×


Տիգրան Biface Լորսաբյան. “Հայաստանում դեռ չեմ փորձել որեւէ մեկին մերկացնել”

Այս շրջանում Գերմանիայում բնակվող լուսանկարիչ Տիգրան Biface Լորսաբյանը վերջերս իրեն փորձել է “Nude Art”-ում: Մերկ բնորդուհիների եւ այն մասին, թե հատկապես ինչն է իրեն գրավել այս ոճում, լուսանկարիչը պատմել է BRAVO.am-ի “Sex &…” բաժնի համար նախատեսված հարցազրույցում:

Լուսանկարիչ Տիգրան Biface Լորսաբյանը


“Երբ հնարավորություն կա մարդուն պատկերել առանց ավելորդությունների”

Ինձ փորձում եմ ամենատարբեր ոճերում: Փնտրտուքների մեջ եմ. ուզում եմ գտնել այն, ինչն ինձ հոգեկան հանգստություն կպարգեւի եւ ինչի միջոցով կկարողանամ իմ ներաշխարհն ու տրամադրությունը հաղորդել աշխատանքներս դիտորդին: Բոլորովին վերջերս հայտնաբերել եմ ինձ բավական հոգեհարազատ “Nude Art”-ը: Այս ոճում ինձ հատկապես գրավում է այն, որ հնարավորություն կա մարդուն պատկերել առանց ավելորդությունների` հենց այնպես, ինչպես կա:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


“Կինը կարող է լինել  ամբողջությամբ մերկ, բայց շատ նուրբ ու ոչ գռեհիկ”

Գեղեցկության, սեքսուալության ու գռեհկության միջեւ ընկած նուրբ սահմանը տեսնելու համար հարկավոր է ճաշակ, սթափ միտք եւ կամքի ուժ, որպեսզի ի վիճակի լինես զերծ մնալ գայթակղություններից: Այս ամենին գումարվում է նաեւ արվեստագետին բնորոշ արարելու ունակությունները եւ, իհարկե, մոդելի պահվածքը. կինը կարող է լինել ամբողջությամբ մերկ, բայց նուրբ եւ ոչ գռեհիկ, եւ հակառակը` լինել հագուստով, բայց բավական գռեհիկ:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


“Կինն ու արվեստը լրացնում ու հարստացնում են միմյանց”

Ֆոտոշարքերիցս մեկը գեղանկարչական գործընթացի արդյունք է, մյուսը` լուսանկարչական, բայց իրականում դրանց մեջ առանձնակի տարբերություն չկա, քանի որ նպատակը մեկն է եղել` առավելագույնս ցույց տալ կնոջ գեղեցկությունը: Միակ տարբերությունը միջավայրն է. ինձ առավել հոգեհարազատ էր արվեստանոցի միջավայրը, քանի որ կինն ու արվեստը միմյանց լրացնում ու հարստացնում են:

“Հեշտ է գտնել  մոդելների, որոնք պատրաստ են մերկանալ հանուն գեղեցիկի ու արվեստի”


Հայաստանում դեռ չեմ փորձել որեւէ մեկին մերկացնել, բայց ինչ վերաբերում է Գերմանիայում ծավալած իմ գործունեությանն ու “Nude Art” ոճի մոդելներ գտնելուն, ապա այստեղ դա շատ հեշտ է: Գոյություն ունեն հատուկ կայքեր` նախատեսված մոդելների ու լուսանկարիչների համար, որտեղից էլ քո նախընտրելի քաղաքում կարող ես հեշտությամբ գտնել մոդելների, որոնք պատրաստ են հանուն գեղեցիկի ու արվեստի մերկանալ: Իհարկե, նման կայքերը միայն լուրջ փոխհամագործակցություն սկսելու միջոց են ծառայում, դրանք ծանոթությունների համար չեն:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


“Մինչեւ չվերապրես այն, ինչ նրանք են վերապրում”

Կարծում եմ` մոդելները տեսախցիկի առջեւ մերկանում են, քանի որ ցանկանում են բացառիկ լինել, երեւալ մեկ այլ տեսանկյունից: Սակայն երբեք չես իմանա, թե հատկապես ինչու են ուզում մերկանալ, մինչեւ չվերապրես այն, ինչ նրանք են վերապրում:

“Կաշկանդվածությունն ազգային պատկանելության խնդիր չէ”


Մոդելի կաշկանդվածությունը ոչ մի կապ չունի ազգային պատկանելության հետ, այլ պայմանավորված է փորձառությամբ: Պրոֆեսիոնալներն իրենց պահում են առանց բարդույթների, այնպես, կարծես` իրենց մաշկն իրենց հագուստը լինի:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


“Լուսանկարչության հանդեպ գայթակղությունը պետք է գերազանցի ցանկացած այլ գայթակղության”


Եթե մարդու մեջ լուսանկարչության հանդեպ գայթակղությունն ավելի մեծ է, քան որեւէ այլ գայթակղություն, ապա դրանց դիմանալու կամ չդիմանալու ոչ մի խնդիր երբեք չի առաջանա: “Nude Art”-ում էլ լուսանկարիչն անում է իր գործը. տարերքի մեջ է: Եթե որեւէ մեկը չի կարողանում լուսանկարչական գործընթացի մեջ դիմանալ այդ գայթակղություններին, ապա նա պարզապես լուսանկարիչ չէ:

“Հաճույքով կլուսանկարեմ ավանդական հունահռոմեական կամ հայ դյուցազնի կերպար”

Մերկ տղամարդկանց լուսանկարելու պլաններ չունեմ, բայց, իհարկե, նոր ինչ-որ բան փորձելու ցանկությունը միշտ էլ առկա է: Մեծ հաճույքով կլուսանկարեմ հունահռոմեական կամ հայ դյուցազնի կերպար` շեշտադրելով տղամարդու ուժն ու հզորությունը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW