“Նախքան մեռնելս”. այսպես է կոչվում ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի կարճամետրաժ նոր ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում, իսկ պրեմիերան տեղի է ունեցել երեկ` հուլիսի 17-ին, 11-րդ “Ոսկե ծիրան”-ի արտամրցութային ծրագրի շրջանակում: Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճի մուտքն ազատ էր, անդրանիկ ցուցադրությանը ներկա էին ինչպես ռեժիսորի գործընկերները, մտերիմները, այնպես էլ կինոսերներ:
"Մինչեւ մեռնելս" ֆիլմի պրեմիերային
23 րոպե տեւողությամբ ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սուրեն Թադեւոսյանն իր գաղափարն իրականացրել է հայ եւ ամերիկացի մասնագետների հետ` մեծ էկրան բարձրացնելով կյանքից վերցված դեպքեր.“Ոմանք մտածում են` բժիշկներին շատ դրական եմ ներկայացնում, բայց ճանաչում եմ այնպիսիններին, որ կարող են ազդել հիվանդի վրա` փոխելով առողջության ընթացքն ու ապրելու որակը”:
“Նախքան մեռնելս”-ը մի շարք հարցեր է բարձրացնում. ի՞նչ է կատարվում, երբ մարդու կյանքը հիվանդության պատճառով մի քանի վայրկյանում փոխվում է, ի՞նչ անել, երբ դեմ առ դեմ ես կյանքի ու մահվան հետ, ինչպե՞ս է բժիշկը ֆիզիկականից վերածվում հոգու բժշկի:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը
Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Արման Նշանյանը, Ալլա Թումանյանը, Խաչատուր Հունանյանը, Լիլիթ Ռոմանին, Նիկոլ Սանչեսը: Պրեմիերային դերասաններից ներկա էր Արման Նշանյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ չի սիրում իր մասնակցությամբ աշխատանքները դիտել.“Սովորաբար, իմ աշխատանքից ներքուստ բավարարված չեմ լինում, նույնիսկ լավ ու վատ գնահատականներն ու կարծիքներն իմ հոգեվիճակը չեն փոխում: Շատ լավ գիտեմ` ինչ կարող էի անել ու ինչի պատճառով լիարժեք չարեցի, բայց հավանեցի այս ֆիլմի վերջնարդյունքը”:
Ռեժիսորի խոսքով` “Մինչեւ մեռնելս”-ը օգոստոսին կներկայացվի Հնդկաստանում, հոկտեմբերին` Պերուում, նոյեմբերին` Մեքսիկայում.“Կուզեինք, որ ֆիլմն ընդգրկվեր նաեւ “Ոսկե ծիրան”-ի մրցութային ծրագրում, բայց հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո մոնտաժեցինք: Մեզ համար կարեւոր էր, որ պրեմիերան տեղի ունենար Հայաստանում”:
Արման Նշանյանը` Սուրեն Թադեւոսյանի "Մինչեւ մեռնելս" ֆիլմի պրեմիերային
Սուրեն Թադեւոսյանն դիտումից հետո շնորհակալություն է հայտնել իր թիմին եւ հիշել Մարկ Սաղաթելյանին.“Համոզված եմ` մի մարդ շատ կուրախանար իմ հաջողությամբ, եթե այսօր մեր կողքին լիներ: Ուղիղ երկու շաբաթից կլրանա մեկ տարին, ինչ Մարկը մեզ հետ չէ: Հիվանդությունից ոչ մեկս ապահովագրված չենք: Ամենակարեւորը` Աստված բոլորիս առողջություն տա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: