×


\"Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը”

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում օրերս տեղի է ունեցել կատակերգության պրեմիերա, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը: Ռեյ Կունիի “Out of Order” պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը կոչվում է “Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ … դիակը”:

Լիդիա Գրիգորյանը եւ Արթուր Ութմազյանը


Երկու գործողությամբ կատակերգության դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյանը, Լիդիա Գրիգորյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Նաիրա Շահիրյանը, Նարինե Պետրոսյանը, Կարեն Միրիջանյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Լեւոնյանը:

"Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը” ներկայացման պրեմիերային


Բեմադրության հեղինակը դերասան Գրիգոր Խաչատրյանն է, որն արդեն հինգերորդ անգամ է հանդես գալիս որպես բեմադրիչ, իսկ կատակերգության վրա աշխատել է առաջին անգամ.“Չեմ հասկանում այն, ինչ այսօր կոմեդիա են անվանում: Այս ներկայացումը ենթատեքստի վրա է կառուցված. ես հիմնվել եմ իմ կրթության եւ ճաշակի վրա”:

“Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը” ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը


Խոսելով դերասանական կազմի ընտրությունից եւ դերաբաշխումից` Գրիգոր Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հետեւյալը. “Ներկայացման գլխավոր դերակատարը Արթուր Ութմազյանն է, որը 40 տարվա ընթացքում կոմեդիայի ժանրում հանդես չի եկել. հանդիսատեսը սովոր է տեսնել նրան լուրջ եւ լիրիկական ժանրում: Նա խելացի դերասան է, բեմում գլխավոր դերում նրա ինտելեկտն է: Խելքով կոմեդիա խաղալն ինձ համար ընդունելի է”:

“Ի ուրախություն մեզ, Գրիգորի հետ համագործակցությունը շատ հանգիստ ու հասկանալի էր բոլորիս համար: Նա ինձ նոր շունչ տվեց, հուսով եմ` ես նույնպես կարողացա նոր բան փոխանցել նրան: Գրիգորին այլեւս երիտասարդ ռեժիսոր չեմ համարում: Նրա հետ բեմում բազմիցս հանդիպել ենք”,-նշել է դերասան Արթուր Ութմազյանը:

"Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը” ներկայացման պրեմիերային


“Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ … դիակը” ներկայացման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են երկու ամիս սեղանի շուրջ մտորումներից ու քննարկումներից, հունվարից էլ սկսել են փորձերը. “36 փորձից հետո պրեմիերան պատրաստ էր: Աշխատանքները հարթ ու սահուն են անցել` սիրո եւ ընկերության մթնոլորտում, քանի որ թատրոնի “բնակիչները” մի մեծ ընտանիքի անդամներ են”:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Լեւոնյանը


Փորձերի ընթացքը կարեւորել է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը. “Այդ ժամանակ է գծվում ներկայացման հիմնական շրջանակը, անվերջանալի են լինում իմպրովիզները: Հանդիսատեսի առջեւ իմպրովիզները եւս ընդունելի են, բայց` նախատեսված շրջանակում”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW