«Գրական տապան 2016»-ն իր թեժ ընթացքի մեջ է: Մինչեւ սեպտեմբերի 28-ը Երեւանում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ընթերցումներ, քննարկումներ եւ այլն։ BRAVO.am-ը հանդիպել է փառատոնի շրջանակում մեր մայրաքաղաք ժամանած գրողներից մի քանիսին եւ խնդրել պատասխանել չորս միեւնույն հարցերին:
Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն)
Բաշիր Սակհավարզ.«Գուցե ես էլ մի փոքր հայ եմ»
-Ի՞նչ կլիներ, եթե գրականություն գոյություն չունենար:
-Կյանք չէր լինի, որովհետեւ հենց գրականության շնորհիվ է, որ կարողանում ենք ինֆորմացիա փոխանցել. դա է միակ արձանագրությունը։ Բառերի շնորհիվ է, որ կարողացել ենք պահպանել գոյությունը։ Նույնիսկ Աստվածաշնչում նշվում է, որ բառն էր սկզբում: Իմ անձնական վերաբերմունքն այս մտքին այն է, որ բառն Աստվածն է։ Այնպես որ, առանց բառերի կամ գրականության չէինք իմանա, որ մեզնից առաջ կյանք է եղել։
-Առաջին անգամ ե՞րբ զգացիք, որ գրող եք:
-Այն պահին, երբ հասկացա, որ ինձ հաջողվել է ստանալ բանաստեղծությանս ռիթմն ու այսուհետեւ կկարողանամ օգտագործել այն, զգացի, որ պոետ եմ։
-Ձեր սիրելի ո՞ր գրողին կուզեիք հանդիպել եւ ի՞նչ կհարցնեիք նրան:
-Կուզեի Ռումիին հանդիպել. իմ սիրելի գրողն է։ Ինձ նման նա էլ Աֆղանստանից էր, առաջինը նրա գործերն եմ կարդացել, նրա տողերն ամեն օր կարդում եմ։ Կուզեի հարցնել նրան՝ արդյոք հնարավոր է այնքան սիրահարված լինել կնոջը, որքան ինքն էր։
-Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ ասում են Երեւան:
-Աֆղանստանում մոտ 200 տարի առաջ շատ հայեր են ապրել, գինեգործներ են եղել, որոնց հետագայում բնաջնջել են, տեղահան արել։ Այնքան եմ ցավում դրա համար, որովհետեւ Աֆղանստանը նրանց տունն է եղել։ Գուցե հոգուս խորքում ես էլ մի փոքր հայ եմ, ուզում էի անպայման տեսնել Հայաստանը, գիտեի, որ հարուստ մշակույթ ունեք։ Իրականում կարծում եմ՝ կոնկրետ ազգություն չկա. բոլորիս երակներով այնքան արյուն է հոսում։
Վադիմ Մեսյացը (Ռուսաստան)
Վադիմ Մեսյաց.«Առաջին սերս հայուհի էր»
-Ի՞նչ կլիներ, եթե գրականություն գոյություն չունենար:
-Այս հարցի շուրջ շատ եմ մտածել։ Կարծում եմ՝ մարդկանց հետ ոչ մի ահավոր բան չէր լինի, բայց, միանշանակ, գրականությունը գեղեցկացնում է կյանքը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ անձամբ ես առանց գրականության չէի կարող ապրել։
-Առաջին անգամ ե՞րբ զգացիք, որ գրող եք:
-6 տարեկան էի, հեքիաթ էի գրել։ Իհարկե, այն նման էր այն հեքիաթներին, որ կարդում էի այդ ժամանակ։ Հետո էլ արդեն դպրոցում սիրավեպեր էի գրում։ Փոքրուց էլ գիտեի, որ գրող եմ լինելու։
-Ձեր սիրելի ո՞ր գրողին կուզեիք հանդիպել եւ ի՞նչ կհարցնեիք նրան:
-Շեքսպիրին կհարցնեի՝ արդյոք ինքն է գրել այդ ամենը։ Նա հանճար է ու եթե իսկապես հենց ինքն է բոլոր ստեղծագործությունների հեղինակը, ես պարզապես հոտնկայս ծափահարում եմ նրան։
-Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ ասում են Երեւան:
-Արդեն երրորդ անգամ եմ այստեղ։ Եթե ուզում եք, որ անկեղծ պատասխանեմ, ուրեմն կասեմ, որ առաջինը գեղեցիկ կանանց մասին եմ մտածում։ Առաջին սերս էլ հայուհի էր։
Անտոնիո Ֆիանը (Ավստրիա)
Անտոնիո Ֆիան.«Կուզեի Կաֆկայի հետ գարեջուր խմել եւ զրուցել»
-Ի՞նչ կլիներ, եթե գրականություն գոյություն չունենար:
-Կյանքն անհնարին կլիներ՝ մեզ պետք է գրականությունը, արվեստը, երաժշտությունը։ Կարծում եմ՝ առանց այդ ամենի մարդը չէր կարողանա գոյատեւել։
-Առաջին անգամ ե՞րբ զգացիք, որ գրող եք:
-Շատ փոքր տարիքում եմ զգացել, որ ուզում եմ գրող լինել։ Տարիներ անց, երբ հանդիպեցի դասընկերներիս, ասացին՝ միշտ էլ գիտեին, որ գրող եմ դառնալու։
-Ձեր սիրելի ո՞ր գրողին կուզեիք հանդիպել եւ ի՞նչ կհարցնեիք նրան:
-Կաֆկային կուզեի հանդիպել, նրա հետ գարեջուր կխմեի ու կզրուցեի։ Կուզեի հարցնել՝ արդյոք հնարավոր էր գրել այդ ամենը՝ չլինելով այդքան դժբախտ։
-Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ ասում են Երեւան:
-Շատ չեմ ճամփորդում, բայց կասեմ, որ Երեւանը շատ եմ սիրել։
Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա)
Ռոդոլֆո Հասլեր.«Երեւանում հարազատ բան եմ զգում»
-Ի՞նչ կլիներ, եթե գրականություն գոյություն չունենար:
-Անհնար է, նման բան չի կարող լինել։ Գրողներն այն մարդիկ են, ովքեր կարողանում են ավելի խոր տեսնել, զգալ այն, ինչը ոչ բոլորն են զգում։ Առանց նման մարդկանց կյանքն անհնար կլիներ։
-Առաջին անգամ ե՞րբ զգացիք, որ գրող եք:
-19 տարեկան էի։ Մինչ այդ հորս ուղին էի շարունակում. նկարչությամբ էի զբաղվում: Հետո սկսեցի կարդալ ու մի օր հասկացա, որ ներսումս ամեն բան փոխվել է եւ ես ուզում եմ գրել։
-Ձեր սիրելի ո՞ր գրողին կուզեիք հանդիպել եւ ի՞նչ կհարցնեիք նրան:
-Գարսիա Լորկային կուզեի հանդիպել ու հարցնել, թե ինչ է զգացել կյանքի վերջին երկու օրը՝ մահից առաջ, երբ նրան ձերբակալեցին ու սպանեցին։
-Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ ասում են Երեւան:
-Հրաշալի քաղաք է, ինչ-որ հարազատ բան եմ զգում։ Յուրահատուկ քաղաք է, տարբեր ազդեցություններ եմ զգում մշակութային առումով։
Զրուցեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: