×


Վրեժ Քասունի.«Աշխարհի լավագույն անիմատորներից մեկը կժամանի Երեւան»

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երեւանը հագեցած է լինելու անիմացիոն անցուդարձով։ «ՌեԱնիմանիա» միջազգային 8-րդ փառատոնը մեր մայրաքաղաքում կհյուրընկալի փորձառու անիմատորներ Միացյալ Նահանգներից, եվրոպական ու  ասիական երկրներից։


Այս տարի առաջին անգամ «Indiegogo» համաֆինանսավորման հարթակում փառատոնի համար կազմակերպվել է հանրային դրամահավաք։ «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին BRAVO.am-ին հայտնել է, որ մի շարք ծրագրերի իրականացման հարցում աջակցության կարիք ունեն.«Այս կերպ արտերկրում ապրող մարդիկ գումար են փոխանցում, որն առաջին հերթին կծախսվի մասնագետների հյուրընկալության համար, որոնք ամեն տարի անվճար վարպետության դասընթացներ են անցկացնում։ Նաեւ ցանկանում ենք Հայաստանը դարձնել անիմացիայի շուկայի «աութսորսինգի» կենտրոն՝ նկատի ունենալով մեր միջազգային կապերն ու աշխարհագրական դիրքը։ Անիմացիայի միջազգային ներկայացուցիչները կկարողանան ներգրավել հայ մասնագետներին։ Կվերականգնենք փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց արտադրանքը»։

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին


Վրեժ Քասունու փոխանցմամբ՝ նպատակ ունեն հաջորդ տարի Արցախում՝ Ստեփանակերտում ու Շուշիում, հիմնել անիմացիոն փառատոն.«Դա իմ երազանքն է: Հավանաբար, կանվանենք «Ռեանիմանիա+»։ Երեւանի փառատոնից անմիջապես հետո կսկսենք աշխատանքները. միջազգային հյուրերին պետք է ներկայացնենք այցի կարեւորությունը: Ինչպես գիտեք, նրանք, այցելելով Արցախ, կհայտնվեն Ադրբեջանի սեւ ցուցակում։ Իհարկե, այս տարիների ընթացքում նրանցից ոմանք այցելել են. մեր միջոցներով համոզել ու տարել ենք, բայց ուղղորդված չի եղել»։

«ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ՝ անցկացնելով վարպետության դասեր ու սեմինարներ։

Վրեժ Քասունու խոսքով՝ տարեցտարի ավելանում է ֆիլմերի հայտերի թիվը.«Եթե 2009-ին ունեինք 350 հայտ 35 երկրից, 2015 թվականին ունեցանք 1250 հայտ 87 երկրից, այս տարի էլ ունենք 2200 դիմում 95 երկրից, ինչը մեծ մեզ համար մեծ հաջողություն է։ Մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրենք ընտրված 450 ֆիլմ։ Անգամ մեծ բյուջեով փառատոններն այդքան հայտ չեն ստանում։ Աշխարհի լավագույն 10 անիմատորներից մեկը կժամանի Երեւան»:

BRAVO.am
Լուսանկարները` «ՌեԱնիմանիա» փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW