×


Վազի´ր կնոջդ մոտ :)

“Վազիր կնոջդ մոտ” հայկական նոր կինոկատակերգությունը մարտի 8-ից ցուցադրվում է “Մոսկվա” կինոթատրոնում: Ֆիլմի փակ դիտումը տեղի է ունեցել կանանց մեկամսյակի նախօրեին, որին ներկա էին ինչպես ֆիլմի ստեղծագործական կազմն, այնպես էլ մի շարք դերասաններ, ռեժիսորներ ու կինոսերներ:

"Վազիր կնոջդ մոտ" կինոկատակերգությունը ցուցադրվում է "Մոսկվա" կինոթատրոնում


Կատակերգության սյուժեն հիմնված է անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի “Վազիր կնոջդ մոտ” պիեսի վրա, կերպարները հայկականացված են, գործողություններն էլ տեղի են ունենում Երեւանում` պատկերելով նրանց մեկ օրվա արկածները:

Ըստ սյուժեի` գլխավոր հերոս Հովհաննես Դարբինյանն ունի երկու օրինական կին` Մարիամ Դարբինյանն ու Լիլիթ Դարբինյանը: Նա ամեն կերպ փորձում է մեկի գոյությունը թաքցնել մյուսից։ Մեկ օր էլ վարորդ հերոսը փորձում է ավազակներից փրկել մի տատիկի, պայուսակով հարված է ստանում գլխին ու հայտնվում հիվանդանոցում… Երկու տան հասցեները շփոթելու պատճառով անելանելի իրավիճակում հայտված Հովհաննեսին փորձում է օգնել հարեւան Սարգիս Երիվարյանը. երկու կանանց ու քննիչների համար նրանք անընդհատ ստեր են հորինում ու զվարճալի իրավիճակներում հայտնվում:

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը


“Վազիր կնոջդ մոտ” ֆիլմում նկարահանվել են դերասաններ Կարեն Մկրտչյանը, Սաթենիկ Հազարյանը, Ժաննա Հովակիմյանը, Գնել Սարգսյանը եւ այլք: Սցենարի համահեղինակներն են Արմեն Միրզոյանն ու Կարեն Մնացականյանը:

Ի դեպ, նախորդ տարվա ապրիլին անգլիական այս պիեսը “Սիրահարված տաքսիստը” վերնագրով ներկայացվել է մայր թատրոնի բեմից, որի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է: Նշենք, որ հայկական թատերական ներկայացումն ու ֆիլմը միմյանցից բավականաչափ տարբերվում են: Վերջինում գործողություններն այլ կերպ են զարգանում, նոր դերակատարներ ու տեսարաններ են ավելացված:

Դերասան Գնել Սարգսյանը


Ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանի խոսքով`վաղուց է մտադրված եղել կատակերգություն նկարահանել եւ “Վազիր կնոջդ մոտ” պիեսին ծանոթանալուց հետո իր թիմի հետ անցել է հենց այս գործի էկրանավորման աշխատանքներին:

Հովհաննես Դարբինյանի դերակատար Կարեն Մկրտչյանը BRAVO.am-ին հայտնել է, որ տարբեր սերիալներում ու ֆիլմերում նկարվելուց հետո առաջին անգամ հանդես է եկել գլխավոր հերոսի կերպարում. “Ինձ համար սյուժեն սկզբում աբսուրդ էր, որովհետեւ չէի պատկերացնում, թե ինքս ոնց կարող եմ երկու կին ունենալ ու գաղտնի հանդիպել նրանց հետ: Նկարահանման ընթացքում հետաքրքիր ու ծիծաղելի այնքան դեպքեր են եղել, որոնք եթե ֆիքսվեին, կարելի էր երկու կոմեդիա էլ նկարել”:

Դերասան Կարեն Մկրտչյանը


Վարորդի առաջին կնոջ կերպարը մարմնավորում է “Թատրոն 8” թատերախմբի հիմնադիր-անդամ, դերասանուհի Ժաննա Հովակիմյանը, որի համար եւս սա առաջին գլխավոր դերն է գեղարվեստական ֆիլմում.“Սիրով եմ նկարվել: Դերասաններից ոմանք իմ ընկերներն են, իսկ ռեժիսորի հետ առաջին անգամ էի աշխատում: Այսօր բոլորի նման որպես հանդիսատես նայեցի ու բարձր տրամադրություն ունեմ: Չեմ ուզում մեր աշխատանքն անհամեստորեն գովել, գեղեցիկ կլինի, որ դիտողն ասի առավելություններն ու թերությունները”:

Դերասանուհի Ժաննա Հովակիմյանը դստեր հետ


Երկրորդ կնոջ դերակատար Սաթենիկ Հազարյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում բացել է որոշ փակագծեր եւ պատմել` ըստ նախնական սցենարի` իր կերպարն ընկերուհու հարսանիքին հարբում է, մնում լիմուզինի մեջ ու ծանոթանում իր ապագա ամուսնու` Հովհաննեսի հետ, որին էլ ամուսնության առաջարկ է անում. “Այդ տեսարանը ֆիլմից հանված է. սյուժեն այլ կերպ է զարգանում: Լիլիթն ամուսնանում է արդեն ամուսնացած տղամարդու հետ` չիմանալով դրա մասին: Տեսարանների մեծ մասը տանն ենք նկարահանվել, դրսի հատվածներն ավելի քիչ են”:

“Վազիր կնոջդ մոտ” ֆիլմի կադրերից


Նախքան պրեմիերան Սաթենիկը հասցրել էր մեկ անգամ դիտել ֆիլմի վերջնական տարբերակը, արդյունքից գոհ է. “Քանի որ շատ անհամբեր էի, միակ դերասանուհին էի, որ գիշերվա ժամը երկուսին տեխնիկական անձնակազմի հետ դիտեցի: Կա հումոր ու գրոտեսկ, որը կարծում եմ` հանդիսատեսը կհավանի”:

Նշենք, որ “Վազիր կնոջդ մոտ” կինոկատակերգության երաժշտության հեղինակը ՀՏ Հայկոն է: Ֆիլմի սաունդտրեքն ու թրեյլերը ներկայացնում ենք ստորեւ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW