×


Տեսնել է պետք. Կարմիր լապտերների փողոց, մարիխուանայով թխուկներ, կամ Հոլանդիան ինչպես կա

Գունեղ վարդակակաչներ, հեքիաթային հողմաղացներ, փայտե մաշիկներ, մարիխունա, կարմիր լապտերների փողոց․ դե, իհարկե, այս ամենն ասոցացվում է Նիդերլանդների Թագավորության հետ։ Այն համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ երկրներից մեկը, որտեղ տեսնելու եւ անելու շատ բան կա։



Երբ գնալ Նիդերլանդներ

Գրեթե ամբողջ տարվա ընթացքում Նիդերլանդներում օդի խոնավությունը բավականին բարձր է, անձրեւն ու մառախուղն այստեղ հազվադեպ երեւույթներ չեն։ Ճամփորդության համար լավագույն շրջան համարվում են գարունն ու ամռան սկիզբը։ Ամենաշոգ ամիսն օգոստոսն է, երբ սովորաբար հորդառատ անձրեւներ են լինում։ Ամենից հաճախ զբոսաշրջիկները նախընտրում են գարունը, որովհետեւ հենց այդ ամիսներին երկիրը ծաղիկների օվկիանոսի է վերածվում։



Ծաղկառատ Հոլանդիա․ ծաղիկների ամենամյա շքահանդես

Մարտի կեսերից Նիդերլանդների Թագավորությունը, կարճ ասած, Հոլանդիան վերածվում է ծաղիկների ծովի՝ մեկը մյուսի հետեւից բացվում են գունեղ հակինթներն ու նարգիզները, իսկ ապրիլից հայտնվում են երկրի այցեքարտը համարվող չքնաղ վարդակակաչները, որոնք, ի դեպ, Հոլանդիա են բերվել 17-րդ դարում։ Այստեղ է աշխարհի ամենագեղեցիկ ծաղկային այգիներից մեկը՝ Կեկենհոֆը․ 32 հեկտար տարածք զբաղեցնող այգում գարնանն ավելի քան 100 տեսակի վարդակակաչներ են տնկվում, եւ արդեն ապրիլին Կեկենհոֆը հեքիաթային մի վայր է դառնում։ Կեկենհոֆում բացի վարդակակաչներից, նաեւ այլ ծաղկատեսակներ են աճեցվում․ ընդհանուր առմամբ, ամեն տարի տնկվում է գրեթե 7 միլիոն ծաղիկ։ Այգում զբոսանքի համար նախատեսեք անցկացնել մեկ ամբողջ օր կամ գոնե օրվա կեսը, որովհետեւ այստեղ կառուցված են արհեստական լճեր, որոնցում կարող եք նաեւ փոքրիկ մակույկով ռոմանտիկ զբոսանք կատարել, կան բազմաթիվ քանդակներ եւ այլն։



Ի դեպ, ապրիլին ամեն տարի կազմակերպվում է ծաղիկների շքահանդես։ Այս տարի «Bloemencorso Bollenstreek»-ը կանցկացվի ապրիլի 13-ից 14-ը։ Երկու օր շարունակ երկրի տարբեր քաղաքներով անցնող շքերթի ընթացքում կցուցադրվեն ծաղկային յուրօրինակ, ապշեցնող կոմպոզիցիաներ։ Շքերթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են ապրիլի 10-ին՝ Սասենհայմ քաղաքում, այնպես որ, եթե այդ օրերին լինեք Հոլանդիայում, կարող եք այցելել այդ քաղաք եւ հետեւել, թե ինչպես են ծաղիկներից պատրաստում հսկայական մուլտհերոսներ, կենդանիներ եւ այլն։



Ինչպես հասնել Նիդերլանդներ

Երկրի գլխավոր օդային դարպասը մայրաքաղաք Ամստերդամի Սհիպհոլ միջազգային օդանավակայանն է։ Այն սարսափելի մեծ է եւ առանձին քաղաք է հիշեցնում։ Սովորաբար, ամենից մատչելի տարբերակները Մոսկվայով, Կիեւով, Մինսկով կամ Վարշավայով տարանցիկ թռիչքներն են։ Ըստ էության` Ամստերդամից հեշտությամբ կարող եք տեղափոխվել տարբեր քաղաքներ, անգամ հարեւան երկրներ, օրինակ, կարող եք համատեղել դեպի Նիդերլանդներ ճամփորդությունը Բելգիա այցելության հետ։

Չմոռանաք, որ Նիդերլանդների Թագավորությունը շենգենյան գոտում է, այսինքն՝ մեկնելուց առաջ անհրաժեշտ է ստանալ մուտքի արտոնագիր՝ վիզա: Դրա համար դիմում եք Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն:



Խորհուրդ 1․ Մարիխուանան եւ հաշիշը՝ միայն հատուկ քոֆիշոփերում 

Թեպետ սա աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ օրենքով թույլատրելի է թույլ թմրանյութերի օգտագործումը, բայց խստիվ արգելված է ցանկացած տեսակի թմրանյութ երկիր մտցնելը կամ հանելը, օրինազանցներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։ Ինչ վերաբերում է մարիխուանայի ու հաշիշի վաճառքին եւ օգտագործմանը, ապա այն թույլատրված է միայն հատուկ խանութներում եւ քոֆիշոփերում, ընդ որում՝ 1 անձին թույլատրված է միայն մինչեւ 5 գրամ: Ինչ վերաբերում է «հատուկ հավելումներով» թխուկներին, ապա զգույշ եղեք չափը չանցնելու հարցում: Հոլանդական մարիխուանան եւ հաշիշը բավականին ուժեղ ազդեցություն ունեն, որը կարող է մի քիչ ուշ արտահայտվել: Այնպես որ, 1 ժամ սպասեք մինչեւ հավելյալ չափաբաժին պատվիրելը: Իսկ եթե հանկարծ վատ զգաք, մի վախեցեք, հանգիստ դիմեք հիվանդանոց. Հոլանդիայում բժիշկները սովոր են նման դեպքերին եւ անիմաստ անախորժություններ «ձեր գլխին չեն սարքի»:



Խորհուրդ 2. «Ռոքերները մահանում են երիտասարդ»

Այս երկրում օրինականացված է թույլ թմրանյութերի վաճառքը, բայց եվրոպական հարեւան երկրների օրինակին հետեւելով՝ Հոլանդիայի կառավարությունը պայքարում է ծխելու դեմ: Ծխելն արգելված է հասարակական բոլոր վայրերում, որտեղ ծխողների համար առանձնացված անկյուն կամ սրահ չկա: Եթե հանկարծ փորձեք ծխել, օրինակ, ռեստորանի տերասայում, եւ «ձեզ բռնացնեն», կտուգանվեք ոչ միայն դուք, այլեւ ռեստորանատերը: Իսկ երբ գնեք բավականին թանկ արժեցող ծխախոտ, ապա տուփի վրա կկարդաք՝ «ռոքերները մահանում են երիտասարդ». հոլանդերեն «ռոքեր» նշանակում է ծխող:


Խորհուրդ 3.Կեր, խմիր, քեֆ արա, բայց հատկապես խմելիս զգույշ եղիր, որպեսզի «բաժնում» չհայտնվես

Իր ընձեռած մի շարք ազատություններով աչքի ընկնող այս երկրում բավականին խիստ կանոններ են ալկոհոլի օգտագործման հարցում: Եթե հանկարծ հասարակական վայրում խմած հայտնվեք, եւ «փոլիսը» մոտակայքում լինի, ապա ձեզ պարզապես ոստիկանական բաժին կտանեն: Մտքներովդ չանցնի փողոցով քայլելիս խմել, անգամ գարեջուր. կտուգանվեք՝ գարեջուրի դեպքում մոտ 20 եվրո, իսկ ավելի թունդ ալկոհոլային խմիչքի դեպքում՝ գրեթե 100 եվրո:

Խորհուրդ 4․ բնական մորթուց կամ կաշվից հագուստը թողեք հայրենիքում

Նիդերլանդներում շատ են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները․ սեփական անվտանգության համար ավելի լավ է չկրել բնական մորթուց կամ կաշվից հագուստ։



Խորհուրդ 5. Սեքս ինդուստրիա. նկարելն արգելվում է


Եթե Ամստերդամում ես, ապա գոնե հետաքրքրության համար արժե այցելել հայտնի Կարմիր լապտերների փողոց. այն, իհարկե, փողոց չէ, այլ մի ամբողջ թաղամաս, բայց դիտարժան է ոչ միայն ներկայիս «բովանդակության» համար, այլեւ նրա շնորհիվ, որ քաղաքի ամենահին թաղամասերից մեկն է: Այստեղ աշխարհի ամենահին մասնագիտությունը ներկայացնող կանայք ցուցափեղկերից «գովազդում» են իրենց, աչքերով եւ ժեստերով «կանչում» անցորդին: Եթե ցուցափեղկի վարագույրը փակված է, նշանակում է՝ «Աղջիկը զբաղված է»: Այս թաղամասում է Էրոտիկայի թանգարանը, որի ցուցադրության մասին պատմելը 21+ է: Ի դեպ, աղջիկներին լուսանկարելն արգելված է, այնպես որ, եթե անախորժություններ չեք ցանկանում, պարզապես զսպեք ձեր գայթակղությունը:

Ու քանի որ արդեն զինված եք անհրաժեշտ խորհուրդներով` ինչպես խուսափել անախորժություններից, մի քանի խորհուրդ, թե ուր գնալ եւ ինչ տեսնել, եթե Նիդերլանդների Թագավորությունում եք:


Must see 1: Երկրի բացահայտումը սկսեք մայրաքաղաք Ամստերդամից, որի ամենազբոսաշրջային թաղամասը «Սենտրե»-ն է՝ կենտրոնը՝ կազմված եւ Հին, եւ Նոր քաղաքներից, որի կենտրոնական Դամ հրապարակում են Թագավորական պալատն ու Մադամ Թյուսոյի թանգարանը: Թաղամասը շրջապատում է «ջրանցքների գոտին»` նավակներով ու կամուրջներով:


Must see 2: Ամստերդամը թանգարանների քաղաք է. ձեր ճամփորդության ընթացքում, բնականաբար, բոլորն այցելել չեք հասցնի, բայց կա պարտադիր ցանկը, առանց որը լրացնելու մեղք է քաղաքից հեռանալը՝ առաջին հերթին Վան Գոգի եւ Ռեմբրանտի թանգարաններ, որոնցում պահվում են նկարիչների գլուխգործոցներից:


Must see 3: Որքան իր «ազատություններով» հայտնի է Ամստերդամը, նույնքան խստությամբ՝ Հաագան՝ Նիդերլանդների նախկին մայրաքաղաքը: Ընդունված է ասել, որ այստեղ որոշվում է Եվրոպայի ճակատագիրը: Հաագա շատ հեշտ է հասնել Ամստերդամից, հեռավորությունը 60 կմ է, գնացքը ձեզ տեղ կհասցնի մոտ 40 րոպեում: Հաագայում շատ տեսնելու բան կա, բայց ամենակարեւորը՝ այցելեք Մադուրոդամ՝ թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված է երկրի մանրակերտը՝ այստեղ եւ Ռոտերդամն է, եւ հողմաղացները, եւ վարդակակաչների անծայրածիր դաշտերը:


Must see 4: Իր ճարտարապետությամբ եւ տեսքով թերեւս եվրոպական գրեթե բոլոր քաղաքներից վիզուալ տարբերվում է Ռոտերդամը: Պատճառն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրեթե հողին է հավասարեցվել: Ավերված շինությունների տեղում կառուցվել են ժամանակակից շենքեր. հիմա Ռոտերդամն ավելի շատ Մանհեթեն է հիշեցնում: Այստեղ է Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը, որը նաեւ համարվում է աշխարհում լավագույններից մեկը:



Ինչ տեսնել, ինչ անել Նիդերլանդների Թագավորությունում. կարելի է երկար ու անվերջ պատմել: Ավելի լավ է գնալ եւ տեսնել: Չմոռանաք նկարվել հեքիաթային հողմաղացների մոտ եւ վարդակակաչների դաշտում, իսկ վերադառնալիս ձեզ հետ հայրենիք բերել հոլանդական հայտնի պանրատեսակներ, ճենապակուց հուշանվերներ: BRAVO-ն մաղթում է թեթեւ թռիչք եւ հաճելի տպավորություններով լի ճամփորդություն:

Պատրաստեց Մարիաննա Փայտյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին