Վրացի հայտնի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 9-ին ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առջեւ: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախ ցուցադրվեց նրան նվիրված տեսանյութ, որից հետո ջերմ ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ սիրված արտիստը:
Վախթանգ Կիկաբիձեի երեւանյան համերգին
“Ես 75 տարեկան եմ եւ բազմաթիվ մեդալների եմ արժանացել, իսկ այսօր ստացա Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալը: Այն իր ուրույն տեղը կգտնի մյուս մրցանակներիս եւ մեդալներիս շարքում, որովհետեւ խորհրդանշում է մեր ժողովուրդների բարեկամությունը’’. ահա այս խոսքերով նա ողջունեց ներկաներին:
Յուրաքանչյուր երգից առաջ Կիկաբիձեն ուրույն կերպով ներկայացնում էր ստեղծագործության նախապատմությունն` ամեն անգամ արժանանալով հանդիսատեսի ջերմ արձագանքին: Մոտ 3 ժամ տեւած համերգին նա կատարեց հայտնի եւ սիրված գործեր սեփական, նաեւ Վիսոցկու, Օկուջավայի եւ այլ արտիստների երգացանկից:
Վախթանգ Կիկաբիձեի երեւանյան համերգին
Երեկոյի ընթացքում արտիստը մի քանի անակնկալ մատուցեց. նախ հնչեցրեց “Ով, սիրուն, սիրուն’’ երգը, հետո էլ մի պատմություն պատմեց.“20 տարի առաջ Երեւանում համերգիցս հետո մի մարդ մոտեցավ եւ ինձ հրավիրեց իր տուն: Չէի ճանաչում, բայց հասկացա` պետք է գնամ: Սեղան գցեցին, ինքն էր, կինը, զոքանչը եւ երաժիշտներիցս մեկը: Խոսեցինք, կատակեցինք, հետո ասաց` “Ուզում եք, չէ՞, նվագեմ ձեզ համար”, ու սկսեց նվագել: Հասկացա` ջութակահար Կարո Հայրապետյանն է, ում ստեղծագործություններն անդադար լսում էի: Նա իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է եղել…”: Կիկաբիձեի կատարմամբ Կարո Հայրապետյանի ստեղծագործությունների պոպուրին երկրորդ անակնկալն էր:
Մեծ էկրանին ցուցադրվեցին դրվագներ հանրահայտ “Միմինո’’ ֆիլմից, եւ հնչեց “Չիտո-գրիտո”-ն: Վախթանգ Կիկաբիձեն, իհարկե, կատարեց նաեւ “Իմ տարիներն իմ հարստությունն են” երգը, Ալեքսեյ Հեքիմյանի եւ Ռասուլ Գամզատովի հեղինակած “Մաղթանք”-ն էլ երգեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խնդրանքով: Երկու կատարմամբ հանդիսատեսին ներկայացավ նաեւ երգչի զարմուհի Լիզա Բագրատիոնին:
Վախթանգ Կիկաբիձեի երեւանյան համերգին
Մոտենում էր ժամը 22:00-ը, հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր արտիստին, թվում էր` համերգն ավարտվում է, բայց Վախթանգ Կիկաբիձեն հարցրեց` “Էլի ե՞ք ուզում”, եւ բուռն ծափահարությունների ներքո շարունակեց երգել:
Համերգի կազմակերպիչն էր “Մեցցո Պրոդաքշն’’ ընկերությունը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: