսիսյանը եւ Սոսո Պավլիաշվիլին


Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու է որոշել իր նոր ալբոմն ու համերգային ծրագիրն այդպես անվանել: Սոսոն ասաց` նախ եւ առաջ ալբոմում ընդգրկված երգերից մեկն է այդպես կոչվում, հետո էլ` կյանքն իսկապես «կայֆ» է. «Եթե վայելենք այսօրվա պահը, ապա քիչ առաջ տաղանդավոր մարդկանց հետ լավ երաժշտություն էինք նվագում, փորձ էինք անում, հիմա էլ Արտակի հետ նստած եմ իմ դստեր հասակի մի գեղեցիկ աղջկա հետ եւ տեսնում եմ` ինչպես է նա մեզ անկեղծ ժպտում, գեղեցիկ, ինչպես հրեշտակ: Արդեն կայֆ է, ի՞նչ կարող է լինել ավելի լավ: Ես միանգամից հիշում եմ իմ աղջիկներին, հիշում եմ իմ Իռոչկային, արդեն հաճելի է: Մենք նվագում էինք ծնողների մասին, եւ ես հիշեցի ծնողներիս, Աստված նրանց հավերժ կյանք տա: Մի՞թե կայֆ չէ, երբ մենք կարող ենք մեկս մյուսին զանգել ու ասել՝ լսի՛ր, ես կարոտել եմ, կամ ես լավ նորություն ունեմ: Երբ կա ինչ-որ մեկը, ում հետ կարող ես կիսվել, դա արդեն կայֆ է: Եվ մենք այդ մասին ոչ միայն երգելու ենք, այլեւ խոսելու ենք բեմից: Լինելու են նաեւ կենացներ, որպեսզի մեր սրտերը երկար տարիներ միացած մնան, եւ նորից համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»:

Վրացի երգիչը նաեւ անկեղծացավ՝ թեեւ աշխարհում ոչ մի տեղ վատ հանդիսատես չկա, բայց հայկականը, այնուամենայնիվ, տարբերվում է իր ընդունելությամբ ու ջերմ էներգետիկայով.«Ցավոք, ինձ հիմա չեն հերիքում Վրաստանում ելույթները, որովհետեւ քաղաքական պատճառներով վրաստանյան համերգներն այժմ ինձ համար չեն: Բայց կգա ժամանակ, երբ իրավիճակը կկայունանա, եւ մարդիկ հնարավորություն կունենան սթափ գնահատել երաժշտությունը: Այդ իսկ պատճառով ինձ համար կրկնակի լավ զգացողություններ են Երեւանում՝ կլինեն դրանք կորպորատիվ ելույթներ, թե համերգային ելույթներ: Ինձ համար դա իսկապես մեծ երջանկություն է, եւ հայ հանդիսատեսը, կարծում եմ, կգնահատի: Ես այդ հարցում չեմ կասկածում, որովհետեւ դա մեր երաժշտությունն է»:

Արտակ Ներսիսյանը եւ Սոսո Պավլիաշվիլին


Քանի որ մինչեւ համերգը դեռ յոթ օր էլ կա, Սոսո Պավլիաշվիլիին հարցրինք, թե ինչպես է պատրաստվում անցկացնել իր օրերը Հայաստանում, եւ արդյո՞ք նրան ուղեկցում են կինն ու երեխաները: Սակայն պարզվեց, որ մեր զրույցից անմիջապես հետո երգիչը մեկնելու էր Դուբայ, այնուհետեւ՝ Թուրքիա, Մինսկ, որից հետո միայն կվերադառնա Հայաստան եւ այստեղ կլինի երեք օր: Ասաց՝ կինը՝ Իրինան, ուղեկցելու է իրեն, բայց արդյո՞ք ելույթ կունենա, առայժմ չի կարող ասել: Իսկ երեխաները սովորում են, այդ պատճառով էլ մնալու են Վրաստանում.«Հայաստան կգան նաեւ ծնողներս, այստեղ է քույրս, կգան նաեւ հարազատներս, այնպես որ, Վրաստանը մեզ հետ կլինի (ժպտում է,- հեղ.)»:

BRAVO.am-ը զրուցել է նաեւ շրթհարմոնահար եւ կիթառահար Արտակ Ներսիսյանի հետ ու հետաքրքրվել, թե ինչպես է ստացվել իր եւ Սոսո Պավլիաշվիլիի համագործակցությունը: Արտակը պատմեց, որ Սոսոն իր մասին իմացել է տեսանյութի շնորհիվ, որ հրապարակել էր Լեոնիդ Ագուտինն իր ինստագրամյան էջում՝ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը: Այնուհետեւ զանգահարել է Գարիկին եւ հարցրել, թե ինչպես կարող է ծանոթանալ իր հետ, քանի որ ցանկանում է համագործակցել.«Դրանից հետո եղավ առաջարկը, որ ուզում է նվագախումբ հավաքել, եւ ինձ է վստահում այդ գործը: Հարցրեց՝ կարող եմ անել, ասացի՝ իհարկե: Այդպես հրավիրեցի երաժիշտներին, եւ սկսվեց համագործակցությունը»:

Սոսո Պավլիաշվիլին եւ «Նավերեյ» բենդը


Երաժիշտը նաեւ ասաց, որ «Նավերեյ Օրքեսթրայի» կազմով երեւանյան երկու համերգներից հետո ելույթ են ունենալու նաեւ Չինաստանում: Այնուհետեւ` հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի հոբելյանական համերգը, որտեղ հենց իրենք էլ նվագելու են հրավիրված մի քանի այլ երաժիշտների հետ.«Եթե «Նավերեյը» հակառակ կողմից ընթերցենք, ապա ստացվում է՝ Երեւան, այդ տրամաբանությամբ ենք անվանել նվագախումբը: Դե, իսկ Սոսո Պավլիաշվիլին բացառիկ երաժիշտ է, եւ այն հաճույքը, որ մենք ստանում ենք նրա հետ նվագելիս, աներեւակայելի է: Համոզված եմ՝ այդ դրայվն ու էներգետիկան բեմում բազմապատկվելու են հարյուր անգամ:)»,- եզրափակեց նա:

Սոսո Պավլիաշվիլիի եւ «Նավերեյ Օրքեսթրայի» համերգը Երեւանում ներկայացնում են «Mezzo Production»-ը եւ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին