Սոֆի Մխեյանի “Моя игрушка”-ն արդեն ներկայացրել ենք: Երգի երաժշտության, ինչպես նաեւ տեսահոլովակի հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Աիդա Արամին: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում իր նոր աշխատանքի հետ կապված հետաքրքիր մանրամասներ է բացահայտել:
Սոֆի Մխեյանը
Նրա խոսքով` սա գարնանային յուրօրինակ նվեր է իր հանդիսատեսին.“Գաղափարը ծագել է շատ անսպասելի: Այդ օրը Նիկի ստուդիայում աշխատում էի մեկ այլ գործի վրա, մի պահ ընդմիջեցինք, նա էլ ցույց տվեց այս երգը, որը մի տղա էր երգում: Հավանեցի եւ ասացի, որ պարտադիր ու հենց այդ պահին ուզում եմ կատարել այն եւ ձայնագրվել: Հավելյալ էֆեկտներ չենք կիրառել. ձայնիս խռպոտությունը վատառողջ լինելու հետեւանք է”:
Պարզվում է` երգի պրեմիերան նախատեսված է եղել տարեսկզբին.“Այն հետաքրքիր կերպով պետք է հանդիսատեսին ներկայացվեր դեռ հունվարին, սակայն Գյումրու դեպքերը տեղի ունեցան, եւ ես պարզապես լռեցի այդ շրջանում ու փակեցի բոլոր էջերս”:
Սոֆին նաեւ տեղեկացրել , որ “Моя игрушка”-ն առաջին անգամ համացանցում հայտնվել է դեռ ամիսներ առաջ.“Երգն անանուն ուղարկեցինք ռուսական “Ello”-ին, եւ եթե չհամապատասխաներ իրենց չափանիշներին, ապա պատասխան նամակով կհրաժարվեին տեղադրել, բայց, ի ուրախություն մեզ, իմ երգը դեկտեմբերի 23-ից հնչում է “Ellօ”-ում”:
Երգչուհին վաղուց նպատակ է ունեցել հանդիսատեսին մատուցել որեւէ գործ` առանց ներկայանալու, ինչը հնարավորություն կտար լսել ավելի անկեղծ արձագանքներ.“Մենք` հայերս, շատ ենք սիրում քննադատել, փնովել: Թեեւ առողջ քննադատություններին դեմ չեմ, այնուամենայնիվ, ուզում էի հասկանալ նրանց կարծիքն իմ երգի եւ կատարման վերաբերյալ: Գաղտնիության դեպքում վստահ էի, որ մարդիկ իրենց կարծիքներում ավելի ազնիվ կլինեն”:
Սոֆի Մխեյանն ամեն բան անում է, որպեսզի չձուլվի տիրող միօրինակությանը եւ ստեղծի հետաքրքիր գործեր.“Ինչպես Նազենի Հովհաննիսյանը վերջերս բնորոշեց ինձ, ես սիրում եմ գործել, այլ ոչ թե պահմտոցի խաղալ: Փորձում եմ պարզապես կտրվել մեր այսօրվա երաժշտական իրականությունից, որը շատ միապաղաղ ու կրկնվող է: Որեւէ գործ ստեղծելիս երբեք չեմ մտածում զարմացնելու մասին, բայց մարդիկ հաճախ այդպես են բնորոշում աշխատանքս, եւ բացառություն չեղավ նաեւ “Моя игрушка”-ի դեպքում”:
Սոֆի Մխեյանը
Չնայած զբաղվածությանը` նա մշտապես ժամանակ է գտնում շրջագայելու համար. “Ինձ համար ճամփորդելը դարձել է տարերք: Եթե չունենամ հնարավորություն, ապա կստեղծեմ այն, որպեսզի պարտադիր կարողանամ այցելել տարբեր երկրներ: Սիրում եմ ճանաչել աշխարհը եւ աշխարհում ինքս ինձ”: Երգչուհին առանձնացրել է Բելգիայի քաղաքներից մեկը.“Բրյուգեն ինձ համար հեքիաթային է: Չնայած, որ երկու տարի առաջ եմ եղել այնտեղ, չեմ մոռանում”:
Խոսելով մտերիմների մասին` Սոֆին նշել է, որ շատ ընկերասեր է, բայց նաեւ կարծում է, որ լավ ընկերների շրջանակը նեղ է լինում.“Նազենիի հետ մենք մտերմացանք գործի բերումով: Այսօր այդ ընկերությունն ինձ համար շատ թանկ է. շատ եմ արժեւորում: Յուրաքանչյուրին կկամենամ Նազենիի նման ընկեր ունենալ, հուսով եմ` նա եւս այդ կարծիքին է իմ մասին”:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: