«X Factor» հեռուստաշոուի հաղթող Վրեժ Կիրակոսյանը երկար դադարից հետո պատրաստվում էր մայիսի 1-ին նախատեսված իր առաջին մենահամերգին, բայց ինչպես հայտնել է BRAVO.am-ին, այն հետաձգել է, քանի որ Արցախում տիրող պատերազմական իրավիճակը շարունակվում է.«Տրամադրություն չունենք, իսկապես դրա ժամանակը չէ, հայ զինծառայողների մահվան քառասուն օրը դեռ չի անցել, նոր զոհեր կան։ Համերգը կկայանա ավելի ուշ, երբ խաղաղ իրավիճակ կլինի»։
Վրեժ Կիրակոսյանը
Նեոդասական ոճում հանդես եկող երգիչը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենն է եւ հաճախ ուսանողներին ուղեկցում է միջազգային մրցույթների։ Երգիչն այս օրերին Վրաստանում է, որտեղ քոլեջի սաները մասնակցում են «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային երաժշտական մրցույթին, իսկ մայիսին Լեհաստան կմեկնի որպես պատվիրակության ղեկավար եւ ժյուրիի անդամ. «Մրցույթների ժամկետները չենք կարող հետաձգել, այդ պատճառով մեր սաները մասնակցում են։ Իմ մասնագիտական կարողությունների սահմանում նրանց օգնում եմ, որ լավ ներկայանան։ Կարծում եմ՝ երգիչների համար մրցույթները կարեւոր են, անկախ նրանից, թե քանի տարի ես երգում եւ որքանով ես կայացել: Կան դասական վոկալի մրցույթներ, որոնք ուսումնասիրում եմ ինքս մասնակցելու նպատակով»։
Վրեժ Կիրակոսյանը` կնոջ հետ
2015-ի օգոստոսին ամուսնացած Վրեժ Կիրակոսյանը շուտով հայր կդառնա։ Ինչպես պատմել է ապագա հայրիկը, սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն, բայց նաեւ աչքաթող չի անում աշխատանքը.«Մեծ նպատակներ ունեմ, ուզում եմ հաճախ հանդես գալ մենահամերգներով, բայց ժամանակից առաջ չընկնեմ. ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր քո ծրագրերի մասին։ Այժմ միայն խաղաղություն ենք ուզում մեր ազգի համար: Ես ծառայել եմ Կապանում, գիտակցում եմ՝ ինչ իրավիճակ է հիմա։ Յուրաքանչյուր զինվորի մահը բոլորիս ցավն է, յուրաքանչյուր տղա իր ընտանիքի հույսն ու ճրագն է»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Վրեժ Կիրակոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: