“Արամ Խաչատրյան” համերգասրահում հոկտեմբերի 31-ին եզրափակվել է դասական երաժշտության Վերադարձի 6-րդ փառատոնը` Իսրայելում բնակվող դաշնակահարներ Վահագն Պապյանի եւ Բորիս Գիլտբուրգի համերգով:
Դաշնակահար Վահագն Պապյանը
Վահագն Պապյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել է, որ երեկոն նվիրում է իր մոր` դաշնակահար, վաստակավոր արտիստ Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին: Այդ առիթով համերգը սկսվել է նրա թոռնուհու` Նարե Պապյանի ելույթով:
Դասական համերգային ծրագրի առաջին հատվածում դաշնակահարները միմյանց հաջորդելով նվագել են Բեթհովենի, Ռախմանինովի, Շոպենի եւ Լիստի ստեղծագործությունները, իսկ երկրորդ հատվածում արդեն միասին հանդես են եկել դաշնամուրային զուգանվագով. Մոցարտի ու Ռավելի գործերը նվագելուց հետո առաջին անգամ կատարել են ջազային “Ֆանտազիա”` Չիկ Կորեայի թեմայով: Դաշնակահարներին իր հարվածային գործիքներով միացել է Գեւորգ Հարությունյանը:
Համերգը բացել է Նարե Պապայանը
BRAVO.am-ի հետ զրույցում Վահագն Պապյանը նշել է, որ համերգային ծրագիրը կազմելիս միասին համաձայնեցնում են եւ ընտրում տարբեր կոմպոզիտորների գործեր. “Բորիսին ճանաչում եմ արդեն 16 տարի, նա բազմատաղանդ երեխա էր, հիմա փորձառու երաժիշտ` շատ լարված համերգային գրաֆիկով: Ցավոք, շուտ պետք է մեկնենք, երկուսս էլ արտերկրում համերգներ ունենք”:
Բորիս Գիլտբուրգն առաջին անգամ է այցելել Հայաստան եւ ժամանակի սղության պատճառով չի հասցրել շրջել այստեղ: Ծննդով Մոսկվայից 28-ամյա դաշնակահարը վաղ հասակից բնակվում է Թել Ավիվում, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, նվագել է հեղինակավոր նվագախմբերի հետ: Դաշնակահարն ունի մի շարք ձայնագրություններ, որոնցից է` “EMI” ձայնագրման ընկերության կողմից թողարկված ձայնասկավառակը:
Դաշնակահար Բորիս Գիլտբուրգը
Վահագն Պապյանը 3 տարի եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա համերգային շրջագայություններով ելույթ է ունեցել Իսպանիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արեւելքում եւ այլուր:
Նշենք, որ Վերադարձի փառատոնի կազմակերպիչներն են “Արվեստների պատկերասրահ” մշակութային հիմնադրամը` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր հովանավորությամբ:
BRAVO.am-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: