Վահագն Գալստյանը 39-ամյակը նշել է Անապայում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է` հաճախ է պատահել, որ ծննդյան օրն արտերկրում է եղել.«Նախորդ տարի, երբ օդանավակայանի աշխատակիցը մուտքի վիզան էր խփում, նկատեց, որ ժամը 12-ն է, ու շնորհավորեց ինձ: 2015-ին էլ Վրաստանից վերադառնալիս դարձյալ կեսգիշերին հատեցի Հայաստանի սահմանը:)»:
Վահագն Գալստյանը` կնոջ հետ
Դերասանի փոխանցմամբ` առաջին բարեմաղթաները լսել է Ավստրալիայում եւ Միացյալ Նահանգներում ապրող ընկերներից, որին հաջորդել է կնոջ ու երեխաների շնորհավորանքը.«Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ տոնական ուրախ երեկո եմ ունեցել: Քեռակինս ու եղբորս կինն ինձ հաճելի անակնակալ մատուցեցին. խնջույք էին կազմակերպել՝ հրավիրելով այստեղ ապրող մեր հարազատներին: Ինձ համար շատ թանկ մարդկանց միջավայրում հաճելի ժամանակ անցկացրի: Իմ ձեռքով խորոված էի պատրաստել:)»:
Խոսելով տպավորիչ նվերներից՝ Վահագնը մտաբերել է.«Շատ-շատ են հետաքրքիր նվերները, բայց այս պահին կառանձնացնեմ երկուսը՝ ոսկե գրիչն ու աղամանը: Աղամանի պատմությունը շատ հետաքրքիր է. նվիրողին հարցրի, թե ինչու հենց աղաման, պատասխանեց` «Որ համուհոտդ երբեք չկորցնես:)»: Շատ եմ կարեւորում նվերի պիտանի լինելը: Կզարմանաք, բայց մինչ օրս 1998 թվականին նվեր ստացած վերնաշապիկ ունեմ պահած: Այն ինձ համար շատ կարեւոր է»:
Վահագն Գալստյանի երեխաները
Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներից եւ սիթքոմներից, առժամանակ կբացակայի էկրաններից.«Նոր մի շարք նախագծերում ընդգրկվելու առաջարկներ ունեի, բայց երկրում չլինելս խանգարեց բանակցություններին: Անկեղծ ասած` մի փոքր հոգնել եմ ներկայիս սերիալների սցենարներից, ոչ մի նոր բան ոլորտում չի արվում, ինձ կերպարներ են առաջարկում, որ ես դեռ տարիներ առաջ եմ մարմնավորել: Նոր ու տարբերվող բան եմ ուզում, որ նորովի ներկայանամ հեռուստադիտողին: Հոգնել եմ այսօրվա լաց ու կոծից, «բոյեւիկ» տեսարաններից, գողական կերպարներից: Դեմ չեմ սերիալներին, բայց մակարդակով սերիալներ եմ ուզում»,- ասել է նա:
Ի դեպ, Վահագնի դուստրը շարունակում է ծնողների ուղին: Լիլին նկարահանվում է ATV-ի «Եթե գտնեմ քեզ» սերիալում.«Չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ: Երբեք չեմ միջամտել երեխաներիս որոշումներին: Չեմ փորձի նրանց համար ճանապարհ հարթել, ուզում եմ` բոլոր խոչընդոտներն ինքնուրույն հաղթահարեն, որ գնահատեն հաջողության համը»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահագն Գալստյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: