«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ տեղի ունեցավ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Հատուկ հյուրերից էր Մեծ Բրիտանիայից ժամանած դիրիժոր Դեւիդ Դեւիսը: Համերգին հնչող մի քանի ստեղծագործություն տարիներ առաջ պատվիրված են եղել հենց իր կողմից. Դեւիսն է հանդիսացել դրանց առաջին կատարողը:
Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին
1989 թվականին մաեստրոյի հրավերով Ստեփան Ռոստոմյանը մեկնում է Շոտլանդիա եւ առաջարկ ստանում գրել «Սիմֆոնիա թիվ 3»-ը, որը նույնպես հնչեց համերգի ընթացքում.«Հայ կոմպոզիտորը կարողացավ կյանքի կոչել այնպիսի մի ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի ունեցավ հեղինակավոր միջազգային փառատոնին: Առաջին կատարումից հետո այդպիսի հաջողություն չէի տեսել ու հետո էլ երբեւէ չտեսա»,-պատմեց Դեւիդ Դեւիսը:
Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին
Հոբելյանական երեկոյին հնչեցին նաեւ կոմպոզիտորի «Սիմֆոնիա թիվ 1», «Տաղ հրեշտակային», «Սիմֆոնիա թիվ 4» ստեղծագործությունները: Ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Վահագն Հայրապետյան» ջազ-տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը: Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը եւ Դեւիդ Դեւիսը:
Արամ Սուքիասյանը, Ստեփան Ռոստոմյանը եւ Արմեն Ամիրյանը
«Տարիքի հետ կապված որեւէ զգացողություն չունեմ: Չեմ էլ ուզում մտածել կամ խոսել դրա մասին: Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի, խոսքի մեջ հարցրեց՝ ինչքան թոշակ եմ ստանում: Զարմացա ու ասացի, որ այն օրը, երբ սկսեմ թոշակ ստանալ, կուզեմ այս աշխարհից փախչել: Կյանքս միշտ շարունակվող պատմություն է, ես էլ երիտասարդ մարդ եմ»,-ասաց Ստեփան Ռոստոմյանը:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: