×


Վարդուհի Ալեքսանյան. “Գեղեցիկ, բայց եւ բարդ է եղել իմ կյանքը”

Պարուհի, հաղորդավարուհի, դասախոս Վարդուհի Ալեքսանյանը BRAVO.am-ին պատմել է իր մանկության, հաղթանակի, “Շանթ” հեռուստաընկերությունում աշխատանքի, իրականանալու հատկություն ունեցող ցանկությունների մասին եւ ոչ միայն:):

Վարդուհի Ալեքսանյանը


Եթե պարի չգնայի… չէ, պարի կգնայի :): Այն ինձ համար կենսակերպ է: Սիրում եմ նաեւ հոգեբանություն ուսումնասիրել, գուցե եւ այս մասնագիտությունն ընտրեի:

Երեւի, մորեղբորս գենն է ինձ փոխանցվել. նա մինչ այսօր շատ լավ պարում է:

Մանկության հուշերս շատ վառ են: Միշտ ինձ պարուհի եմ երեւակայել:):  Մայրիկիս շպարի պարագաներն էի օգտագործում, բարձրակրունկն էի հագնում ու ընտանիքիս անդամների առջեւ ելույթ ունենում: Նրանք են իմ առաջին հանդիսատեսը:

Վարդուհի Ալեքսանյանը


Ճարպիկ երեխա եմ եղել: Մանկապարտեզն ինձ համար ձանձրալի վայր էր, այդ իսկ պատճառով չեմ հաճախել:):

Ինչ հիշում եմ ինձ` պարում եմ:):  Իսկ 11 տարեկանից արդեն հաճախել եմ “Matador” պարային ակումբ:

2006-ին Սպորտային պարերի Արեւելյան Եվրոպայի բաց առաջնությունում զույգիս` Գեորգի Բաբայանի հետ գրավեցինք 3-րդ տեղը: Բավական պատասխանատու պահ էր մեզ համար: Պարապում էինք շատ դաժան պայմաններում: Վերապատրաստվել էինք միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մոտ: Իսկ ստանալով բարձր գնահատական`  հասկացանք, որ միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է լավ արդյունքի հասնել:

Վարդուհի Ալեքսանյանը եւ Դինա Ավետիսյանը


Հաղթանակն ինձ պարգեւեց պատվո հարթակին հայկական դրոշը բարձրացնելու, մեր օրհներգը լսելու աննկարագրելի հաճույք:  Բացի այդ, ձեռք բերվածը պահպանելու մեծ պատասխանատվություն տվեց:

Արդեն 1 տարի է` վարում եմ “Առավոտը Շանթում” հեռուստահաղորդումը: Սկզբնական շրջանում շատ բարդ էր: Ասում էի` երանի 10 պար պարեմ կամ ժյուրի լինեմ, քան հաղորդում վարեմ: Ինձ վրա աշխատելով` աստիճանաբար հարմարվեցի:

Առաջին օրն ուղիղ եթերի ժամանակ ասացի.“Վա~յ, սխալ ասացի, կլինի՞  կրկնեմ”, իսկ երկրորդ օրը գործընկերս` Սերգեյ Դանիելյանը,  աշխատանքի չեկավ, եւ ես ստիպված ողջ հաղորդումը միայնակ վարեցի:):

Երբ հիշում եմ այս ամենը, հասկանում եմ` ամեն ինչ կարող եմ հաղթահարել: Մասնագիտական կրթության բացակայությունը խոչընդոտ չհանդիսացավ: Դասախոսություններ կարդալն ու ժյուրի դերում հանդես գալն, իհարկե, օգնել են դիպուկ ու վարժ խոսելուս: Իսկ վերապատրաստվելով Սուսաննա Ալեքսանյանի մոտ` հաղորդավարուհու աշխատանքն ավելի հեշտ ու հաճելի դարձավ ինձ համար:

Գոհար Գասպարյանը եւ Վարդուհի Ալեքսանյանը


Դասավանդում եմ նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:  Այս տարի կդառնամ մանկավարժական գիտությունների թեկնածու: Ատենախոսությունս “Ֆիզիկական պատրաստվածության մեթոդիկան սպորտային պարերում” թեմայով է:

Այս տարի լույս է տեսել “Պատանի պարողների պատրաստության մեթոդիկան” ուսումնական ձեռնարկը, որի հեղինակը ես եմ:

Աշխատում եմ նաեւ “Պարահանդես” նախագծում:  Շուտով եզրափակիչ փուլն է լինելու:

Վարդուհի Ալեքսանյանը եւ Գոհար Գասպարյանը


“Պարիր, թե կարող ես” նախագիծն էլ ապացուցեց, որ մենք ունենք հիանալի պարուսույցներ եւ պարողներ, ովքեր կարող են փայլել միջազգային ասպարեզում: “Պարիր, թե կարող ես 2”-ի հաղթող Փոլ Կարմիրյանն այս տարի մասնակցում է նախագծի ամերիկյան տարբերակին եւ  20 լավագույնների մեջ է: Դա մեծ պատիվ է մեզ համար:

Շատ ընկերներ ունեմ հայկական շոու բիզնեսից, սակայն նրանց հետ քիչ եմ շփվում ժամանակի սղության պատճառով: Հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանն ու Դինա Ավետիսյանն իմ ամենամտերիմ ընկերուհիներն են:

Տղամարդու մեջ կարեւորում եմ աշխատասիրությունը, արժանապատվությունն ու կայունությունը: Նա զավակների համար պետք է իդեալ դառնա:

Սամբա պարում “Roll” կոչվող շարժում կա, որը շատ գեղեցիկ է, բայց միեւնույն ժամանակ`  բավական բարդ: Միայն տարիների փորձը կարող է այդ շարժման որակն ապահովել: Այդպես գեղեցիկ, բայց եւ բարդ է եղել իմ կյանքը:):

Վարդուհի Ալեքսանյանը


Ուզում եմ աչքերով միշտ ժպտալ, ինչպես հիմա:

Տխրում եմ, երբ հեռու եմ լինում ընտանիքիցս:

Ամենամեծ ձեռքբերումս կլինի օրինակելի ընտանիք կազմելը:

Միշտ ձգտում եմ կատարյալին:    

Միշտ վախենում եմ իմ ցանկություններից, դրանք հաճախ են իրականանում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վարդուհի Ալեքսանյանի անձնական արխիվից եւ "Շանթ TV"-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW